Սկսվում է Քոչարյանի գործով դատական նիստը. քաղաքացիներին կոչ են անում հավաքվել դատարանի մոտ
Վաղը` սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական առաջին նիստը:
Facebook սոցիալական ցանցում արդեն երկու միջոցառում է տեղադրվել, որոնցում կոչ է արվում քաղաքացիներին լինել դատարանի շենքի մոտ եւ ակտիվորեն մասնակցել ընդդեմ Քոչարյանի ակցիային: Նշվում է, որ Դտարաը քննելու է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դիմումը:
«Հավաքվում ենք Արշակունյաց 24/1 հասցեում գտնվող Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի մոտ ու արտահայտում հայ ժողովրդի միասնական կամքը ․ ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՏԵՂԸ ԲԱՆՏՆ Է։
Արդարությունը պիտի հաղթանակի։ Հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած ոճրագործը ՊԻՏԻ մնա ճաղերի հետևում։
Կարևոր է յուրաքանչյուրի ներկայությունը 1+1+1+1+1+1․․․․․ Եկեք միասին տեր կանգնենք ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆԸ», - ասված է կոչում։
Կոչ է տարածել նաեւ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն, որը հորդորում է լրագրողներին, իրավապաշտպաններին, փաստաբաններին և բոլոր քաղաքացիներին սեպտեմբերի 12-ին ժամը 13։00-ին ներկա գտնվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (Արշակունյաց պողոտա 24/1. Պանթեոնի մոտ) և մասնակցել մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական առաջին նիստին։
Կազմակերպությունը կարևորում է գործի արդար և անկողմնակալ դատաքննությունը և անաչառ լուսաբանումը, ուստի անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը։
Այս ընթացքում ակտիվություն էին ցուցաբերում նաեւ Քոչարյանի կողմնակիցները, նստացույցեր էին անցկացնում դատարանի շենքի մոտ: