ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի եբորորդու՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ խոշոր շորթման հատկանիշներով հարուցված քրեական գործի վերաբերյալ:
Ըստ ՔԿ-ի Նարեկ Կարապետյանը գործարար Վահե Պարազյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև վերջինիս մերձավորների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով շորթել է առանձնապես խոշոր չափերի՝ 5.384.100.000 ՀՀ դրամին համարժեք 10.000.000 եվրո գումար: Հենց այս դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կայացված դատավարական որոշումների վերաբերյալ հրապարակումներն է պարզաբանում ՔԿ-ն:
“Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քաղաքացի Վահե Պարազյանից առերևույթ առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ, հայտնում ենք, որ զանգվածային լրատվության միջոցներով տարբեր անձանց կողմից հնչող հայտարարությունները, թե Նարեկ Կարապետյանին և Տիգրան Ասլանյանին առաջադրված մեղադրանքների հիմքում ընկած է միայն տուժողի ցուցմունքը, իրականությանը չեն համապատասխանում:
Այս առումով անհրաժեշտ ենք համարում փաստել, որ նախաքննության ընթացքում, ի թիվս այլ ապացույցների, ձեռք բերված տեսանյութերով ևս հստակ արտացոլված է Նարեկ Կարապետյանի և Տիգրան Ասլանյանի կողմից տուժող Վահե Պարազյանի նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, ինչը չի հերքվել նաև վերջիններիս մասնակցությամբ կատարված քննչական գործողությունների արդյունքում:
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Նարեկ Կարենի Կարապետյանին և Տիգրան Վլադիմիրի Ասլանյանին մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ խմբի կազմում՝ Նարեկ Կարապետյանը Տիգրան Ասլանյանի և ինքնությունները չպարզված անձանց հետ նախնական համաձայնությամբ, Վահե Պարազյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև վերջինիս մերձավորների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով շորթել է առանձնապես խոշոր չափերի՝ 5.384.100.000 ՀՀ դրամին համարժեք 10.000.000 եվրո գումար:
Այս առումով տարակուսելի է տարբեր անձանց կողմից լրատվամիջոցներով խեղաթյուրված պատկեր ստեղծելու, ակնհայտ մղումով իրականության հետ աղերս չունեցող և մինչև անգամ մտացածին գնահատականներ տալը՝ քրեական գործի շրջանակներում վարույթ իրականացնող մարմնի կողմից կայացված դատավարական որոշումների վերաբերյալ:
Ելնելով վերոգրյալից՝ հորդորում ենք ձեռնպահ մնալ հատվածաբար, համատեքստից կտրված նախաքննական նյութեր հրապարակելու, այդ կերպ իրականությունը խեղաթյուրելու փորձերից”, - ասված է ՔԿ-ի պարզաբանման մեջ:
Ավելի վաղ գործարար Վահե Պարազյանը պատմել էր, որ օրեր առաջ Նարեկ Կարապետյանն իր թիկնապահներով ծեծի է ենթարկել իրեն:
Գործարար Վահե Պարազյանի հայրը՝ Աշոտ Պարազյանը, Սամվել Կարապետյանի հետ ժամանակին աշխատել է Ռուսաստանում, զբաղվել է վերջինիս խոշոր բիզնես-ծրագրերով: Տարիներ առաջ նրանց միջեւ Աշոտ Պարազյանի որդու՝ Վահե Պարազյանի բիզնես գործունեության հետ կապված կոնֆլիկտ է եղել: Այդ ժամանակ թե՛ Վահե Պարազյանի ընկերությունը, թե՛ Կարեն Կարապետյանի ընկերությունը հաճախ մասնակցել են ռուսական «Գազպրոմի» տենդերներին:
Հակասությունների արդյունքում Աշոտ Պարազյանը հրաժարականի դիմում է գրել եւ խզել կապերը «Տաշիր» ընկերության սեփականատիրոջ հետ: Այդ ժամանակից ի վեր երկու ընտանիքների միջեւ սուր հակասությունները միայն խորացել են: Բանը հասել է նրան, որ Պարազյանների ընտանիքը տեղափոխվել է Երեւան՝ հույս ունենալով, որ հատկապես թավշյա հեղափոխությունից հետո Կարապետյանների ազդեցությունը ՀՀ-ում շեշտակի թուլացել է, եւ նրանց ձեռքերն այստեղ չեն հասնի:
Պարազյանների՝ Հայաստան տեղափոխվելուց շուրջ մեկ տարի անց հին հաշվիները սկսել են զգացվել: Օրեր առաջ, Վահե Պարազյանի պնդմամբ, Նարեկ Կարապետյանն իր թիկնապահներով Երեւանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի վրա գտնվող ու Կարապետյաններին պատկանող «Սիզնս» սրճարանում ծեծի է ենթարկել իրեն՝ պահանջելով խոշոր չափի գումար: Կարապետյանները վստահ են, որ Վահե Պարազյանն ու իր հայրը դեռեւս Ռուսաստանում միասին աշխատած ժամանակներից իրենց խոշոր գումար են պարտք, ու փորձում են «ստանալ» այն, բայց դա ձգտում են անել հայրենասիրական փաթեթավորմամբ:
Վահե Պարազյանը մեր հետ զրույցում պատմել էր, որ իրեն վախեցրել ու ասել են, որ գումարը պետք է փոխանցի Սամվել Կարապետյանի կամ նրա հարազատներից մեկի անունով բացված հիմնադրամի հաշվեհամարին, քանի որ Արցախին «գրեֆ են անելու». «Խոսքը մի քանի միլիոն դոլարի մասին է»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Վերջինս ծեծի ենթարկվելուց հետո դիմել է իրավապահներին: