24.11.2024
Նարեկ Կարապետյանին մեղսագրվող արարքն ապացուցվում է նաև տեսանյութերով. ՔԿ-ի պարզաբանումը
prev Նախորդ նորություն

Զարեհ Սինանյանը ՌԴ-ում ապրող հայ ակտիվ երիտասարդներին հրավիրեց սերտ համագործակցության

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր մոսկովյան այցի շրջանակներում հուլիսի 19-ին հանդիպեց «Ռուսաստանի հայերի միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի անդամների հետ: Հանդիպումը տեղի ունեցավ «Նիկոլսկայա» հյուրանոցի հանդիպումների սրահում:


Ինչպես տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, Զարեհ Սինանյանին դիմավորեց եւ այնուհետեւ բացման խոսքով հանդես եկավ ռուսաստանաբնակ գործարար, Մոսկվայի հայկական եւ ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանը: Նա մասնավորապես անդրադարձավ Հայաստան-սփյուռք հարաբերություններում ճիշտ կառուցվածքային մեխանիզմի մշակման կարեւորությանը եւ խոսեց նոր Հայաստանում արդարության վերջնական վերականգնման անհրաժեշտության մասին:


Այնուհետեւ կազմակերպության հիմնադիրները, ներկայանալով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին, ներկայացրեցին ՌՀՄ ստեղծման պատմությունը, հիմնական նպատակները եւ կառուցվածքը, նշելով, որ ՌՀՄ-ն բաղկացած է Ռուսաստանի հայերի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների միավորումից, որն իրենից ներկայացնում է ցանցային կառույց: Այն կոչված է զբաղվելու ՌԴ հայերի խնդիրներով եւ օտար միջավայրում հայերի վարկանիշի բարձրացմամբ: Իրենց առանձին ելույթներում հասարակական կազմակերպության անդամները հանդես եկան մի շարք հետաքրքիր առաջարկներով:


Զարեհ Սինանյանը կարեւորեց ՌԴ-ում ապրող հայ երիտասարդների հասարակական ակտիվ կեցվածքը եւ հրավիրեց նրանց սերտ համագործակցության` հատուկ նշելով, որ այդ համագործակցության ակունքում երիտասարդները կարող են շփվել այլ երկրներից Հայաստան եկած եւ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում ժամանակավոր, կամավորական հիմունքներով աշխատող իրենց հասակակիցների հետ:


Հանդիպումը շարունակվեց հարց-պատասխան ձեւաչափով եւ ավարտվեց հյուրասիրությամբ ու համատեղ նկարով: