Անթույլատրելի է Հայաստանի, Արցախի, հայկական բանակի հետ խոսել ուժի դիրքերից ու հայ ժողովրդին վախեցնել հնարավոր պատերազմով։ Այս մասին Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Անդրադառնալով Նյու-Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը իր կողմից հնչեցրած հայտարարությանը, նախարարն ասել է.
«Ես ինչ ասել եմ, ասել եմ որպես պաշտպանության նախարար: Կրկնում եմ՝ Հայաստանի, հայ ժողովրդի հետ, առնվազն Զինված ուժերի ու Պաշտպանության նախարարի հետ ուժի դիրքերից խոսելն անթույլատրելի է ու պետք է հասարակությունը դա ընդունի»։
Ինչ վերաբերում է սպառազինության խնդրին, ՀՀ պաշտպանության նախարարն ասել է, որ զենքի առևտրի շուկան բաց է բոլորի համար, սպառազինության ձեռքբերման վերաբերյալ որոշումները կատարվում են համապատասխան գնի, որակի, ինչպես նաև հաշվի է առնվում այն հանգամանքը, թե արդյոք չկան որևիցե սահմանափակումներ մատակարարումների համար տվյալ երկրից:
«Ես երբևիցե չեմ լսել, որ ԱՄՆ-ի կողմից լինեն ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումներ Հայաստան կամ Ադրբեջան։ Չի եղել այդպիսի օրինակ, թեև, այո եղել է, օրինակ, երկակի նշանակության արտադրանքի մատակարարումների: Եվ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունից հետո, թե Հայաստանը կարող է զենք ձեռք բերել նաև ԱՄՆ-ից, ոչ մի բան առաջ չի գնացել», - ասել է Դավիթ Տոնոյանը։
Անդրադարձ է արվել նաև ռուսական զենքին. Դավիթ Տոնոյանը կրկնել է բազմիցս հնչեցրած այն միտքը, որ ՀՀ-ում ռուսական զորքերի առկայությունը ոչ մի ձևով չի խանգարում ԱՄՆ հետ ռազմական համագործակցության զարգացմանը, քանի որ ցանկացած համագործակցություն ռազմական ոլորտում Հայաստանը իրականացնում է ազգային շահերից, անվտանգության ապահովման տեսանկյունից:
Ամբողջական հարցազրույցը դիտեք այս հղմամբ: