24.11.2024
Անթույլատրելի է ՀՀ, Արցախի, հայկական բանակի հետ խոսել ուժի դիրքերից. Տոնոյան (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Պաշտպանի միջամտությամբ Ռոբերտ Քոչարյանին տրամադրվել է առանց ինտերնետի համակարգիչ

ՀՀ Մարդու իրավունքների Պաշտպանի միջամտությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տրամադրվել է խցում առանց ինտերնետ համացանցի հասանելիության համակարգիչ կամ համարժեք էլէկտրոնային միջոց ունենալու թույլտվություն: Այս մասին ասված է Պաշտպանի 2018 թվականի զեկույցում:


Նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից անմիջապես հետո Պաշտպանն այցելեց նրան ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, ուսումնասիրվեցին պահման պայմաններն ու Պաշտպանի իրավասությանն առնչվող այլ հարցեր:

Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ անգամ կալանքի տակ գտնվելու ընթացքում Ռոբերտ Քոչարյանի կողմից չեն ներկայացվել դժգոհություններ քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքից: Պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում Հանրապետության երկրորդ նախագահի կողմից բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված իրավասության շրջանակներում ուղղվել են համապատասխան պետական մարմինների:

Մասնավորապես, այդ հարցերի թվում քննարկման առարկա են դարձվել՝ քրեակատարողական հիմնարկի խցում համակարգիչ կամ էլէկտրոնային համարժեք միջոց ունենալու, ողջ գույքի, այդ թվում՝ կենսաթոշակի հաշվեհամարի վրա կիրառված արգելանքի իրավաչափության, ինչպես նաև. մերձավոր ազգականների, այդ թվում՝ ընտանիքի անդամների հետ սահմանված տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների
արգելքի հարցը: Այս հարցերի հետ կապված՝ Պաշտպանը նախաձեռնել է մանրամասն ուսումնասիրություն, որի արդյունքում այդ արգելքների վերացմանն ուղղված առաջարկներ համապատասխան իրավական վերլուծությունների հետ միասին ներկայացվել են Արդարադատության նախարարություն ու Հատուկ քննչական ծառայություն՝ ըստ նրանցից յուրաքանչյուրի իրավասության:


Մարդու իրավունքների Պաշտպանը բազմիցս է նշել է, որ հատկապես ընտանիքի անդամների հետ տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելմանն առնչվող ՀՀ օրենսդրությունն ու պրակտիկան համակարգային առումով խնդրահարույց են և համահունչ չեն մարդու իրավունքների
պաշտպանության միջազգային չափանիշներին: Իրականում, միջազգային իրավաբանությունը, այդ թվում՝ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները պետության համար սահմանում են հատուկ
պահանջներ, որոնք վերաբերում են ազատությունից զրկված անձանց սոցիալական շփումներին, մերձավոր ազգականների, այդ թվում՝ ընտանիքի հետ կապին, քրեակատարողական հիմնարկում ու խցում նրանց զբաղվածությանը:


Պաշտպանի միջամտությամբ Ռոբերտ Քոչարյանին տրամադրվել է խցում առանց ինտերնետ համացանցի հասանելիության համակարգիչ կամ համարժեք էլէկտրոնային միջոց ունենալու թույլտվություն (հարկ է նշել, որ այս հարցը  բարձրացրել են նաև փաստաբանները):

Ընտանիքի հետ կապի հետ կապված՝ Հատուկ քննչական ծառայությունից տեղեկություններ են ստացվել դրական զարգացման մասին առ այն, որ մերձավոր ազգականների նկատմամբ կիրառված տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքը վարույթն իրականացնող մարմնի կողմից մասնակի վերացվել
է: Արգելքը պահպանվել է միայն մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ, ով քրեական գործով վկայի դատավարական կարգավիճակ ունի:

Հատուկ քննչական ծառայություն ուղարկված գրությամբ Պաշտպանը քննարկման առարկա է դարձրել նաև Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված կալանքի իրավաչափության հարցը: Մասնավորապես, առաջարկի հիմքում, ի թիվս այլ փաստարկների, դրվել են նաև ներպետական օրենսդրական կարգավորումներն առ այն, որ անկախ նրանից, թե քրեական գործի մինչդատական վարույթում մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձի կենսաթոշակի վրա ինչ չափով է կալանք դրվել, հետագայում՝ մեղադրական
դատավճռով անձի վրա ֆինանսական պարտավորություններ դրվելու դեպքում դրանք ենթակա են կատարման կենսաթոշակի երեսուն տոկոսից ոչ ավելի չափով:


Ուստի, մեղադրյալի ամբողջ ծավալով պետական կենսաթոշակի վրա կալանքը կարող է առաջ բերել
սեփականության իրավունքին պետության կողմից ոչ համաչափ միջամտության խնդիր: Ի պատասխան՝ Հատուկ քննչական ծառայությունից պարզաբանվել է, որ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված կալանքը:


Զեկույցում նշվում է, որ Պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացակարգը
շարունակվում է: