25.11.2024
Սամվել Ալեքսանյանի դեմ քրգործ է հարուցվել
prev Նախորդ նորություն

ԱՄՆ դեսպանն ու նախարարը քննարկել են ՀՀ բարեկեցիկ ու առավել պայծառ ապագան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:


Ինչպես տեղեկացրեցին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպան Թրեյսին նախարարի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ուրախ է քննարկել երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները խորացնելու, ինչպես նաև Հայաստանի ժողովրդի համար առավել բարեկեցիկ ու առավել պայծառ ապագա ապահովելու հնարավորությունները:

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ մշտապես քննարկվել են ոչ միայն օրակարգային խնդիրները, այլև՝ Նահագների աջակցությունը եղել է հուշող՝ Հայաստանի տնտեսությունն ավելի մրցունակ դարձնելու գործում կարևոր բարեփոխումների իրականացման, վաղվա օրակարգը սահմանելու գործում։

Նախարարը հյուրերին է ներկայացրել ՀՀ կառավարության տնտեսական առաջնահերթությունները: «Մենք ներկա ծրագրում արել ենք կարևոր շեշտադրում՝ տնտեսական աճի որակը, որը պետք է ազդի շատ թվով մարդկանց վրա։ Այդպիսով, տնտեսական ներառականությունը համարում ենք այն հիմնական չափումը, որով կառավարությունը պետք է հաշվետու լինի իր վարած քաղաքականության արդյունքների համար»,-ասել է նախարարը:

Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է ձեռնարկությունների ցածր արտադրողականության խնդրին և այս համատեքստում քննարկել դրանց տեխնիկական հագեցվածության և վերազինման հարցերը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը և դեսպանը առաջանցիկ տնտեսական զարգմացման ապահովման տեսանկյունից քննարկել են ժամանակակից կրթության որակի բարելավման, սեփականության իրավունքների պաշտպանության և գործող վարչարարության առավելագույն կրճատման կարևորությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել նոր ներդրումների ներգրավման, արտաքին առևտրային հարաբերությունների զարգացման և գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ։