24.11.2024
Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայում մեկնարկած զորավարժություններին
prev Նախորդ նորություն

Թուրքիա-Ադրբեջան ռազմական տանդեմին ՀՀ-ն պետք է պատասխանի Մոսկվայի հետ կապերի խորացմամբ

Թուրքիայում մեկնարկել են «Ձմեռ-2019» զորավարժությունները, որոնց մասնակցում են աշխարհի 15 երկրներից զինծառայողներ, այդ թվում` Ադրբեջանից, Բոսնիա և Հերցեգովինայից, Քաթարից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Իտալիայից:


Զորավարժությունների նպատակն է համագործակցության ամրապնդումը և ստորաբաժանումների գործողությունների համակարգումը, ձմռան պայմաններում գործողությունների հմտությունների մշակումը:


Թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը վերջին տարիներին բարձրացել է որակական նոր մակարդակի: Թուրքիան պատրաստում է ադրբեջանական սպայակազմին, ադրբեջանցի հատուկ ջոկատայինները մարզվում են Թուրքիայում, անկացվում են համատեղ զորավարժություններ:


Ադրբեջանի նպատակն է ամրապնդել սեփական զինված ուժերն, այդ թվում՝ ՆԱՏՕ-ական Թուրքիայի ստանդարտներն ու ռազմական մեթոդաբանությունն ուսումնասիրելու միջոցով:


Հետաքրքրական է, որ այս զորավարժությունները տեղի են ունենում ձմեռային պայմաններում: Ադրբեջանը պատրաստում է իր բանակը ռազմական գործողություններին ցանկացած եղանակային պայմաններում, այդ թվում՝ լեռնային ռելիեֆի պայմաններում: Նրանք կարող է փորձեն անակնկալի բերել հայկական ուժերին Արցախում Օմարի լեռների ուղղությամբ ` օգտագործելով լեռնային հրաձիգների ու հատուկ ջոկատայինների ուժերը:


Թուրքիան Ադրբեջանի համար ապահովում է նաև Նախիջևանի անվտանգությունն. այնտեղ զորքեր կենտրոնացնելով նրանք թույլ են տալիս Ադրբեջանին հիմնական հարվածն ուղղել Արցախի ուղղությամբ:


Բացի համատեղ զորավարժություններն ու մասնագետների պատրաստումը, Անկարան նաև զենքեր է վաճառում Ադրբեջանին` «Kasirga» համակարգեր, SOM ավիացիոն թևավոր հրթիռներ, այլ զինատեսակներ: Ապագայում Անկարան Բաքվին կարող է առաջարկել թուրքական արտադրության Ալթայ տանկերը, Անկա անօդաչուներ:


Թուրք-ադրբեջանական ռազմական տանդեմին ՀՀ-ն պետք է պատասխանի ՌԴ-ի հետ ռազմական կապերի ամրապնդման միջոցով, որպեսզի կարողանա բալանսավորել այդ տանդեմին թե՛ ռազմական իմաստով, թե՛ աշխարհաքաղաքական:


Դրան զուգահեռ, Արցախը ռազմական առումով պետք է դառնա հնարավորինս ինքնաբավ, ինչպես նաև շարունակի ամրապնդել առաջնագիծն ու ստեղծել բազմաշերտ պաշտպանություն:


Ադրբեջանը պետք է գիտակցի, որ իր հարձակումն Արցախի դեմ շատ թանկ է նստելու Բաքվի վրա թե՛ մարդկային և տեխնիկայի կորուստների առումով, թե՛ հակահարձակման պարագայում Արցախի կողմից իր անվտանգության գոտու ընդլայնման տեսքով` դեպի ադրբեջանական նավթագազամուղեր և կարևորագույն Վրաստան-Ադրբեջան մայրուղին: