ԱՄՆ-ն Հարավային Կովկասում իր ներկայության կենտրոնը Վրաստանից տեղափոխում է Հայաստան: Այս մասին հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ, Ժամանակակից պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը:
Նրա խոսքով, ենթակառուցվածքները, այդ թվում և հետխորհրդային երկրների տարածքում ամենամեծ ԱՄՆ դեսպանությունը արդեն պատրաստ են. փոխանցում է EADaily-ն:
Մարտինովը նշել է, որ պատահական չէ, որ օրերս տարածաշրջանի երկրներ այցելած ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հենց Հայաստանը ընտրեց իր հիմնական հայտարարությունները հնչեցնելու համար՝ և՛ ամերիկյան զենքի վաճառքի, և՛ ղարաբաղյան հակամարտության խնդրով, ինչպես նաև օրհնեց գալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները, թեև այդ պահին դեռ հստակ էլ չէր՝ կկայանան դրանք, թե ոչ:
«Նա գովաց բոլորին հաջողված աշխատանքի համար և հեռացավ: Իսկ դրանից հետո Ազգային ժողովը բարեհաջող դեմ քվեարկեց Փաշինյանի թեկնածությանը, խորհրդարանը լուծարվեց, իսկ ընտրությունները նշանակվեցին դեկտեմբերի 9-ին»,- ասել է Մարտինովը:
Ավելի վաղ EADaily- ի հետ զրույցում Ալեքսեյ Մարտինովը նշել էր, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացման հեռանկարների շուրջ Բոլթոնի նախազգուշացումները Երևանին համարում է «աչքին թոզ փչել»:
«Բոլթոնի բանակցությունները Հայաստանի նոր կառավարության հետ ղարաբաղյան խնդրի, Ադրբեջանի հետ հակամարտության եւ Թուրքիայի հետ փակ սահմանի մասով այդպես էլ չհրապարակայնացվեցին: Ամերիկյան քաղաքականության շեշտադրումները իսկապես Վրաստանից տեղափոխվում են Հայաստան՝ հեռահար թիրախ ունենալով Թուրքիան: Ամերիկացիները չեն կարող Վրաստանի միջոցով զգալի ազդեցություն ունենալ չեզոք Ադրբեջանի վրա: Իսկ Հայաստանով կարող են: Եվ դա, իր հերթին, թույլ կտա ուժեղացնել ճնշումը ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի նկատմամբ: Սա վտանգավոր եւ անկանխատեսելի է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար՝ օգտագործվել որպես կարմիր կտորը ցուլի դեպքում Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ», - նշել էր նա:
Մարտինովի խոսքով, Ադրբեջանը ևս դժվարին պայմաններ է առաջ քաշում: Մի կողմից, Փաշինյանը կազմաքանդում է բանակցային գործընթացի գոյություն ունեցող ձևաչափը, մյուս կողմից սպառնում Ալիևին «հեղափոխային ակտիվությունը տեղափոխել արևելք»: Ըստ ռուս քաղաքագետի, ակնհայտ է, որ նման իրավիճակում Փաշինյանի հույսը ավանդական գործընկերներն են՝ արևմտյան հիմնադրամներն ու ԶԼՄ-ները: Իսկ Բոլթոնն է, վստահ է Մարտինովը, այդ ամենը կապահովի.
«Ադրբեջանը սևեռվում է ղարաբաղյան կրակի ուղղությամբ, իսկ հայերին առաջարկվում է մոռանալ, թե ով է իրենց թիկունքում: Իսկ դա Թուրքիան է, որի հետ սահմանը ավելի քան 20 տարի է փակ է, բայց Բոլթոնը վստահ է, որ այն միանշանակ կբացվի: Եվ խոսքը այն սահմանի մասին է, որը պահում են ռուս սահմանապահները: Իսկ նրանց ի՞նչ անել, բազայի հետ դուրս մղե՞լ: Կարծում եմ, որ այս հարցը ՀՀ-ում նոր խորհրդարանի կազմավորման օրակարգում կլինի, նույն «Սասնա ծռեր» կուսակցության կողմից կբարձրաձայնվի, որը ստեղծվել է Փաշինյանի ներքին պահանջարկների համար»,- ընդգծել է Մարտինովը: