VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տարոն Մարգարյանը Երեւանի քաղաքապետի ընտրություններին չի մասնակցել՝ մեկնել է Մոսկվա, որ «չիմանա, չլսի, չտեղեկանա», թե ով է ընտրվում քաղաքապետ, ինչպես եւ ումով։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականներին, նրանց մեծ մասը նույնպես չի մասնակցել․ նախ՝ միասնական հրահանգ չի եղել, թե ում ընտրել, բայց բոլորը լռելյայն հասկացել են՝ բացի Հայկոյից, ում ուզեն։ Եվ որքան էլ պարադոքսալ՝ շատերն ընտրել են ԲՀԿ-ին, քոչարյանական ՀՀԿ-ականները՝ ՀՅԴ-ին, քչերը՝ «Լույսին»․ «Սկզբունքորեն պատրաստ էինք Զեյնալյանին շատ ձայն տալ, աշխատել իր համար, սակայն նա այդպես էլ գարանտիա չտվեց, որ չի համագործակցելու «Իմ քայլի» ու Հայկոյի հետ՝ ցանկացած պարագայում, իսկ ընտրությունների գիշերը՝ վերջնական արդյունքները չիմացած, Հայկոյի շտաբ վազելն ավելի ամրապնդեց մեր կասկածները»։ Ի դեպ, ՀՀԿ-ում մոտեցումն ԱԺ լուծարմանը միանշանակ չէ․ մեծամասնությունը դեմ է, սակայն կան պատգամավորներ, որոնք գտնում են, որ պետք է ցրել պառլամենտը, լիբերալ-պահպանողական նոր պրոյեկտներով մասնակցել ապագա ընտրություններին։ «Չնայած՝ դիրեկտորը ոնց կասի․ էս պահին լուռ է ու լուռ»,- ասում են նրանք։ Դիրեկտորը Սերժ Սարգսյանն է»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի ավագանու ընտրություններից մեկ օր առաջ ԲՀԿ Աջափնյակի գրասենյակի խուզարկության և ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու ահազանգի գործով ձերբակալվել է քրեական հեղինակություն Ֆազի՝ Սերգեյ Գրիգորյանի եղբայրը՝ Գարիկ Գրիգորյանը։ Ֆազը բոլոր համապետական ու տեղական ընտրությունների ժամանակ լուրջ դերակատարություն է ունեցել ՀՀԿ-ի համար «ձայն բերելու» գործում», սակայն այս ավագանու ընտրություններում Ֆազի եղբայրը լծվել էր ԲՀԿ-ի օգտին աշխատելու գործին։ Ընտրակաշառք էր բաժանում և քարոզարշավը չսկսած՝ աջ ու ձախ սպառնում մարդկանց։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախօրեին Հայաստան է ժամանել ԱՄՆ-ում հայտնի հայազգի օրենքով գող Արմեն Ղազարյանը` Պզոն: Վերջինիս դիմավորել են Զվարթնոց օդանավակայանում: Ընդ որում` ամեն ինչ կազմակերպվել է այնպես, որ որեւէ աղմուկ չբարձրանա: Պզոյի ՀՀ գալը հատկանշական է այն առումով, որ շաբաթներ առաջ մեզ հասած տեղեկությունների համաձայն` որոշում էր կայացվել նրան սեպտեմբերի 18-ին ԱՄՆ-ից արտաքսելու մասին: Ըստ այդմ, Պզոյին պետք է ուղարկեին Հայաստան: Նշենք, որ դեռեւս 2013 թ. Արմեն Ղազարյանը Մանհեթենի դաշնային դատարանում 37 ամսվա ազատազրկման դատապարտվեց: Դատարանը նրան մեղավոր ճանաչեց «Միրզոյան- Թերջանյան» կազմակերպության հանցավոր համագործակցության մեջ ներգրավված լինելու համար:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Գասպարյանը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել: Վարչապետի գլխավոր խորհրդականի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 400 000 ՀՀ դրամ: Արսեն Գասպարյանի եկամուտները գոյացել են աշխատավարձից: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 9000 ԱՄՆ դոլար: Նշենք, որ Արսեն Գասպարյանը վարչապետի գլխավոր խորհրդական է նշանակվել հուլիսի 30–ին: Նորանշանակ խորհրդականը նախկինում ՀՀ ԱԳՆ–ում մի շարք պաշտոններ է զբաղեցրել: 1991– 1993 թթ. եղել է ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Թուրքիայի բաժնի երրորդ քարտուղարը, 1993–1996 թթ. եղել է ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Թուրքիայի բաժնի վարիչը: 1992– 1997թթ. եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների ՀՀ պատվիրակության անդամ: 1996–1998թթ. Գասպարյանը եղել է ՀՀ ԱԳՆ խոսնակը և հասարակայնության հետ կապերի վարչության պետը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 14-ին ՀՀ կառավարության նիստում որոշում ընդունվեց 2017 թվականին ստեղծված «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը լուծարելու մասին: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ե՛ւ այդ հիմնադրամը, ե՛ւ նման մի շարք այլ կառույցներ անարդյունավետ են աշխատում, փոխարենը բյուջեից ահռելի գումարներ ստանում: Միայն թե կառավարությունը չի շտապում լուծարել բյուջեի վրա ահռելի բեռ դարձած մեկ այլ անիմաստ կառույց. խոսքը նախկին «Հայաստանի զարգացման» հիմնադրամի մասին է, որ անվանափոխվել է` դառնալով «Բիզնես Արմենիա», բայց եւ շարունակում է ահռելի բեռ մնալ ՀՀ պետական բյուջեի վրա: «Ժողովուրդ» օրաթերթն այս հիմնադրամի շռայլ գնումներին անդրադառնալու առիթներ ունեցել է: Ու հիմա, մեղմ ասած, անհասկանալի է` ինչու վարչապետն այս հարցում չի շտապում` թույլ տալով, որ այն ՀՀ բյուջեից ահռելի գումարներ ստանա: Մեկնաբանությունների համար կդիմեինք ՀՀ վարչապետի խոսնակ Արման Եղոյանին, բայց անիմաստ է. նա չի պատասխանում` ասելով, որ բոլոր հարցերին կանդրադառնա ԱՄՆ-ից վերադառնալուց հետո»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ քննչական կոմիտեն ՀՔԾ եւ ԱԱԾ պետերի գաղտնալսման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում հնարավոր է հարցաքննվի նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը: Քննչական կոմիտեն արդեն դիմել է Բարձրագույն դատական խորհրդին, որպեսզի ԲԴԽ-ն թույլ տա հարցաքննել դատավոր Վաչե Մարգարյանին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել ԲԴԽ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Ի պատասխան` ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը պատասխանեց. «Դատական օրենսգրքի 52, 53 հոդվածների համաձայն` դատավորի մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհուրդն իրազեկվել է»: Հիշեցնենք, որ դատավոր Մարգարյանի անունը եւս շոշափվում էր ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցում, քանի որ նա է բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը: Հիշեցնենք, որ դատավոր Մարգարյանը հայտարարություն էր տարածել՝ ասելով, որ ինքը երբեւէ չի զանգել ԱԱԾ պետին ու դա ասում է ամենայն պատասխանատվությամբ: Նույնը, մեր տեղեկություններով, նա ասել է նաեւ մերձավոր շրջապատում, եւ հավանաբար, նրա ցուցմունքները կլինեն հենց այս բովանդակության»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան քաղաքական դաշտում իսկապես աննորմալ իրավիճակ է ստեղծվել. ամբողջությամբ խախտված են քաղաքագիտական սահմանները: Ու այսօր դժվար է միանշանակ ասել՝ որ քաղաքական ուժն է իշխանություն, եւ որը ընդդիմություն: ՀՀԿ-ն թավշյա հեղափոխության արդյունքում հեռացվեց գործադիր իշխանությունից, հետո ԱԺ-ում իրեն հայտարարեց ընդդիմություն, բայց եւ ԱԺ-ում շարունակում է պահպանել օրենսդիր իշխանության լծակները: Մյուս կողմից գործադիր իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է, բայց ԱԺ «Ելք» խմբակցությունը, որի մաս է նաեւ վարչապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, կայուն մեծամասնություն չունի, այլ այնտեղ 9 պատգամավոր է: ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն թեեւ Փաշինյանի կառավարության մաս են կազմում, բայց նրանց էլ դժվար է ԱԺ-ում համարել իշխանություն, միաժամանակ նաեւ դժվար է համարել ընդդիմադիր: Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասում ասված է. «Կառավարության կազմավորման վերաբերյալ հուշագիր ստորագրած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ստեղծած խմբակցությունները համարվում են կառավարող, իսկ մյուս խմբակցությունները՝ ընդդիմադիր»: Այսօր Հայաստանում, ըստ էության, կառավարության կազմավորման վերաբերյալ չկա ստորագրված հուշագիր: Ու այս տրամաբանությամբ կարելի է ասել, որ ԱԺ-ում բոլորն են ընդդիմադիր խմբակցություն,՛ բայց եւ բոլորը իշխանական լծակներ ունեն՝ ՀՀԿ-ն` օրենսդիրում, մյուսները՝ գործադիրում: Սա, ի դեպ, Սերժ Սարգսյանի համար գրված սահմանադրության եւ օրենսդրության հետեւանք է: Պատահական չէ, որ երեկ էլ ԱԺ Քննիչ հանձնաժողովի առաջին նիստում խորհրդարանական ուժերը շուրջ 40 րոպե գլուխ էին կոտրում մեկ հարցի շուրջ՝ ո՞վ է հայաստանյան գործող խորհրդարանի ընդդիմությունը: Բանն այն է, որ Քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալը, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունից: Ուստի մինչ այդ հարկավոր էր ճշտել այդ հարցը: Ի վերջո, երկար բանավեճերից հետո Քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, որն այս օրերին ԱՄՆ-ում է»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը Նյու Յորքում «Տարվա պետական պաշտոնյա» տիտղոսը ստանալուց եւ Հայաստան վերադարձից անմիջապես հետո (հոկտեմբերի 3-ին) ԱԺ կներկայացնի ՍԴ անդամի թեկնածուին։ Ըստ ամենայնի՝ հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանին․ 5 թեկնածուներից նա է անցել մրցույթով։ Մյուս 5-ի մեջ էին ԵՊՀ ամբիոնի վարիչներից մեկը՝ Գագիկ Ղազինյանի հովանավորյալը եւ տարիներ առաջ Արդարադատության խորհրդի քարտուղար Իշխան Նազարյանը։ Հիշեցնենք՝ վերջերս Վահե Գրիգորյանի անունը հիշատակվում էր ԱԱԾ-ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման ընթացքում․ նա՝ որպես Մարտի 1-ի տուժողների ներկայացուցիչ, սերտ համագործակցել է ՀՔԾ-ի հետ։ Գրիգորյանը եղել է նաեւ Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչը ՍԴ-ում՝ 2008-ին, իսկ 2003-ին փաստաբան Աշոտ Սարգսյանի հետ պաշտպանել է նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի շահերը ՍԴ-ում։ 2006-ին Բուզանդի փողոցի վտարվածների գործերով զբաղվելուց հետո նրան քրեական մեղադրանք է առաջադրվել, կալանավորվել է եւ մոտ 6 ամիս անց ազատ արձակվել։ Հնարավո՞ր է ՀՀԿ-ն խոչընդոտի նրա ընտրությանը։ «ՀՀԿ-ն կկայացնի քաղաքական որոշում՝ կախված մի շարք հանգամանքներից»,- ասացին մեզ։ Ի դեպ, օրենքների եւ Սահմանադրության անհամապատասխանության հարցով նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը ՍԴ-ում կքննվի նոյեմբերի 6-ին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի թիվ 92 մանկապարտեզը, որտեղ մի քանի տարի է՝ գործում է ներառական խնամքի կարիք ունեցող երեխաների համար նախատեսված մասնաշենքը հատուկ մանկավարժներով, հայտնվել է հերթական սկանդալի կիզակետում։ Ներառական հատվածի մոտ 10 հատուկ մանկավարժ աշխատանքից հեռացվել է տնօրեն Կարինե Հարությունյանի ու իրենից ավելի բարձրերի համար կազմակերպված դրամահավաքներին չմասնակցելու, մանկապարտեզի ներսում տեղի ունեցող արատավոր երևույթները բացահայտելու համար։ Աշխատակիցները մեզ տրամադրել են մի ձայնագրություն, համաձայն որի՝ մանկապարտեզի տնօրենը իրենց հետ խոսակցության ժամանակ խոստովանել է, որ իր համար դրամահավաքներ են եղել, ու որ այդ մանկավարժները աշխատանքից հեռացվել են գումարներ չտալու ու ոստիկանությունում բողոքներ գրելու համար»։