Կասպից ծովին վերաբերվող համաձայնագրի ստորագրումը լուրջ մարտահրավեր է ՀՀ համար. քաղաքագետ
Արևմուտքի և հատկապես ԱՄՆ տնտեսական քաղաքականությունն ու պատժամիջոցները նպաստեցին ՌԴ, Իրան, Թուրքիա մերձեցմանը տնտեսական հենքի վրա: Կասպից ծովին վերաբերվող համաձայնագրի ստորագրումը որոշակի ձևաչափով մերձեցրեց և նույն կաթսայում դրեց ՌԴ-ն, Իրանը, Թուրքիան, Թուրքմենստանն ու Ադրբեջանը: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը:
Ըստ նրա, այս նոր համախմբման մեջ կարևոր գործոն է նավթի և գազի արտահանման շուրջ պայմանավորվածությունները:
«Փաստացիորեն մեզ հարող տարածաշրջանում էներգետիկ, տնտեսական և կոմունիկացիոն միջպետական համագործակցային կառույց է ձևավորվել, որն հակաարևմտյան երանգներ ունի և նաև Չինաստանի հետ ինտեգրացիայի հնարավորություններ: Այս ռեգիոնալ տնտեսական վերաձևումները կհանգեցնեն նաև ռազմա-քաղական տեղաշարժերի: Ես կանխատեսում եմ Իրանի և Ռուսաստանի կողմից Ադրբեջանի հանդեպ արտաքին քաղաքական առավել նպաստավոր դիրքորոշման որդեգրում»,- գրել նա՝ ավելացնելով, որ Ղազախստանի և Թուրքիայի պարագայում թյուրքական ընդհարության և համերաշխության գործոնի գերակայությունը արդեն տեսել ենք:
Ըստ Քեռյանի՝ սա լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար.
«Սա լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար, առաջնային քաղաքական օրակարգի հարց, որը մեզ հուշում է ամբողջ ուժով չեզոքացնել Ռուսաստանի հետ մեր ռազմավարական համագործակցության ճանապարհին հայտնված անցանկալի երևույթները»,- հավելել է նա: