Միակողմանի զիջումների մասին տրամադրությունները խիստ դատապարտելի են. Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը խստորեն դատապարտել է միակողմանի զիջումների մասին տրամադրությունները: Այս մասին նա հայտարարել է Բերձորում հանրահավաքի ժամանակ:
«Դեռևս վարչապետության տարիներին ես հրապարակավ դատապարտել և անընդունելի եմ համարել Մադրիդյան սկզբունքները: Այսօր էլ կրկնում եմ, որ մենք չունենք գրաված, ազատագրված հողեր, մենք ունենք Սահմանադրությամբ և արյունով հաստատած հայրենիք, որի սահմանների վրա ազատ և ինքնիշխան պետություն ենք կառուցում: Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է՝ որպես ինքնուրույն պետություն՝ Սահմանադրությամբ ամրագրված տարածքներով: ՀՀ և ԱՀ իշխանություններն այս ուղղությամբ համագործակցված քաղաքականություն են տանում, և մենք պարտավոր ենք աջակցել նրանց: Եվ հանուն մեր միասնական հայրենիքի՝ յուրաքանչյուրս պետք է մշտապես պատրաստ լինենք պայքարելու»,- հայտարարել է Հարությունյանը:
Նա նաև նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները քաղաքական բանակցություններում միայն ամրացնելու են հայկական կողմի դիրքերը: