Գրիգորյանի կողմնակիցները դադարեցրել են պայքարը. բայց Էջմիածնի մուտքը փակ է LIVE
17.06.2018
ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի կողմնակիցներն այսօր առավոտվանից վերսկսել էին իրենց բողոքի ակցիան Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ: Նրանք պահանջում էին ազատ արձակել ԱԱԾ կողմից ձերբակալված պատգամավորին։
Ցուցարարները փակել էին Նալբանդյան փողոցը: Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հետ հանդիպումից հետո Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հայտարարեց, որ իրենք դադարեցնում են բոլոր տեսակի գործողությունները, ընդունում են իշխանությունների կոչը և բաց եք ցանկացած լսումների, քննարկումների համար, այդուհանդերձ այս պահին փակ է Էջմիածնի մուտք-փողոցը:
Իսկ ահա Էջմիածնի քաղաքապետի հրաժարականը պահանջողների ներկայացուցիչները, որոնք ներկա չէին մարզպետի հետ հանդիպմանը, շարունակում են փակ պահել Էջմիածնի մուտք հանդիսացող փողոցը: Թեպետ երեկվա համեմատ նրանց թիվն այսօր բավականին փոքր է:
Հիշեցնենք, նախօրեին Գրիգորյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Երեկոյան ԱԱԾ շենքի մոտ նրա կողմնակիցները պահանջում էինազատ արձակել գեներալին, իսկ նրա որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Մանվել Գրիգորյանի կողմնակիցները նաև երթով շարժվել էին դեպի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայր, որտեղ այդ րոպեներին Գրիգորյանի փաստաբանը բողոքարկում էր պատգամավորի ձերբակալման որոշումը։
Նշենք, որ ԱԱԾ-ն երեկ նաև բերման էր ենթարկել ու ձերբակալել քրեական հեղինակութուն Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին: Վերջինս վերջին օրերին Էջմիածնում ընդդեմ Մանվել Գրիգորյանի և նրա քաղաքապետ որդու բողոքի ցույցեր ու հանրահավաքներ էր իրականացնում: