Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է նաև զինվորի բաժինը գողանալու կասկածանքով. Նիկոլ Փաշինյան
Կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու։ Իսկ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ոչ միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու, այլեւ զինվորի բաժինը գողանալու կասկածանքով։ Այս մասին Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ հայտարարեցվարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա` կասկած կա, որ գեներալ Մանվել Գրիգորյնը այդ թվում 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում դպրոցականների կողմից զինվորականներին ուղարկված օգնությունն է գողացել` կենդանիների կերի համար նախատեսված պահեստում հայտնաբերվել են դպրոցականների նամակները:
«Մանվել Գրիգորյանը զինվորականների սնունդն իր կենդանիներին է տվել: Նա յուրացրել է Արցախի ժողովրդի, բանակի օգնությունը: Այս կասկածները հիմնավորվում են նրա առանձնատանը կատարված խուզարկություններով: Ոչ ոք չի ժխտում, որ Մանվել Գրիգորյանը հերոս է, բայց դա իրավունք չի տալիս նրան գողանալ զինվորների սնունդը: Օրենքի առաջ բոլորը պետք է լինեն հավասար»,- շեշտեց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց , որ բացի այս` կասկածներ կան, որ Մանվել Գրիգորյանը յուրացրել է նաև բանակի տեխնիկական միջոցները՝ մեքենաները: «Զինվորի բաժինը գողացողն արժանի չէ որեւէ ներման»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նաև նշեց, որ լուրջ հարցեր է առաջ քաշում նաև սեփականության վկայականների հսկայական տրցակը, որ հայտնաբերվել է:
Տեսանյութը հասանելի է այս հղումով: