26.11.2024
ՀՀ-ում կշարունակեն գործել շարժական տեսանկարահանող ու լուսանկարահանող սարքերը
prev Նախորդ նորություն

Վճռաբեկ դատարանը բեկանեց Սամվել Բաբայանը գործով դատավճիռը. նա ազատ կարձակվի

ՀՀ Վճռաբեկ դատարանը քիչ առաջ բեկանեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը գործով դատավճիռը: Բաբայանն ու այս գործով մյուս մեղադրյալ Սանասար Գաբրիելյանն ազատ կարձակվեն: Նրանց նկատմամբ կիրառվեց պատգամավորների անձնական երաշխավորությունը:


Այսպիսով՝ դատարանը գործն ուղարկեց նոր քննության, հայտնում է armtimes.com-ը:


Դատարանն այսօր քննում էր պաշտպանական կողմի բերած բողոքը, որով վերջիններս պահանջում էին բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, եւ Բաբայանի եւ մյուսների խափանման միջոց կալանավորումը փոխել:


Նշենք, որ Սամվել Բաբայանի եւ Սանասար Գաբրիելյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ անձնական երաշխավորությամբ հանդես է եկել Ծառուկյան խմբակցության 13 պատգամավոր, ինչպես նաեւ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը եւ Հովիկ Աղազարյանը: Պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Վահե Էնֆիաջյանն այսօր Վճռաբեկ դատարանում մասնակցում էին բողոքի քննությանը: Բողոքի քննության ավարտին Նաիրա Զոհրաբյանը դատարանում պնդեց իրենց կողմից ներկայացված երաշխավորագիրը՝ նշելով, որ գիտակցում են դրանից բխող բոլոր հետեւանքները:


Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման։


Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:


Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը: