26.11.2024
Վճռաբեկ դատարանը բեկանեց Սամվել Բաբայանը գործով դատավճիռը. նա ազատ կարձակվի
prev Նախորդ նորություն

Երևանի ու Մոսկվայի հարաբերություններում խնդիրներ չկան. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել իր աշխատանքային այցը Մոսկվա:


«Ուզում եմ ասել, որ արդյունավետ այց ունեցանք և կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ և շատ ավելի լավ տեմպերով, քան ընդունված է կանխատեսել հայկական և ոչ միայն հայկական մամուլում: Կարող ենք արձանագրել, որ մեր հարաբերություններում խնդիրներ չկան և անհրաժեշտ է աշխատել, որպեսզի այն տնտեսական ներուժը, որ ունենք, լիարժեք իրացվի»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց նա:


Նա նշել է, որ այցի արդյունքներով բազմաթիվ նախարարների հետ զրույցներ կունենան և կլինեն կոնկրետ հանձնարարականներ: Բայց այս պահին նա արձանագրել է, որ կառավարությունը և առընթեր մարմինները պետք է լրջորեն աշխատեն, որպեսզի կարողանան մրգի և բանջարեղենի արտահանման ողջ պոտենցիալը լիարժեք օգտագործեն, որովհետև Ռուսաստանի շուկան դրա կարիքն ունի:


«Նաև Ռուսաստանում հույս ունեն, որ մենք լիարժեք մատակարարումները կկարողանանք իրականացնել: Ակնկալում եմ, որ որոշ կառուցվածքային փոփոխությունները, որոնք կապված են օրենսդրության հետ, որևէ նեգատիվ ազդեցություն չեն ունենա այս գործընթացի վրա»,- ասաց վարչապետը:


Նշենք, որ համաձայն պաշտոնական տվյալների՝ հունիսի 15-ի դրությամբ ՀՀ-ից ընդհանուր առմամբ արտահանվել է 67 294 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 33 819 տոննայի դիմաց: Այդ թվում՝ արտահանվել է 14 752 տոննա ծիրան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26 տոննայի դիմաց:


Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն՝ շուրջ 64 178 տոննա, մնացածը՝ Վրաստան, Բելառուս, Ղազախստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաք, Իրանի Իսլամական Հանրապետություն, Բելգիա և Ռումինիա: