27.11.2024
Երևանի ու Մոսկվայի հարաբերություններում խնդիրներ չկան. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Menu.am-ը կդադարեցնի՞ իր գործունեությունը. գործադիրի որոշումը քննադատության է արժանացել

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Շրջանառության հարկի շեմը 2019 թվականի հունվարի 1-ից անփոփոխ՝ 115 մլն դրամ թողնելու Ազգային ժողովի պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը:


Հարկային օրենսգրքի փոփոխություններով 2019 թ.-ի հունվարի 1-ից նախատեսված է շրջանառության հարկի շեմը 115 մլն դրամից դարձնել 58.35 մլն դրամ: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը կբերի բյուջեի եկամուտների նվազեցման: Նախագծի ընդունման հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները կարող են նվազել մոտ 11 մլրդ դրամով:


«Առաջարկվում է այս նախագիծը որոշակի տրամաբանությամբ և հիմնավորմամբ, սակայն մեր վերաբերմունքը հետևյալն է, որ այն իր մեջ որոշակի առումով հակադրություններ է պարունակում կառավարության ծրագրային դրույթներից մեկի հետ, դա ստվերի դեմ պայքարն է: Նախագծի ընդունումը կարող է հակադրվել ստվերային շրջանառությունների դեմ պայքարի շրջանակներում իրականացվող քաղաքականությանը։ Նախագծի ընդունումը կարող է ստեղծել գործունեության անհավասար պայմաններ և միջազգային փորձով չհիմնավորված տնտեսական իրավիճակ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ տնտեսվարող սուբյետները շարունակում են ակնհայտորեն թերհայտարարագրել իրենց իրացման շրջանառությունները՝ անգամ շրջանառության հարկի շեմին մոտենալու և շեմը գերազանցելու որևէ ռիսկ չունենալու պարագայում:


«Առաջարկում ենք ձեռնպահ մնալ այս փոփոխությունից և հունվարի մեկից շրջանառության հարկը սահմանել 58.35 մլն դրամ»,- ասել է Ֆինանսների նախարարը:


Այս որոշման կապակցությամբ իր դժգոհությունն  է արտահայտել Menu.am սննդի առաքման խոշորագույն ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը: Facebook-յան իր էջում նա գրել է, որ հնարավոր է Menu.am-ը դադարեցնի իր գործունեությունը.


«Menu.am-ը թափանցիկ ընկերություն է, որտեղ աշխատում են մոտ 100 աշխատակից և 250 առաքիչ: Մեր հետ աշխատող մոտ 500 ռեստորանները մեր հետ գործունեության արդյունքում լրացուցիչ 1000 աշխատատեղ են ստեղծել: Մենք վճարում ենք մոտ 15մլն հարկ ամսական, իսկ մեր հետ աշխատող առաքիչները՝ ևս 5մլն: Մենք ունենք մոտ 200հզ ակտիվ հաճախորդ Հայաստանում:


Այսօր Կառավարությունն իր 23րդ որոշմամբ որոշեց անփոփոխ թողնել հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային Օրենսգրքի այն տխմարագույն դրույթը, որ առաքված ուտելիքը պիտի Լրացուցիչ 16,67%-ով հարկվի: Դա նշանակում է, որ ռեստորանների համար menu.am-ի հետ աշխատանքը դառնալու է վնասաբեր և ընդհանրապես, թափանցիկ դաշտում առաքումներ անելը մնալու է վնասաբեր: Դուք կհարցնեք, թե ինչո՞ւ են ռեստորաններն այժմ աշխատում մեր հետ. հուլիսի 1-ից առաքման և տեղում վաճառվող սննդի հարկերի հավասարեցման մասին Հարկային Օրենսգրքի փոփոխությունը, որն այսօր չեղարկվեց, թույլ էր տալիս մեզ համոզել ռեստորաններին "դիմանալ, քանի որ օրենքը փոխվում էր դեպի լավը": Որպեսզի շատ հստակ լինի, որևէ հարկային բեռի փոփոխություն հենց Menu.am-ի մասով չի եղել և չէր էլ լինելու, մենք մեր հարկերը վճարել ենք ու կվճարենք. բոլոր փոփոխությունները վերաբերում են ռեստորանների հարկման ռեժիմին և մեր պայքարը առաքվող և տեղում սպառվող ուտելիքների անհավասար հարկային ռեժիմները չեղարկելուն է վերաբերվել:


Ես չեմ փորձում շանտաժի ենթարկել Կառավարությանը, բայց այս պահին մենք որևէ այլ ելք չենք տեսնում, քան պատրաստվել "կատաղի" դիմադրության՝ հանրային սննդի առաքման շուկան մահացու հարկային բեռից ազատելու համար: Մեր իրավաբանները կուսումնասիրեն հնարավոր բոլոր սցենարները և եթե պարզվի, որ մենք ունենք միայն ստվեր տեղափոխվելու սցենարը, ապա մենք կդադարեցնենք մեր գործունեությունը Հայաստանում և գրասենյակը կտեղափոխենք մեր գործունեության այլ երկիր: Մենք չենք պատրաստվում ստորանալ (կամ ստվերանալ) այնքան, որ հարկեր թաքցնելով բիզնես անենք մեր երկրում:


Իմ բոլոր ընկերներին և menu.am-ի բոլոր հաճախորդներին խնդրում եմ այս գրառմամբ կիսվել (share անել), որպեսզի հնարավորինս լսելի դառնա մեր ձայնը:


Շնորհակալություն!


Հ.Գ. Մենք շուտով մամլո ասուլիս ենք հրավիրելու այս առթիվ, որպեսզի ավելի մանրամասն բացատրենք մեր տեսակետը և դեռևս Կարեն Կարապետյանի կառավարությանը նախորդող հակաժողովրդական կառավարության կողմից մտածված թունավոր օրենքների իրական իմաստը»,- գրել է նա: