26.11.2024
Փորձագետ. Ադրբեջանն ու Թուրքմենստանը ՌԴ-ն շրջանցող գազամուղ կկառուցեն
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են արտակարգ իրավիճակների կանխարգելման հարցեր

ՌԴ ԱԻՆ «Համալիր անվտանգություն 2018» խորագրով անվտանգության ապահովման միջոցների 11-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակում աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպում է ունեցել ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման հարցերով նորանշանակ նախարար Եվգենի Զինիչեւի հետ:


Ինչպես հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման ուղղությամբ երկկողմ համագործակցության խորացման վերաբերյալ հարցեր: Փոխգործակցության երկարաժամկետ հեռանկարում, մասնավորապես, դիտարկվել են աղետներից բնակչության պաշտպանության ոլորտում օպերատիվ տեղեկատվության եւ տեխնոլոգիաների փոխանակման, փրկարարների մասնագիտական վերապատրաստման եւ արտակարգ իրավիճակներին արձագանքման միասնական մոտեցումների վերաբերյալ խնդիրներ:


ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը վերահաստատել է սերտ համագործակցության պատրաստակամությունը եւ վստահեցրել, որ նախատեսված բոլոր ծրագրերը շարունակական են լինելու:


ՌԴ ԱԻ նախարար Ե. Զինիչեւն իր խոսքում ընդգծել է, որ ՀՀ ԱԻ նախարարության հետ համագործակցության ամրապնդումը եւ բոլոր մակարդակներում ամուր կապերի հաստատումը մեր երկրների համար ունեն կարեւոր ռազմավարական նշանակություն, այդ թվում նաեւ՝ համաշխարհային հանրության առումով: