25.11.2024
Ադրբեջանը պաշտպանության վրա ծախսել է երեք միլիարդ
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից. նա կդառնա Երեւանի քաղաքապե՞տ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրեց, որ այսօր դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ իր լիազորությունները որպես պատգամավոր դադարեցնելու մասին:


Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի պատգամավորի մանդատ էր ստացել՝ փոխարինելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մինչ այդ նա Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ էր: Սիմոյանն այժմ որոշել է պահպանել ավագանու անդամի մանդատը՝ հրաժարվելով պատգամավորի մանդատից: Պարզաբանելով իր այդ քայլը՝ նա նշեց, որ օրենքով սահմանված է 7 օր, երբ պատգամավոր ընտրված ավագանու անդամը հնարավորություն ունի շտկել իրավիճակը եւ ընտրել մանդատներից որեւիցե մեկը:


Ի վերջո, Երեւանի ավագանու մանդատը նախընտելու որոշումը Ալեն Սիմոնյանը այսպես մեկնաբանեց. «Արել եմ այս քայլը հանուն Երեւանի, հանուն աղավաղված շենքերի, որոնք մենք ունենք, հանուն անօրինական ձեւակերպումներ ստացած սեփականաշնորհված մանկապարտեզների, նկուղների, հանուն հատված ծառերի, հանուն այն բանի, որ Երեւանի քաղաքապետարանում եւ ընդհանրապես տեղ չպետք է չունենա կանանց նկատմամբ բռնությունը, հանուն լավ, հանուն մաքուր, հանուն սիրո, հանուն ազատ Երեւանի, որը մենք բոլորս շատ ենք սիրում»:


Ենթադրվում է, որ Ալեն Սիմոնյանն այսպիսով փորձելու է ընտրվել Երեւանի քաղաքապետի պաշտոնում: Վերջերս իր հարցազրույցներից մեկում Սիմոնյանը չէր բացառել, որ կարող է հավակնել այդ պաշտոնին:


«Ես ինձ ավելի շատ օրենսդիր մարմնում եմ տեսնում, բայց ոչ գործադիրում: Ժամանակին, որ «Ելք»-ը մասնակցում էր, ես եղել եմ քաղաքապետի թեկնածուներից մեկը: Եթե կուսակցությունը քաղաքապետի պատասխանատվությունը դնի ինձ վրա, միգուցե համաձայնեմ»,-ասել էր Ալեն Սիմոնյանը:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում հետեւել Սերժ Սարգսյանի օրինակին ու հրաժարական տալ: Նա նշել էր, որ շարունակելու է աշխատել, որպես մայրաքաղաքի ղեկավար: