Իմ երազած վարչապետը չէ, բայց բանակցություններում նրա մեջքին կանգնած եմ. Շարմազանով
Արտահերթ ընտրությունների ժամկետների մասին դեռ վաղ է խոսել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց, որ այդ հարցը պետք է քննարկվի, «ամեն ինչի համար իրավական և քաղաքական հիմնավորում պետք է լինի», բայց կոնկրետ այս պահին ինքը դա չի տեսնում:
Շարմազանովը նկատեց, որ արտահերթ ընտրությունների հիմք կարող է լինել Նիկոլ Փաշինյանի ներկայացրած կառավարության ծրագրի ձախողումը, սակայն վարչապետի հայտարարություններից պարզ է դառնում, որ նա չի պատրաստվում ներկայացնել այնպիսի ծրագիր, որը կմերժվի։ Հետևաբար, եթե ծրագիրն ընդունվի, ապա առաջիկա ամիսներին արտահերթ ընտրություններ անցկացնելը բացառված է.
«Բայց քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ», - ավելացրեց Շարմազանովը:
ՀՀԿ-ական պատգամավորն անդրադարձավ նաև ղարաբաղյան հակամարտության մասով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, որ թեև դրանք չեն բխում Հանրապետական կուսակցության դիրքորոշումից, բայց ցանկացած բանակցություններում ինքն աղոթելու է հաջողության համար: Անկախ նրանից, որ իր երկրի վարչապետի հետ ինքն ունի խորը գաղափարական և քաղաքական տարաձայնություններ, բայց Փաշինյանի յուրաքանչյուր հանդիպման ժամանակ աղոթելու է, որ վերջինս հաջողի:
«Նիկոլ Փաշինյանն իմ երազած վարչապետը չէ, բայց ցանկացած բանակցություններում ես նրա մեջքին կանգնած եմ, որովհետև ինքը իմ պետության վարչապետն է։ Թող Ալիևն էլ, Էրդողանն էլ դա իմանան: Որովհետև եթե Փաշինյանը հաջողի բանակցոթյուններում, դա նաև կնշանակի Հայաստանի հաղթանակը, որը մենք միայն կողջունենք», - հավելեց ԱԺ փոխնախագահը: