Բոսնիա և Հերցեգովինա այցից առաջ Էրդողանը ուժեղացրել է թիկնազորը՝ մահափորձից զգուշանալով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է Բոսնիա եւ Հերցեգովինա այցից առաջ ուժեղացնել իր թիկնազորը՝ ենթադրյալ մահափորձի մասին տեղեկատվությունից հետո:
Մակեդոնիայի հետախուզությունը փոխանցել է, որ Բալկաններ Էրդողանի այցի ժամանակ նրա դեմ մահափորձի իրականացման կասկած կա։ TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այդ մասին նախազգուշացրել են նաեւ արեւմտյան հետախուզությունները։ Ըստ տվյալնների՝ սպանությունը ծրագրում են մի խումբ Թուրքիայի քաղաքացիներ։ Այս տեղեկությունը հետախուզությունը ուսումնասիրում է։ Դեռեւս հայտնի չէ մահափորձի օրն ու վայրը։
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը նշել է իր թվիթերում, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այն մարդը չէ, որը կվախենա մահվան սպառնալիքից եւ կհրաժարվի իր ուղուց եւ գործից։
TRT Haber-ի հաղորդմամբ՝ Էրդողանի այցը Բոսնիա եւ Հերցեգովինա նախատեսվում է մայիսի 20-ին։ Այցի շրջանակներում նա կհանդիպի Բոսնիա եւ Հերցեգովինայի պրեզիդիումի անդամ Բաքիր Իզեթբեգովիչի հետ բոսնիական մահմեդականներից։ Էրդողանը նաեւ ներկա կգտնվի Եվրոպական թուրք դեմոկրատների միության գագաթնաժողովում, որը կանցկացվի Սարաեւոյում։