24.11.2024
Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվի վարչապետի թեկնածու, նա կաջակցի Նիկոլ Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Փաշինյանը՝ վարչապետի միակ թեկնածու. մանևրելու ի՞նչ տարբերակներ են մնացել ՀՀԿ-ի զինանոցում

Վերջին երկու օրերին տեղի ունեցած «զարմանահրաշ» իրադարձություններից հետո, Հայաստանում ընթացող թավշյա հեղափոխությունը մի գիշերում հսկա քայլ կատարեց առաջ։ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի՝ վարչապետի պաշտոնում ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն աջակցելու մասին հայտարարությունից հետո, իշխող Հանրապետական կուսակցության եւ «թավշյա հեղափոխության» առաջնորդի համար մնացել են գործողությունների երկուական տարբերակներ:


Նման կարծիք է հայտանում «ԱրԱր» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը, որի ղեկավարած կառույցն աջակցում է ՀՀ-ի պետական կառավարման համակարգում եւ բանակում իրականացվող ռեֆորմների մշակման ու կյանքի կոչման գործընթացին:


Ավելի վաղ, Հանրապետական կուսակցությունը եւս հրաժարվեց առաջադրել վաչապետի պաշտոնում իր թեկնածուին մայիսի 1-ին նախատեսվող ԱԺ հատուկ նիստում: Այդ մասին հայտարարեց ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:


Մեկնաբանելով ՀՀԿ-ի՝ վարչապետ չառաջադրելու մասին հայտարարությունը, ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «սա վատ չէ, լավ էլ չէ»: «Որպեսզի լավ լինի, ՀՀԿ-ն, կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ հայտարարի, որ այլ խմբակցությունների հետ համատեղ վարչապետի թեկնածու է առաջադրելու ժողովրդի թեկնածուին», - արձագանքել է Փաշինյանն ու հավելեց, որ պատրաստակամ է հանդիպել «Հանրապետական» խմբակցության բոլոր պատգամավորների հետ:


Չալաբյանի խոսքով, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի վարքագծից պարզ դարձավ, որ անցյալ երկու տասնամյակի ընթացքում երկրի կառավարմանը մասնակցած ուժերը, գիտակցելով իրենց ձախողումը, պատրաստ են առժամանակ հրաժարվել իշխանությունից, և «այն պատվավոր պայմաններով հանձնել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ձևավորվող նոր հեղափոխական ուժին»։


Նրա խոսքով, ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստում մայիսի 1-ի քվեարկությանն ընդառաջ, երկրում առաջացել է բացարձակ յուրահատուկ իրադրություն (այդպիսին մեկ էլ եղել է 1990 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, և զուգահեռը պատահական չի)։ «Այս իրադրության մեջ, Նիկոլ Փաշինյանը ունի երկու հիմնական տարբերակ», - նշում է փորձագետնն ու ներկայացնում այդ տարբերակները.


ա) շարունակել փողոցի ճնշումը, տրոհել ՀՀԿ խորհրդարանական ֆրակցիան, և ընտրվել փոքրամասնության վարչապետ՝ փողոցի պարտադրանքի տակ


բ) պայմանավորվածության գալ ՀՀԿ հետ, և փոխադարձ համաձայնությամբ, ձևավորել Ազգային համաձայնության կառավարություն, իր գլխավորությամբ


ՀՀԿ-ն, իր հերթին, կարծում է Չալաբյանը, ևս ունի երկու հիմանական տարբերակ՝


ա) փորձել դիմադրել փողոցի ճնշմանը, ձախողել վարչապետի ընտրությունը, և տանել իրավիճակը Ազգային ժողովի ցրման, պահպանելով սեփական ժամանակավոր կառավարությունը


բ) գնալ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնությամբ, նրա գլխավորությամբ համատեղ կառավարության ստեղծմանը


Զարմանալի զուգադիպությամբ, նախ խոսքով, երկու կողմերի համար էլ ավելի նպաստավոր է երկրորդ տարբերակը, մի քանի նկատառմամբ՝


«Նիկոլ Փաշինյանին դա հնարավորություն է տալիս հեղափոխության առաջնորդից դառնալ ազգի առաջնորդ՝ գերբաձր միջազգային լեգիտիմությամբ և ռեսուրսներով։ Անցումային ժամանակաշրջանում դա հնարավորություն է տալիս կարգավորել հեղհեղուկ վիճակում գտնվող միջազգային հարաբերությունները, կանխել Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիան, հենվել լայն խորհրդարանական մեծամասնության վրա՝ նոր օրենքներն անցկացնելիս, և օգտագործել ՀՀԿ կառավարման ռեսուրսը, որի անհրաժեշտությունը հեղափոխական թեւը սկսել է սուր գիտակցել, դատելով մեր շփումներից։


ՀՀԿ-ին դա հնարավորություն է տալիս խաղաղ դադար ստանալ, վերակազմավորել իր ուժերը, մասնակցել երկրի կառավարմանն անցումային շրջանում, և իր համար իսկ նոր էջ բացել դեպի ժողովրդավարական ապագա, որում այն, ինքնամաքրումից հետո, կարող է լինել քաղաքական համակարգի կարևոր ուժերից մեկը, ներկայացնելով սպեկտրի "աջ" թեևը։


Մեզ բոլորիս դա երաշխիք է տալիս, որ հետագա զարգացումները կլինեն անարյուն և համեմատաբար անցնցում, և որ օլիգարխիային կփոխարինի ոչ թե հեղափոխական դիկտատուրան (Լենինի ու Վանոյի ականջը կանչի), այլ ժամանակակից ժողովրդավարությունը։


Այս զարմանալի իրողությունում մնում է նստել իրար հետ իրական բանակցությունների, առանց լրագրողների և պոպուլիստական հռետորաբանության, և պայմանավորվել իրար հետ նոր կառավարության գործունեության հռչակագրի շուրջ, ներառյալ նպատակները, ժամկետները, և կողմերի փոխադարձ պարտավորությունները։ 1990 թվականին, Տեր-Պետրոսյանը նախընտրեց փողոցի ճնշման միջոցով տրոհել կոմունիստական կուսակցությունից առնետների մի դասակ, և դրանց միջոցով ձևավորել իր իշխանությունը, արդյունքների մասին շատերս հիշում ենք, իսկ ով էլ չի հիշում, կարող է հարցնել ավագներին», - եզրափակում է նա:


Փորձագետ Ստեփան Դանիելյանն էլ կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու պարագայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն լինելու եւ այս խորհրդարանը կգործի մինչև իր ժամկետի ավարտը, որը սահմանադրական ճգնաժամի:


"Փաշինյանի ընտրվելու դեպքում առաջանում է սահմանադրական ճգնաժամ` խորհրդարանում ընդդիմություն չի լինում, ինչը նախատեսված չի սահմանադրությամբ` բոլորը կոալիցիայի անդամ են: Սահմանադրություն հնարողները այդ տարբերակը հաշվի չեն առել եւ պարզ չի, թե ով է ընդդիմության կողմից լինելու ԱԺ փոխնախագահ, ով է քննադատելու կառավարությանը և այլն: Միակ տարբերակը այն է, Ծառուկյանին զոռով ընդդիմություն դարձնեն, բայց ինքը դեմ է ու արդեն միացել է "ժողովրդին":


Փաստորեն արտահերթ ընտրություններ կարող են լինել միայն մեկ դեպքում, եթե ԱԺ-ն չկարողանա կառավարություն ձևավորել", - ընդգծում է Դանիելյանը:


Հիշեցնենք` Երևանում 11 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն ժամանակավոր իրականացնում է Կարեն Կարապետյանը։


Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։ Ապրիլի 26-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրվեց վարչապետի պաշտոնում: