Վանաձորում պարիլի 28-ին բազմամարդ հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իշխող Հանրապետական կուսակցության որոշմանն առ այն, որ մայիսի 1-ի Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի:
Իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր հայտարարեց, որ իրենց կուսակցությունը չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել մայիսի 1-ին կայանալիք ընտրություններին։«Մենք չենք առաջադրի թեկնածու։ Ում կքվեարկենք՝ կապված է թե ովքեր են առաջադրված և ինչ ծրագրով հանդես կգան», - հայտարարեց Էդուարդ Շարմազանովը։
«Սա վատ չէ, լավ էլ չէ, որպեսզի լավ լինի, ՀՀԿ-ն, կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ հայտարարի, որ այլ խմբակցությունների հետ համատեղ վարչապետի թեկնածու է առաջադրելու ժողովրդի թեկնածուին», - արձագանքեց Փաշինյանն ու հավելեց, որ պատրաստակամ է հանդիպել «Հանրապետական» խմբակցության բոլոր պատգամավորների հետ:
Հանդիպման նպատակը, նրա խոսքով այն է, որպեսզի հավաստիացնի, որ այս պրոցեսով, «երբ մենք ասում ենք՝ փակում ենք ներհայաստանյան ատելության էջը, մենք ասում ենք ամենայն լրջությամբ»:
«Եթե նրանք անեն իրենց քայլը, նրանք դրանով կդառնան այդ պատմական նվաճման համահեղինակներ և ուզում եմ ևս մեկ անգամ ասել` հույս ունել, որ այլ քաղաքական ուժերը, գործիչները չեն փորձի անգամ փորձել գողանալ ժողովրդի հաղթանակը, որովհետև դա կբերի քաղաքական գործիչների դուրսմղմանը Հայաստանի քաղաքական դաշտից», - ասաց Փաշինյանը:
Մինչ այդ նա հայտրարեց, որ եթե Հայաստանում մայիսի 1-ին վարչապետ ընտրվեց որևէ ուրիշ մեկը, քան «ժողովրդի թեկնածուն», ուրեմն ՀՀ-ում և Սփյուռքում բողոքի ակցիաները շարունակվելու են տասնապատիկ ծավալով:
«Ես ուզում եմ շատ հստակ լինել, սա ասել եմ և էլի եմ ասում. ես իլուզիաներ չունեմ, որպեսզի մտածեմ, թե դուք իմ անունը վանկարկելիս իմ անունն եք վանկարկում, ես հավատում եմ, որ դուք իմ անունը վանկարկելիս ինքներդ ձեր անունն եք վանկարկում, որովհետև ասել ևս ասում եմ` Հայաստանում հաղթանակած ոչ բռնի հեղափոխությունը ունի մեկ առաջնորդ և այդ մեկ առաաջնորդը` դու ես: Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները պարտավոր են աներկբա ձևով քեզ նշանակել ՀՀ վարչապետ», - բացականչեց նա:
Նա նաեւ նշեց, որ ՀՀ առաջին փոխվարչապետի ժամանակվոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, վերջին օրերին փորձում էր ժողովրդի ձեռքից գողանալ հաղթանակը և իր համար հենարան, դաշնակիցներ գտնել և ուրիշ մարդկանց ներքաշել անազնիվ և հակաժողովրդավարական խաղերի մեջ:
«Ես ուրախ եմ, որ այսօր ԱԺ պատգամավոր մյուս Կարեն Կարապետյանը, ով «Տաշիր գրուպ» ընկերության սեփականտեր ընտանիքի անդամ է, հայտարարել է, որ իր կարծիքով Կարեն Կարապետյանը չպետք է առաջադրվի վարչապետի թեկնածու»,-ասաց նա:
Նրա խոսքով, սրանով պատմությունը չի ավարտվում: «Ես հույս ունեմ, որ մյուս խմբակցությունները նույնպես կգնահատեն ստեղծված իրավիճակը և կհայտարարեն, որ ոչ միայն թեկնածու չեն առաջադրելու, այլև առանց նախապայմանների պաշտպանելու են ժողովրդի թեկնածուն: Չեմ ուզում քննարկել հակառակ դեպքը, քանի որ հակառակ դեպք չի լինելու», - ասաց նա:
Հիշեցնենք` Երևանում 11 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն ժամանակավոր իրականացնում է Կարեն Կարապետյանը։
Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։
Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կտրականապես դեմ է հանդես գալիս խոհրդարանում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու գաղափարին: Ապրիլի 26-ի հանրահավաքի ժամանակ Փաշինյանի թեկնածությունն առաջադրվեց վարչապետի պաշտոնում:
Այժմ լուրեր են շրջանառվում, որ վարչապետի պաշտոնում կարող է առաջադրվել նաեւ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը: