ԱՄՆ-ն հորդորում է ՀՀ ընդդիմությանն ու իշխանությանը բարեխիղճ բանակցություններ վարել
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը հայտարարություն է տարածել Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին՝ հորդորելով իրականացնել բարեխիղճ բանակցություններ` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ:
Հիթեր Նոյերթի հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «ԱՄՆ-ն շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում տիրող իրավիճակին: Որպես Հայաստանի բարեկամ բոլոր կողմերին հորդորում ենք իրականացնել բարեխիղճ բանակցություններ` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ և հասնել այնպիսի հանգուցալուծման, որը կարտացոլի ՀՀ բոլոր քաղաքացիների շահերը:
Պաշտպանում ենք բոլոր կողմերի միջև երկխոսությանը նպաստելուն ուղղված նախագահ Սարգսյանի աշխատակազմի շարունակական ջանքերը: Շարունակում ենք գոհունակությամբ արտահայտվել ցույցերի խաղաղ բնույթի վերաբերյալ և համոզմունք հայտնում, որ առաջիկա օրերին անվտանգության ուժերն ու խաղաղ ցույցերի իրենց իրավունքն իրացնողները կշարունակեն զերծ մնալ բռնություններից»:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն հայտարարեցին վարչապետի սեփական թեկնածուներ չառաջադրելու մասին, ՀՀ կառավարության ղեկավարի միակ թեկնածուն մնաց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Ավելին՝ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն հայտարարեցին, որ աջակցելու են Փաշինյանի թեկնածությունը:
Հիշեցնենք` Երևանում 11 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն ժամանակավոր իրականացնում է Կարեն Կարապետյանը։
Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։ Ապրիլի 26-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրվեց վարչապետի պաշտոնում: