24.11.2024
Դա սպառնալիք չէ ու չպետք է այդպես դիտվի. Վիգեն Սարգսյանը սրբագրեց Սերժ Սարգսյանին
prev Նախորդ նորություն

Ոմանք որոշել են քարոզ կարդալ և խրատել վարչապետին. ՊՆ-ն քննադատեց «Լույսի» շրջանավարտներին

«Լույս» հիմնադրամի 570 շրջանավարտներից 70-ը որոշել են քարոզ կարդալ ու խրատ կարդալ վարչապետի գլխին, բայց դա երևի բնական է՝ լավ կրթություն են ստացել, երևի իրավունք են իրենց վերապահում: Ես կարծում եմ դա շատ տգեղ խրատ էր, որովհետև «Լույս» հիմնադրամի անդամները երբեք խնդիր չեն ունեցել վարչապետի հետ հանդիպելու: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով «Լույս» հիմնադրամի 61 շրջանավարտների բաց նամակին, որում նրանք խնդրում էին Սերժ Սարգսյանին հրաժարվել վարչապետությունից ու հեռանալ:

«Բայց նրանք, հատկապես ոմանք, որ նույնիսկ Հայաստանում չեն, որոշել են հեռվից հեռու սովորեցնել վարչապետին, թե ինչ անի, որ երկիրը ավելի լավ կառավարի: Այնինչ նրանք, ունենալով այդ կրթությունը, այս երկրի կայացման համար որևէ բան չեն անում՝ պետական կառավարման համակարգում այդ 60-ից շատ քչերն են աշխատում, թեև իրենք բոլոր հնարավորություններն ունեն: Բայց նրանք ուզում են լավ կրթությունից հետո լավ մրցակցային աշխատավարձ, աճի պայմանները՝ շատ նորմալ է, բայց այդ դեպքում խորհուրդ տալու ձևն էլ կա»,- ասաց նախարարը:

Ըստ նրա, դա արվեց երեք նպատակով՝ մի մասի համար PR էր, մյուսների համար վախ է գնացող գնացքից ուշանալու, իսկ երրորդը՝ անորոշության մեջ ինչ-որ բան ցույց տալու: Սա վերաբերում է, նախարարի խոսքով, նաև կոչումներից ու մեդալներից հրաժարվողներին, քանի որ, ասաց Սարգսյանը, ինքը լավ տեսել է, թե ինչպես են մարդիկ պայքարում դրանց համար.

«Ես շատ երկար եմ զբաղվել մեդալներով ու պարգևներով և շատ լավ գիտեմ, թե այն մարդիկ, որ երբեմն ցուցադրաբար վերադարձնում են մեդալները, դա ստանալու համար ինչքան ջանք են գործադրում: Դրա համար ես խորհուրդ եմ տալիս ամեն ինչին ավելի հանգիստ ու հանդարտ վերաբերել: Կրակի վրա յուղ լցնել պետք չի, ժողովրդի հետ լինել կարելի է տարբեր ձևով, բայց քո քոչը քո գործը պիտի իրար բռնի»,- հավելեց նա:


Հիշեցնենք, արձագանքելով հիմնադրամի շրջանավարտների բաց նամակին Սերժ Սարգսյանը նրանց մերժել էր: