«Լույս» հիմնադրամի 61 շրջանավարտներ բաց նամակ են հղել վարչապետ Սերժ Սարգսյանին։ Հիշեցնենք, որ «Լույսը» հիմնադրել են նախագահ Սերժ Սարգսյանը եւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հիմնադրամը կրթաթոշակ է հատկացնում աշխարհի առաջատար համալսարաններում սովորող հայ ուսանողներին։
Բաց նամակում, մասնավորապես, ասված է.
«Հայաստանի Հանրապետության Երրորդ նախագահ` պարոն Սերժ Սարգսյանին
Ինչպես գիտեք, մեր երկրում կրկին անհանգստության և խռովությունների ալիք է բարձրացել, քանի որ մեր համաքաղաքացիների մի ստվար զանգված, ներառյալ փողոց դուրս եկած երիտասարդները կարծում են, որ իրենց հետ անարդար են վարվել և մեր ու մեր երկրի ապագան վտանգված է:
Դուք նաև գիտեք, որ մենք` ներքոստորագրյալներս, որպես Լույս հիմնադրամի կրթաթոշակառուներ բազմաթիվ առիթներ ենք ունեցել միմյանց հայտնելու Հայաստանի ներկայի ու ապագայի վերաբերյալ երազանքներ, տեսլականներ ու ծրագրեր: Այս հարցում մեր տեսակետները չեն տարբերվել առ այն, որ մենք և Դուք բազմիցս բարձրաձայնել ենք, Հայաստանի պայծառ ապագա կառուցելու մեր տրամադրվածությունն ու վճռականությունը և այդ հարցում բոլորիս ջանքերի համադրման կարևորությունը: Եվ այս ճանապարհին Դուք և մենք կրկին բարձրաձայնել և կարևորել ենք ժողովրդավարության և բազմավարության դերն ու նշանակությունը:
Սակայն այսօր մենք անհանգստացած և մտահոգ ենք, քանի որ ժողովրդավարական պետություն և հասարակություն կառուցելու ճանապարհից շեղվել ենք և ըստ էության շեղվում ենք միմյանց տրված խոստումներից: Այսպես ենք կարծում, քանի որ իշխանության մեջ բազմավարություն և փոխարինելիություն, ինչպես նաև սերնդափոխություն ապահովելու սկզբունքը խախտվել է: Լինելով աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներ` մենք հանդիսանում ենք ժամանակակից գիտելիքի և ազատ մտքի կրողներ և հետևաբար վստահ կարող ենք ասել, որ ներառական բնույթի քաղաքական ու տնտեսական հաստատություններ չունեցող մեր երկրում, իշխանության բարձրագույն պաշտոնը մեկ անձի կողմից երրորդ անգամ զբաղեցնելը` անկախ հանգամանքներից, վտանգում են ժողովրդավարությունն ու բազմավարությունը, ինչը իր հերթին գալիս է նսեմացնելու հասարակությունում արդարության և հանդուրժողականության սկզբունքները:
Հաշվի առնելով վերոգրյալը, կոչ ենք անում, չգնալ ձեր խոստմանը հակառակ և հետ կանգնել իշխանությունը, մասնավորապես` ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու Ձեր քայլից: Սրանով Դուք մեծ ներդրում կատարած կլինեք Հայաստանի` որպես ժողովրդավարական պետության կայացման հարցում:
Միաժամանակ, մեր համակրանքն ենք հայտնում ցուցարար ուսանողներին և հորդորում ենք ուսումնական հաստատությունների ղեկավարներին զերծ մնալ նրանց նկատմամբ ճնշումներ կիրառելուց, իսկ ՀՀ ոստիկանությանը` ուժ չկիրառել փողոց դուրս եկած մեր հայրենակիցների նկատմամբ: Նրանք և մենք բոլորս պայքարում ենք ավելի լավ Հայաստանի համար»:
Քիչ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակվեց նրա պատասխանը Լույս հիմնադրամի շրջանավարտների բաց նամակին: Այն ներկայացնում ենք ստորև.
«Ծանոթացել եմ մի խումբ շրջանավարտների կողմից ինձ ուղղված բաց նամակին և անհրաժեշտ եմ համարում, որ անմիջապես ինձնից լսեք այդ մտահոգությունների հակիրճ արձագանքը:
Ժողովրդավարությունը Հայաստանում երբեք հետընթաց չի ապրելու։ Անցնող տարիներին ամուր ու զարգացող ժողովրդավարություն կերտելու մեր ձեռքբերումները անշրջելի են և բարեփոխված Սահմանադրությամբ երաշխավորված:
Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել ձեզ հետ քննարկելու զարգացման ուղղությամբ մեր քայլերը և ապագայի տեսլականը։ Հպարտ եմ, որ իմ լուման եմ ունեցել Ձեր մասնագիտական կայացման գործում: Հուսով եմ, որ աշխարհի լավագույն բուհերում ստացած ձեր կրթությունը ծառայեցնելու եք մեր երկրի կայուն, ապահով ու համերաշխ զարգացմանը: Ուրախալի է, որ ձեզանից շատերը այսօր արդեն գտնվելով պետական կառավարման համակարգում՝ իրենց ամենօրյա որակյալ աշխատանքով նպաստում են պետականաշինության մեր գործին։
Իմ կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելը պայմանավորված է եղել մի պարզ հանգամանքով. բարդ աշխարհաքաղաքականությամբ այս տարածաշրջանում և նոր առաջացած մարտահրավերներով լի ժամանակահատվածում պարտավոր ենք ապահովել երկրի անվտանգ զարգացումը և շարունակել Արցախի խնդրի արժանապատիվ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը։
Իմ պատկերացումներով, նշված խնդիրները լուծելի են, որից հետո երկրի ղեկը կարող են ստանձնել այլ գործիչներ: Այդ ամենամեծ գործում մենք ապավինելու ենք նաև «Լույսի» համայնքի ներուժին»։