24.11.2024
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ոտքով հարվածում է ցուցարարին (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

ՀՀԿ-ականների ու ոստիկանների «բեսպրեդելը». Մովսիսյանը գործում է, ոստիկանները՝ ոչ

Այս պահին լարված իրավիճակ է Փարաքար-Երևան մայրուղու վրա, որտեղ ՀՀԿ-ական կարկառուն գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) փակում է ճանապարհը՝ թույլ չտալով մեծաթիվ ցուցարարներին ու նաև այն ցուցարարներին, որոնք մեքենայով են, մտնել Երևանի տարածք:


Մասնավորապես, նրա հորդորով քիչ առաջ երկու մեծ բեռնատար կայանեցին մայրուղու վրա՝ փակելով երթևեկությունը: Մովսիսյանը հայտարարեց, որ այդպիսով «օգնում է»:  Ճշտող հարցին՝ ինչի՞ն է օգնում, նա նշեց, թե օգնում է մարդիկ գնան տուն:


Լրագրողի դիտարկմանը, որ ճանապարհը փակել են ու նկարահանող խմբի մեքենան մնացել է շրջափակման մեջ, Մովսիսյանը նախ հրաժարվեց ընդունել, որ իր անմիջական հրահանգով են փակել ճանապարհը, բայց երբ Ազատության լրագրողն ասաց, որ այդ պահը ֆիքսել է տեսախցիկը և ուղիղ եթերով բոլորը տեսել են, ագրեսիվ տոնով հակադարձեց.


«Տո լավ եմ արել, փակել եմ, դուք որ փակում եք...»,- ու հեռացավ, որպեսզի հրահանգի դեպի Երևան եկող ճանապարհի մյուս հատվածն էլ փակեն: Հիշեցնենք, առավոտյան Էջմիածնում, Արմավիրում, Արշալույս գյուղում և այլուր ցույցեր էին, մարդիկ շարժվում են դեպի Երևան՝ միանալու Նիկոլ Փաշինյանին:


Ի դեպ, այդ տարածքում կան բազմաթիվ ոստիկաններ, սակայն  նրանք չեն միջամտում որևէ կերպ: Անգամ լրագրողի հորդորներին անցնել գործի ու կատարել իրենց լիազորությունները նրանք անգործության են մատնված:


Քաղաքացիներից մեկին, ով ցուցարարների հետ տեղաշարժվում էր դեպի Երևան, Առաքել Մովսիսյանի համակիրները ուժով իջեցրեցին բեռնատարի ղեկից և տեղափոխեցին տարածքի տներից մեկը: Այս պահին նրա մասին որևէ լուր չկա, գուցե քաղաքացին բռնության է ենթարկվում, սակայն, կրկնենք, ոստիկանները ուղղակի կանգնած են ու չեն միջամտում:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էլ մականունավոր ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է (Լֆիկ) անցել գործի և արգելում ցուցարարների տեղաշարժը: Նա անգամ ուժ է կիրառել քաղաքացու նկատմամբ, ով իր մեքենայով, ի նշան բողոքի, փակել էր ճանապարհի երթևեկությունը: