Շանթ հեռուստաընկերությամբ ցուցադրվեց լուրերի մեկնաբան, լրագրող Արամ Աբրահամյանի հետ Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որում նա անդրադարձել էր երկրի ներսում տեղի ունեցող վերջին իրադարձություններին՝ իր վարչապետության դեմ ուղղված հանրահավաքներին ու ցույցերին:
Այդ խնդրին անդրադարձը Սարսգայնը սկսել է, երբ խոսել է սահմանային լարվածության մասին. «Դուք պատկերացնու՞մ եք սահմանի զինվորի վիճակը, երբ նա սահման է պահում, բայց նրա փոքր եղբայրն ու քույրը չեն կարող դպրոց գնալ, որովհետեւ մեկը կա, որ ուղղակի չի ուզում նա դպրոց գնա:
Գործողությունների մեջ պետք է տրամաբանություն լինի: Ենթադրենք, վարչապետը չի ընտրվել, բա հետո՞: Ենթադրենք Ազգային ժողովն էլ պետք է ցրվի, ցրվեց, ո՞վ է նորը ձեւավորելու, իրե՞նք, էդ 20-30 հոգով: Չէին ուզում տեղի ունենա էդ նիստը, բայց տեղի է ունեցել, էլ ի՞նչ են ուզում, որ գան մտնեն այս շենք, ու ո՞վ է ղեկավարելու: Ս. Սարգսյանը դառնալու է ոչ լեգիտիմ, իսկ իրենք լինելու են լեգիտի՞մ, լավ բա հետո՞, գործողությունների մեջ տրամաբանություն պետք է լինի:
Իրենց խնդիրները թող չփաթաթեն ժողովրդի վզին, այս ամենից մեր երկիրը չի զարգանալու», - ասել է նա:
Մինչ այդ գրեթե նույն կարծիքն էր հայտնել նաեւ Սերժ Սարգսյանի ղեկավարման ընթացքում վեց տարիներին նախագահի աշխատակազմը ղեկավարած, այժմ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն Ազատության հետ հարցազրույցում հայտարարել էր, որ պետական համակարգի աշխատանքների խափանմամբ ընթացող ցույցերը կարող են բացասալան ազդել նաեւ բանակի վրա:
«Երկրում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն ուղիղ կապ ունի բանակի հետ, և եթե կառավարման համակարգը կաթվածահար լինի, դա կազդի երկրի մարտունակության վրա: Խոսքը կոնկրետ այս իրադարձությունների մասին չէ, բայց պատկերացրեք, եթե նման իրադարձությունները, ենթադրենք, ունենային ներուժ ներազդելու, կաթվածահար անելու, ինչպես ասում են որոշ գործիչներ, պետական ողջ համակարգը:
Կարծում եմ, ցանկացած մարդու համար հասկանալի է, որ կաթվածահար կառավարման համակարգով պետության մարտունակությունը իհարկե կարող է մեծապես տուժել դրանից», - ասել է Վիգեն Սարգսյանը:
Նույն հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նախագահական լիազորությունների ավարտից հետո վարչապետ դառնալը լճացում չէ երկրի համար։
«Եվրոպայում կարո՞ղ եք նշել երկրներ, որտեղ որևէ սահմանափակում կա խորհրդարանական կառավարման պարագայում։ Արդյո՞ք համարում եք, որ Գերմանիայում լճացում կա։ Գերմանիայի կանցլերը արդեն 4-րդ անգամ է, եթե չեմ սխալվում, ընտրվում կանցլեր։ Լճացում կա՞ արդյոք»,– ասել է վարչապետը։
Հարցազրույցը վարող Արամ Աբրահամյանի հստակեցնող դիտարկմանը, թե Մերկելը նախկինում նախագահ չէր ու սահմանադրությունը չի փոխել, Սարգսյանն ասել է, որ սահմանադրությունը փոխվել է ոչ թե նախագահի կողմից, այլ հանրաքվեի միջոցով։
Սարգսյանի խոսքերով, սահմանադրական բարեփոխությունները նախաձեռնելիս անձնական նկատառումներ չկային և այն ժամանակ դժվար էր կանխատեսել՝ ով է կանֆնելու երկրի ղեկին։ «Երկու տարի առաջ կամ երեք տարի առաջ շատ դժվար էր 100 տոկոսով համոզված լինել, որ կարող է քաղաքական ուժը ստանա քվե, և այդ քաղաքական ուժը ինձ առաջադրի հանրապետության վարչապետ։ Շատ հնարավոր էր, չէ՞, որ այլ քաղաքական ուժ լիներ, և, բնականաբար, այլ մոտեցում կլիներ»,– նշել է վարչապետը։
Սերժ Սարգսյանի խոսքով, իր վարչապետ դառնալու օգտին փաստարկներից մեկը կապված է Արցախի բանակցային պրոցեսի հետ։ «Պրոցեսը պետք է շարունակվի, մենք չենք փոխելու մեր դիրքորոշումը Արցախի հարցում», - նշել է նա՝ պատասխանելով Արամ Աբրահամյանի ակնարկին առ այն, որ խնդրի լուծումը, կարծես, թողվում է հաջորդ սերնդին։
Վարչապետը նշել է, որ ադրբեջանական կողմը պիտի ազատվի պատրանքից, թե փոխզիջում նշանակում է միայն հայկական կոզմի զիջումը: «Այդ ժամանակ խնդիրը կարող է լուծվել», - նշել է նա։
Փոխզիջումների մասին խոսելիս Սարգսյանը նաև ասել է, որ եթե լիներ ճանապարհ առանց զիջումների ասելու՝ ամբողջը մերն է, և վերջ, միգուցե կարելի էր դրան դրան։ Սակայն այսպիսի ճանապարհ չկա:
«Խաղաղության ճանապարհը համաձայնության գալն է: Իսկ համաձայնության գալու համար անհրաժեշտ է երկու կողմի կարծիքը»: Վարչապետն ավելացրել է, որ մեր ամենօրյա գործը պետք է լինի ամեն ժամ հայկական զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելը: «Սա է ամենառեալ միջոցը կայունությունը պահպանելու: Իհարկե, մենք պետք է զարգացնենք հարաբերությունները մեր դաշնակիցների հետ, որովհետև նրանիցից էլ շատ բան է կախված, բայց ամենահիմնականը հայ զինվորն ու սպան են», - նշել է նա։