27.11.2024
Ասենք վարչապետ չի ընտրվել, ԱԺ-ն ցրվել է. ո՞վ է նոր կառավարություն ձևավորելու. Սարգսյան
prev Նախորդ նորություն

Երևանի տարներ հատվածներում ցույցեր են, բազմաթիվ քաղաքացիներ բերման են ենթարկվում (LIVE)

Առավոտյան ժամը 8-ից ցուցարարները դարձյալ դուրս են եկել փողոցներ: Նրանք մի քանի խմբերով շրջում են Երևանի տարբեր փողոցներում, ինչպես և նախօրեին հորդորել էր «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:


Վերջինս առավոտից վերցրել է դեպի Դավթաշեն ուղղությունը, որի փողոցներով քայլում է այս րոպեներին, մյուս խմբերը այլ վայրերում են՝ Կենտրոնում, Ազատության պողոտայում և այլն:


Լրագրողների հետ ճեպազրույցում շարժման ղեկավար Փաշինյանը բացառեց երկխոսությունն իշխանության հետ՝ նշելով, որ երկրում այլևս իշխանություն չկա.


«Հայաստանում բայց իշխանություն կա՞, որ երկխոսենք: Հայաստանում այլևս իշխանություն չկա, Հայաստանում իշխանությունն այլևս ժողովուրդն է», - նշեց նա:


Հիշեցնենք, նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էր կողմերին հրավիրել երկխոսության, սակայն Փաշինյանը դարձյալ նշեց, որ Սարգսյանը որևէ բան առաջարկելուց առաջ նախ պետք է կատարի իր պարտավորությունն իր առջև և պետք է ցույց տա տեղեկանք, թե որ թվականին է ինքը հրաժարվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից։


«Եթե որևէ մեկն ուզում է խոսել օրենքի գերակայության մասին, ապա պետք է ապացուցի, որ ինքը չի արհամարհում օրենքի գերակայությունը»,- շեշտեց նա։


Նշենք, որ իրավիճակը լարված է Ազատության հրապարակում, ոստիկանները փորձում են բացել ճանապարհը, անցնող մեքենաներից, որոնք ազդանշաններով ողջունում են ցուցարարներին, կանգնացնում և իջեցնում մեքենաներից: Ըստ նախնական տեղեկությունների՝ Ազատության պողոտայից շուրջ 10 քաղաքացի բերման է ենթարկվել, այդ թվում նաև կանայք: Իրավիճակը դեռ լարված է:


Նշենք, որ ավելի վաղ բերման էր ենթարկվել «Մերժիր Սերժին» նախաձեռնության առաջնորդներից Դավիթ Սանասարյանը, բայց այս պահին նրան արդեն ազատ են արձակել: Սանասարյանը շնորհակալություն հայտնեց դրա համար, քանի որ «գոնե մի քանի ժամ հանգստացա»:


«Բոլոր բերման ենթարկվածները իրենց վստահ են զգում, դահլիճում էլ Սերժ Սարգսյանի նկարը կախված չէր: Կարող եմ ասել, որ ոստիկանները մեզ սիրում են»,- հայտարարեց ակտիվիստը:


Արձագանքելով Արմեն Սարգսյանի՝ երկխոսելու մասին հայտարարությանը, Սանասարյանն ասաց.


«Թող Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի հետ երկխոսի, որ հրաժարվի վարչապետությունից»: 


Ի դեպ, րոպեներ առաջ լրագրող Տիրայր Մուրադյանը, որը երեկ ծեծի էր ենթարկվել ոստիկանների կողմից, Facbook-ում գրեց, թե րրեն տանում են անհայտ ուղղությամբ: Այս պահին ճշտվում է լրագրողի գտնվելու վայրը:


Երևանից ու Հայաստանի այլ քաղաքներից, որտեղ այս օրերին ցույցեր են, տեղեկություններ են ստացվում բազմաթիվ բերման ենթարկված քաղաքացիների մասին: 


Նշենք նաև, որ ոստիկանությունը դարձյալ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.


«Կոչ ենք անում ապօրինի հավաքի մասնակից քաղաքացիներին հետևել օրենքով սահմանված իրենց պարտականությունների պատշաճ կատարմանը, չխոչընդոտել ոստիկանության իրավաչափ լիազորությունների իրականացմանը՝ վերոնշյալ իրավախախտումները կատարելու համար համաչափ իրավական ներգործության միջոցների կիրառումից խուսափելու նպատակով:


Միաժամանակ ոստիկանությունը պատրաստակամ է աջակցել խաղաղ հավաքի անցկացմանը, այնպիսի վայրում, որը չի հանգեցնում այլոց իրավունքների, ազատությունների անհամաչափ սահմանափակման»: