Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմավարությունը որակապես այլ, ավելի կոնկրետ արտահայտություններ է ստանում: Նմանատիպ եզրակացություն կարելի է անել, եթե դիտարկենք նախագահ Բարաք Օբամայի որոշումը՝ օդուժ օգտագործել սիրիական զինված խմբավորումներին աջակցելու համար:
Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, ամերիկյան ռազմաօդային ուժերը կարող են օգտագործվել, եթե սիրիական ընդդիմադիր խմբավորումները հարձակման ենթարկվեն սիրիական կառավարական ուժերի կամ այլ խմբավորումների կողմից:
Հոդվածի հեղինակները նշում են, որ այդ որոշումը կարող է ուղիղ առճակատման հանգեցնել ամերիկյան ռազմաօդային ուժերի և սիրիական կառավարական ուժերի միջև և հետևաբար, Օբամայի վարչակազմում ոչ բոլորն են կիսում այդ կարծիքը: Շատ ամերիկացի պաշտոնյաներ մտահոգված են
Բաշար Ասադի կառավարության հետ չկանխամտածված բաց հակամարտության հեռանկարով: Ասադի հակառակորդներին աջակցողները պնդում են, որ ընդդիմադիր խմբավորումները միտված են "Իսլամական պետության" դեմ պայքարի, այլ ոչ թե կառավարական ուժերի և նրանք չեն տեղակայվելու Ասադի կողմից վերահսկվող տարածքներում:
Պետք է հիշեցնել, որ ամերիկացի զինվորականները մայիսին արդեն նախաձեռնել էին սիրիական ապստամբների պատրաստման ծրագիր` "Իսլամական պետության" դեմ պայքարելու համար: Վաշինգտոնը նպատակ ունի տարեկան 5400 մարտիկ պատրաստել, սակայն ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը խոստովանել է, որ ծրագիրը դուրս է մնում նախատեսված ժամանակացույցից:
Կովկասյան քաղաքականության գլխավոր խմբագիր, ռուս լրագրող և մեկնաբան Մաքսիմ Շևչենկոյի կարծիքով, Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ը այսօր փաստացի աջակցում է բոլորին բոլորի դեմ:
«Սիրիայում գործող խմբավորումներն ու ուժերն են՝ "Ջաբհատ-Ան Նուսրան", "Լիբանանի ազատագրման ճակատը" և սալաֆիտները: Նրանք բոլորը հանդես են գալիս, որպես "Իսլամական պետության" հակառակորդներ և հրաժարվում են ճանաչել "Իսլամական պետության" առաջնոդր
Աբու Բաքր Ալ-Բաղդադիին, որպես խալիֆ: Ամերիկացիները մինչև այժմ ցուցադրել են թշնամական դիրքորոշում "Ջաբհատ Ան Նուսրայի" և սալաֆիտների նկատմամբ, աջակցելով այսպես կոչված Սիրիական ազատ բանակին: Սակայն Սիրիայի ազատ բանակը գրեթե գոյություն չունի՝ այդ կազմակերպությունը չունի իրական ոչ մի աջակցություն, նրա մարտական ջոկատները շատ փոքրաթիվ են, և աջակցություն են ստանում հիմնականում ամերիկյան և արևմտյան հատուկ ծառայություններից: Դա վիրտուալ մարտական ուժ է, որն անհրաժեշտ է, որպեսզի արդարացնի այն հզոր և մեծ ժողովրդավարական ընդդիմությունը, որի մասին սիրում են խոսել վաշինգտոնյան ստրատեգները», - նշել է Շևչենկոն
VERELQ-ի հետ զրույցում:
Նրա խոսքով, ամերիկացիները աջակցում են նաև քրդերին: Նրանց են տրամադրվում ամերիկյան զենքերը, հնարավոր է երրորդ անձանց կողմից:
«Իհարկե, ամերիկացիները չեն կարող բացեիբաց հանդես գալ թուրքական օդուժի՝ Քրդական բանվորական կուսակցության դիրքերի ռմբակոծման դեմ: ԱՄՆ-ը և Թուրքիան ՆԱՏՕ-ում դաշնակիցներ են: Ամերիկացիներն աչք են փակում թուրքական բանակի՝ Քրդական բանվորական կուսակցության դեմ մարտական գործողությունների վրա, սակայն ընդհանուր առմամբ քրդերին աջակցությունը տեղավորվում է Վաշինգտոնի մերձավորարևելյան ռազմավարության մեջ», - նշել է
Մաքսիմ Շևչենկոն:
Ընդհանուր առմամբ, կարծում է փորձագետը, ԱՄՆ-ը աշխատանքներ է տանում մի քանի պետություն ստեղծելու, Մերձավոր Արևելքի վերաձևման ուղղությամբ: Այդ ռազմավարությունը սկսել են մշակել դեռևս 10-15 տարի առաջ:
«ԱՄՆ-ը ցանկանում է սունիական պետություններ ստեղծել Սիրիայի և Իրաքի տարածքում: Ամերիկացիները ցանկանում են ուժեղ հարված հասցնել շիական խմբավորումներին: Դրանք Հզբոլահն է, Համասը, Իսլամական ջիհադը, նրանց ենթարկեցնել, օրինակ Սաուդյան Արաբիային կամ Քաթարին: ԱՄՆ-ը ցանկանում է փոխել բոլոր այդ ձևաչափերը, վերացնել ազգային պետություններն իրենց սահմաններից, որոնք ստեղծվել են ժամանակին Անգլիայի և Ֆրանսիայի կողմից», - նշել է նա:
Նոր պետությունը դա Ալ-Բաղդադիի խալիֆայությունը չէ: "Իսլամական պետությունը" այս պարագայում գործիք է, սակայն ամերիկացիների երկարաժամկետ ծրագրերում դրա համար տեղ չկա: Նրա խոսքով, Մերձավոր Արևելքում սունիական պետական միավորումից բացի, ստեղծվելու է նաև քրդական պետություն, իրենց միավորումները կստեղծեն նաև քրիստոնյաները, շիաները, հայերը, ալևիները և դրուզերը: