VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրատես» թերթը գրում է. «Կհարամվի՞ Սերժ Սարգսյանի սպասվող վարչապետությունը, թե՞ այն կանցնի «սահուն, աննշմար, որպես քնքուշ մութի թեւ»:
Կարծում ենք` երկրորդը: Նախ` փողոցային պայքարի մասով. գրեթե զրոյական է հնարավորությունը, որ ընդդիմությանը կհաջողվի գեներացնել կրիտիկական զանգված Ազատության հրապարակում, ուր նրանց սպասում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը: «Սպասողները» ոչ մի կերպ չեն կարողանալու որեւէ բանի հասնել, եթե անգամ այդ գեներացիան տեղի ունենա. շահերը, պատկերացումները, սպասումները անչափ տարբեր են: Հետո էլ՝ իշխանությունները «բորդյուրին» քնած չեն: Եթե չասենք` հատկապես այդ «գործով» արթուն պահակ են` ոչ միայն համապատասխան օբյեկտների նկատմամբ վերահսկողության ուժեղացման, համապատասխան մարմինների հատուկ «ռեժիմային» օրակարգի, այլեւ նույն քաղաքական տեխնոլոգիաների առումով:
Նախ՝ իշխանությունները կհոգան, որ փողոց դուրս եկած «գեներացվածների» մեջ անտիգեներացվածները արագ պառակտեն շարժումը: Եվ հետո, դեռ պարզ չէ, ինչ «գեներացիայով» են այնտեղ նրանք հայտնվելու, երբ արդեն իսկ հայտնի է` Նիկոլի եւ «Ելքի» հետ խնդիր կա` էս գլխից: Չնայած, եթե մեզ հարցնեք, կասենք` չկա. «Ելքը» գրագետ, հավասարակշիռ կհայտարարի, որ իր մի մասին «պահակ է կարգում» խորհրդարանում, մյուս մասը գնում է փողոց` պայքարելու: ՈՒ պահպանելու իր ամբողջականությունը` խիստ գրագետ ձեւով: Սա, կարծում ենք, գիտակցում են նաեւ «Ելքում»: Այնպես որ, խոսելը «Ելքի» պառակտման մասին ոչ միայն վաղաժամ, այլեւ պարզունակ մոտեցման արդյունք է:
Հաջորդ քաղտեխնոլոգիան էլ այն է, որ նույն «գեներացվող» ընդդիմությանը իշխանությունը պահում է եզրագծի վրա` անորոշության մեջ ու դեռ կպահի: Քանի որ Սերժ Սարգսյանը քանիցս է ապացուցել իր անսպասելի խաղացող լինելու «եզրույթը», ըստ այդմ էլ, վարչապետի թեկնածությունը կհայտարարվի ապրիլի 14-16-ի մերձակայքում: Այդ ժամանակահատվածում անգամ ամենագերակտիվ «գեներացվածները» չեն կարող վերակազմավորվել, էլ ուր մնաց` գրագետ պայքար տանել: Իսկ եթե մինչ այդ սկսեն պայքարել վարչապետի թեկնածության դեմ, Դյուրենմաթը եւս մեկ անգամ շուռ կգա գերեզմանում ու կարտաբերի. «Քաղաքական թատրոնն այս անգամ եւս գերազանցեց իմ թատրոնին»:
Մնում է «Հիտլեր-2» տարբերակը. ոմանք արդեն իսկ հայտարարել են, չէ՞, «վենդետա, ահաբեկչություն, անհրաժեշտ դեպքում` զենք»: Ինչը կունենա ¥եթե` «ունենա»¤ լոկալ դրսեւորում, որը կճնշվի տոտալ կոմբինացիայով: Տե՛ս ՊՊԾ գրավումը»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գրությամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի Մարտի 1-ի գործով հարցաքննեն ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Դատախազությունից Փաշինյանին պատասխանել էին, որ Քոչարյանին հարցաքննելու հիմքեր չկան:
Եթե Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով հարցաքննելու հիմքեր չկան, ապա ո՞վ է տալու այն հարցի պատասխանը, որ ակտիվիստները 2008 թվականի մարտի 1-ին կրակել են ոստիկանների ուղղությամբ: ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ՀԺ-ի այս հարցին պատասխանելով, նշել է, որ այդ հարցի պատասխանը նախաքննական մարմինն է տալու:
«Նախագահը, եթե անում է հայտարարություն, ուրեմն ինքը հիմք է ընդունում կոնկրետ տեսաձայնագրություններ: Ես ասել եմ, որ բոլոր տեսաձայնագրությունները, որոնց մասին ընդհանրապես խոսվում է, որի հիման վրա հայտարարություններ են արվում, դրանք գտնվել եւ գտնվում են նախաքննության մարմնի տրամադրության տակ: Հետեւաբար, եթե մի հետեւություն արվում է տեսաձայնագրության հիման վրա, այդ հետեւությունը կարող է անել նախաքննության մարմինը առանց այդ տեսագրությունը դիտած տարբեր մարդկանց հարցաքննելու»,-մեկնաբանեց Կոստանյանը»:
«168 ժամ» թերթը գրում է. «Ես Պուտինի հաղթանակը պյուռոսյան եմ որակում: Պուտինը երկիրն է՛լ ավելի վտանգավոր փակուղի մտցնելու եւ նախկին փակուղին շարունակելու մանդատ ստացավ, որը չափազանց վտանգավոր է: ՌԴ գործող նախագահը ստացավ բնակչությունից էական քարտ-բլանշ, որն ամենազարմանալին է ներկայիս փակուղային իրավիճակի մեջ: Այս արդյունքները ցույց են տալիս, որ նա որեւէ ազդանշան չստացավ բնակչության որոշ հատվածներից եւ ընդդիմությունից, որ երկրում ինչ-որ բան փոխել է պետք, քանի որ լիբերալներն էլ ավելի քիչ ձայներ ստացան, քան նախկին բոլոր ընտրությունների արդյունքում:
Լիբերալ թեւն այսքան քիչ ձայն ՌԴ պատմության մեջ չէր ստացել եւ սա կործանիչ է երկրի համար: Էական հանգամանք է նաեւ այն փաստը, որ այս ամենը տեսնում է Պուտինի շրջապատը, այն մարդիկ, ում վրա հենվում է Պուտինի իշխանությունը, սա իր հերթին՝ նշանակում է, որ նրանք եւս կարծելու են. «ինչո՞ւ փոխել», եւ թույլ չեն տալու Պուտինին իշխանություն պահելու համար նույնիսկ որոշ բարեփոխումներ իրականացնել, կիսել իշխանության պատասխանատվությունը` երկիրը տանելով կործանման»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել ռուս ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Ռիժկովը՝ մեկնաբանելով մարտի 18-ին ՌԴ-ում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները:
Նրա կարծիքով՝ Պուտինը դառնալու է այս հաղթանակի պատանդը: Ռուս քաղաքական գործիչն ամիսներ առաջ էր ենթադրել, որ նախագահական ընտրությունները նման արդյունքներով են ավարտվելու: Ըստ նրա՝ այս արդյունքները ստանալու համար այս անգամ իշխանությունները խախտումների եւ արդյունքները «նկարելու» այլ սխեմա էին մշակել, որը տարբերվել է նախորդից»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կրկին Հայաստանում է: Նա հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ և պատրաստվում է միանալ համաժողովրդական պայքարին: Ինչպես «Ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Կարապետյանը, այս պահին բանակցություններ են ընթանում, և կլինեն նաև հանդիպումներ այլ ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ: Նրա կարծիքով՝ 88-ի շարժման հաջողությանը հասնելու համար հարկավոր է ընդամենը 100 հազար մարդ դուրս բերել Ազատության հրապարակ»:
Նույն թերթը գրում է. «Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները հավանություն տվեցին Միջազգային պայմանագրերի մասին օրենքի նախագծին: Եվս մի օրենք, որով զրոյի են հավասարեցվում պետության գլխի, այն է՝ նախագահի լիազորությունները: Ներկայումս գործող օրենքով նախատեսվում է, որ Հայաստանում միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության նախագահը, կառավարությունը, վարչապետը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, գերատեսչությունները, ինչպես նաեւ միջազգային պայմանագրի օտարերկրյա սուբյեկտները: Կատարվող փոփոխությունից հետո հանրապետության նախագահն առանց կառավարության, այսինքն՝ վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ այս տարվա բյուջեն կազմում է 1 միլիարդ 482 միլիոն 17 հազար 853 դրամ: Կառավարության կայքում կարող ենք տեղեկանալ, թե այս գումարից որքանն է արդեն ծախսվել եւ թե որ ոլորտին որքան գումար է հատկացվել ի սկզբանե: Նախեւառաջ նշենք, որ այս տարվա բյուջեից արդեն իսկ ծախսվել է 217 միլիոն 857 հազար 960 դրամ:
Պետբյուջեի մոտ մեկ երրորդը՝ 408 միլիոն 690 հազար դրամը, նախատեսվել է սոցիալական պաշտպանության ծրագրի իրականացման համար: Այս պահին այդ գումարից օգտագործվել է 83 միլիոն դրամից մի փոքր ավելի գումար: Այս ծրագրի հատկացումներից մեկն էլ հարազատին կորցրած անձանց տրվող դրամական օգնությունն է, որն այս տարվա համար կազմել է 5 միլիոն 122 հազար դրամ, որից, ի դեպ, ծախսվել է 1 միլիոն 107 հազարը: Սակայն ծրագրի ամենամեծ հատկացումները գնում են ծերերի օգնությանը՝ այս տարվա համար այն կազմել է մոտ 300 միլիոն դրամ: Այս նպատակների համար տարեսկզբին արդեն իսկ ծախսվել է մոտ 65 միլիոն դրամ:
Կրթության ոլորտի զարգացման համար 2018 թ. հատկացվել է 127 միլիոն 158 հազար դրամ: Այս գումարից դեռեւս կա 105 միլիոն 66 հազարը: Կրթության ոլորտին տրամադրված ընդհանուր գումարից 29 միլիոն 134 հազար դրամը ուղղվել է նախադպրոցական եւ տարրական կրթությանը, 53 միլիոն 540 հազարը՝ միջնակարգ կրթությանը, իսկ 12 միլիոն 151 հազարն էլ՝ բարձրագույն:
2018 թ. տնտեսության զարգացումն ու աճը պետք է ապահովվի 131 միլիոն 881 հազար դրամի շնորհիվ, որից անցած մի քանի ամիսների ընթացքում արդեն իսկ օգտագործվել է 13 միլիոն 115 հազարը: Տնտեսական հարաբերությունների ոլորտում ամենից շատ ծախսատարը տրանսպորտն է, որի համար այս տարի հատկացվել է 78 միլիոն 311 հազար դրամ: Ընդ որում, այս գումարը բաժանվել է ըստ առանձին ոլորտների՝ ճանապարհային տրանսպորտ՝ 71 միլիոն 185 հազար դրամ, երկաթուղային տրանսպորտ՝ 322 հազար 400, օդային՝ 378 հազար դրամ:
Վառելիքի եւ էներգետիկայի համար նախատեսվում է այս տարի ծախսել 17 միլիոն 433 հազար դրամ, որից արդեն իսկ ծախսվել է 1 միլիոն 105 հազար դրամ: Գյուղատնտեսության, ձկնորսության, անտառային տնտեսության եւ որսորդության համար հատկացվել է 40 միլիոն 130 հազար դրամ, որից էլ դեռեւս կա 32 միլիոն 791 հազար դրամ:
Պաշտպանության ոլորտի համար այս տարի հատկացվել է 247 միլիոն 895 հազար դրամ, որից վերջին տվյալների համաձայն մնացել է 224 միլիոն 537 հազար դրամը: Պաշտպանության ոլորտի «առյուծի բաժինը»՝ 238 միլիոն 245 հազար դրամը, ուղղվել է ռազմական պաշտպանությանը: Սրանից հունվար–մարտ ամիսներին ծախսվել է 22 միլիոն 954 հազար դրամը: Հետազոտական եւ նախագծային աշխատանքների իրականացման համար հատկացվել է 2 միլիոն 433 հազար դրամ, որից դեռեւս ոչ մի դրամ չի օգտագործվել:
Առողջապահական ոլորտի ծախսերը հոգալու համար այս տարի հատկացվել է 84 միլիոն 74 հազար դրամ: Այս գումարից արդեն իսկ չկա 9 միլիոն 422 հազար դրամը: Առողջապահական ոլորտի ծախսերը բաժանվել են ըստ ենթաոլորտների՝ բժշկական սարքեր, սարքավորումներ եւ ապրանքներ ձեռք բերելու համար հատկացվել է 4 միլիոն 231 հազար դրամ, հիվանդանոցային ծառայությունների համար՝ 40 միլիոն դրամ, արտահիվանդանոցայինի համար՝ 37 միլիոն դրամ եւ այլն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ Սահմանադրության` ապրիլի 9-18-ն ընկած ժամանակահատվածում երկիրը կղեկավարի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, որն այս օրերին ՍԴ նախագահ է առաջադրում, ԲԴԽ անդամներ, առաջիկայում էլ կառաջադրի վարչապետին` որպես իշխող մեծամասնության ներկայացուցչի: Հրաժարական տված կառավարությունը` վարչապետից մինչեւ նախարարներ, կդառնան ժամանակավոր պաշտոնակատարներ եւ կառաջնորդվեն նախկին Սահմանադրության նորմերով, որը, ի տարբերության նորի, չի նախատեսում վարչապետի կողմից ուժային կառույցների վերահսկողություն:
Բացառո՞ւմ եք, որ այդ օրերին կարող է տեղի ունենալ իշխանափոխություն, ինչպես եղավ 1998-ի փետրվարին, մի գիշերում։ «Անհնար է, եթե ուշադիր եք` պետաիրավական հանձնաժողովի ֆունկցիաները նույնպես խիստ առանցքային են, առանց նրա պառլամենտը որեւէ բան անել չի կարող։ Կարծում եմ նաեւ, որ հենց այնպես չէր, որ այնտեղ նշանակեցին Գեւորգ Կոստանյանին»,- ասաց ՀՀԿ-ական մեր զրուցակիցը՝ հավելելով․ «Հիմա հասկանում եք, չէ՞, թե ինչու Սերժ Սարգսյանը մեկ տարի առաջ հենց Արա Բաբլոյանին առաջադրեց ԱԺ նախագահի պաշտոնում. սպասվող մեկշաբաթյա այդ լյուֆտի ընթացքում, որի ժամանակ բոլոր «աբիժնիկները», քաղաքական արմատական ուժերը ոտքի կանգնած կլինեն` ֆորսմաժոր պարտադրելու, խաղից Սերժ Սարգսյանին հանելու համար, Բաբլոյանը հաստատապես խաղեր չի տա, «չի դավաճանի իր Նուարդին», որքան էլ դյութեն, օ՜, շամիրամները»: Իսկ որ Կոստանյանը գնաց վճռաբեկ դատարանի ղեկավար, էդ ժամանակ ի՞նչ եք անելու։ «Կարեւորն էս անցումային փուլն անցնցում անցնելն է, հետո ջրի նման սաղ կհոսի»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը, որ մշակվում էր շուրջ երեք տարի, եւ կառավարությունը համարել էր անհետաձգելի, վերջին պահին հանվել է այսօր մեկնարկվող ԱԺ նիստերի օրակարգից: Կառավարությունը որոշել է նախագիծը քննարկման ներկայացնել ապրիլին: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս նախագիծը կառավարությունից ԱԺ ճանապարհին ու ԱԺ-ում ահռելի փոփոխությունների է ենթարկվել:
Ի սկզբանե ամրագրված է եղել, որ բուհերի կառավարման խորհրդի կազմում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չպետք է լինեն: Սակայն ՀՀԿ-ական արդեն նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանը, չդիմանալով գայթակղությանը, առաջարկել է` տասը անդամ ունենալու դեպքում կառավարման խորհրդի անդամներից մեկը, իսկ 10-ից ավելիի դեպքում՝ երկուսը կարող են քաղաքական պաշտոն զբաղեցնել: Կառավարման խորհուրդների կազմն էլ, ըստ նախագծի, հաստատելու է վարչապետը: Այսինքն` անգամ այս լիազորությունն են վերապահում նոր Սահմանադրությամբ ապագա վարչապետին»: