Հայաստանի Հանրապետական կուսակցության և կոալիցիոն Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերում ամենատարբեր ձևաչափերով տեւական ժամանակ քննարկվում է Սերժ Սարգսյանի այս տարվա ապրլիցի հետո ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրվելու թեման, թեև այդ քննարկումները դեռ չեն հասել կուսակցական-ինստիտուցիոնալ հարթակներ։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով 2014 թվականին իր արած հայտարարությանը, որ այլևս երբեք չի առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում։
Սերժ Սարգսյանն ասում է, որ իր հետ էլ արդեն բազմաթիվ գործընկերներ խոսել են և ինքը չգիտի՝ այս քննարկումները երբ կավարտեն։ Սակայն եթե ի վերջո որոշեն, որ առաջադրվելու է իր թեկնածությունը, ապա դա կլինի Սերժ Սարգսյանի կողմից մեկ հավելումով։
Նախագահին հարց է ուղղվել առ այն, որ իր հայտնի ելույթում հայտարարել է, թե խորհրդարանական կառավարման անցնելու պարագայում չի հավակնելու վարչապետի պաշտոնին և հավելել, որ մեկ մարդը 2 անգամից ավելի չպետք է ղեկավարի երկիրը։ Այսօր այդ հայտարարությունը քաղաքական ընդդիմությունը պարբերաբար հրապարակավ մեջբերում է։ Հարցը հետևյալն է. դուք կդառնա՞ք ՀՀ վարչապետ ապրիլին։
Ի պատասխան Սերժ Սարգսյանը նա հայտարարել է, որ վաղուց արդեն ժամանակն է հրաժարվելու համատեքստից դուրս մեջբերումային լեզվակռիվների պարզունակ մարտավարությունից և ժամանակն է լսելու քաղաքական խոսքը, ընկալելու այն և քննարկելու հենց այդ մակարդակում։ «Իսկ քաղաքական խոսքը հստակ է, բայց ոչ պարզունակ։ Երբ գործիչն ուզում է քաղաքական հայտարարություն անել այն մասին, որ չի լինելու ինչ-որ տեղում, նա ասում է՝ ես չեմ լինելու այսինչ տեղում, ինչպես ես հստակ հայտարարել եմ, որ չեմ լինի Հայաստանի Հանրապետության նախագահ», - ընունել է Սերժ Սարգսյան ու միանգամից դրել ստորակետ ու շարունակոլ «բայցով»։
«Բայց երբ պնդումը քաղաքական համատեքստ է պարունակում և խոսվում հավակնությունների ու պատկերացումների մասին, ուրեմն ասելիքն այլ հարթությունում է։ Դժվար չէ սա տարբերել։ Ինչ վերաբերում է հավակնություններին։ Այո, ես այսօր էլ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին։ Բայց ես նախապաշարումներով կամ քարացած մտածողությամբ առաջնորդվող մարդ ինձ երբեք չեմ համարել։ Ես չեմ կարող հաշվի չնստել իրականության հետ և համարել, որ չունեմ պատասխանատվություն ապագայի և ժամանակի մեջ մեր երկրի սահուն ընթացքի համար», - ասել է նա։
Նա նշել է, որ մի կողմից առկա է արտաքին քաղաքականության դրական արդյունքներ, որոնք ամրության լուրջ «պաշար են տալիս մեզ, հասել ենք ներքին կայունության այնպիսի մակարդակի, որն արդեն դրականորեն կանխորոշում է նաև տնտեսական ցուցանիշների դինամիկան», բայց մյուս կողմից չի կարելի հաշվի չառնել սպառնալիքները, որոնք սահմանադրական փոփոխությունների ընթացքում, ցավոք, միայն ավելացել են: «Մենք անցանք ապրիլյան պատերազմ, տեսանք մայրաքաղաքում զենքի ուժով հարցեր լուծելու պատրաստ մարդկանց գործողություններ, այսօր էլ տեսնում ենք ուժեր, որոնք, հաշվի չառնելով հնարավոր հետևանքները, պատրաստ են փողոցում խնդիրներ դնել, անկախ նրանից՝ այդ խնդիրները քաղաքագիտության և տրամաբանության շրջանակում են, թե՝ ոչ», - հայտարարել է նա։
Սարգսյանը նշել է, որ ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում քաղաքական պատասխանատվություն և կառավարություն ձևավորելու լիազորություն ստանձնած Հանրապետական կուսակցության և կոալիցիոն ՀՅԴ-ի շարքերում ամենատարբեր ձևաչափերով թեման ամիսներ շարունակ քննարկվում է, թեև այդ քննարկումները դեռ չեն հասել կուսակցական-ինստիտուցիոնալ հարթակներ։ «Ինձ հետ էլ արդեն բազմաթիվ գործընկերներ խոսել են։ Չգիտեմ այս քննարկումները երբ կավարտենք։ Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։
Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարևոր է։ Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից», - հայտնել է նա։
2014թ․ապրիլին, երբ Սերժ Սարգսյանը նոր էր նախաձեռնում սահմանադրական փոփոխությունների գործընթացը, հայտարարել էր․
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար․․․ Եթե [նոր սահմանադրության – խմբ․] վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»:
Սերժ Սարգսյանը և նրան սատարող ուժերի տարբեր ներկայացուցիչներ այսօր արդեն չեն բացառում, որ 2017 թվականի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներից կախված՝ կարող է առաջադրվել վարչապետի պաշտոնում։
«Ալ Ջազիրա» հեռուստաընկերության՝ Հայաստանի մասին պատրաստած ֆիլմում, լրագրողի հարցին՝ «Դիտարկո՞ւմ եք առաջադրվել վարչապետի պաշտոնում նոր Սահմանադրությամբ», Սարգսյանը պատասխանել է․
«Ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունները վարելը։ Դա նույնն է, որ մենք, դեռևս ձուկը ջրում սկսենք խոսել նրա օգտագործման մասին։ Ասելս ինչ է, որ մենք հաջորդ տարի ունենալու ենք խորհրդարանական ընտրություններ: Եվ որպեսզի ես այդպիսի տարբերակ դիտարկեմ, առնվազն մեր կուսակցությունը պետք է ընտրություններում շատ լավ քվե ստանա»։