23.11.2024
ՀԲ-ը խորհուրդ է տալիս փակել Նաիրիտը. ՀՀ-ի կառավարությունը ցանկանում է այն վերագործարկել
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. ՀՀԿ խմբակցության գործարար թևի ներկայացուցիչները խուճապի մեջ են

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այսօր ՀՀ Ազգային ժողովին կներկայացվի հաղորդում` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական եւ ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այս օրերին զբաղված է պատգամավորներին մի քանի ժամով խորհրդարան «բերման ենթարկելու» խնդրի լուծմամբ: Սահակյանը խմբակցության ղեկավարներին զանգահարել եւ անձամբ խնդրել է, որպեսզի անպայման ներկա գտնվեն քննարկմանն ու իրենց հետ առնվազն մեկ պատգամավոր «բերեն» ԱԺ: Եւ երեկ խմբակցության ղեկավարներից յուրաքանչյուրը փորձում էր գտնել իր «մինուճարին»: Բանն այն է, որ այս օրերին պատգամավորները հիմնականում գտնվում են արտերկրում եւ վայելում են իրենց հանգիստը: Հիշեցնենք, որ «Նաիրիտ»-ի ուսումնասիրություններն իրականացվել են «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետների կողմից, Համաշխարհային բանկի պատվերով: Այս նպատակով ՀԲ-ն ծախսել է մոտ 100 հազար դոլար դրամաշնորհ»:

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ պատգամավորական խմբակցության գործարար թևի ներկայացուցիչները խուճապի մեջ են: Նրանք վստահեցնում են, թե իրենց ասվել է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծն ընդունվելուց հետո, երբ ընտրությունները կանցկացվեն բացառապես համամասնական ընտրակարգով, իրենք այլևս ՀՀԿ համամասնական ցուցակում լինելու հնարավորություն չեն ունենա, և այդ պատգամավորների օրենսդիր կենսագրությունը կավարտվի: ՀՀԿ-ականներն ասում են, որ այդ տեղեկությունը իրենց է փոխանցել ՀՀԿ մամուլի խոսնակ և Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, իսկ նա ներկայացնում է Հանրապետական կուսակցության և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը: Ի՞նչ է սա նշանակում և ինչո՞ւ է այս տեղեկությունը պատգամավորներին տրվում հենց հիմա՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ: Մի՞թե պատգամավորներին դրա մասին չէին կարող ասել հանրաքվեից հետո, այն դեպքում, երբ խորհրդարանական ընտրությունները կազմակերպվելու են հանրաքվեից մեկուկես տարի հետո: ՀՀԿ վերնախավը չի կարող չհասկանալ, որ գործարար պատգամավորներին նախապես հայտնելով այդ լուրը, նրանց տրամադրում են սահմանադրական փոփոխությունների դեմ, որոհետև հենց այդ փոփոխությունների մեջ են նրանք տեսնում իրենց օրենսդիր գործունեությունը խոչընդոտողին: Կա տեսակետ, որ ՀՀԿ-ի գործարար թևի ներկայացուցիչները, որոնք բոլոր ընտրություններում համարվել են կուսակցության համար քվե ապահովող հիմնական ուժը, ում վրա է դրված եղել տեղերում քվեարկության կազմակերպումը և ձայների ապահովումը, անկախ ամեն ինչից՝ պարտադրված են լինելու աշխատել հօգուտ սահմանադրական փոփոխությունների նախագծի անցկացման: Որ իշխանությունը նրանց նկատմամբ այնպիսի ազդու լծակներ ունի, որ նրանք չեն համարձակվի դեմ գնալ իշխանության համար ցանկալի նախագծի անցկացմանը, որքան էլ որ այն իրենց անձնական շահերին դեմ լինի: Բայց դա իրականում չափազանց միամիտ բացատրություն է: Որքան էլ իշխանությունը գործարար թևի վրա ազդելու լծակներ ունենա, որքան էլ նրանք հանուն իրենց բիզնես շահերի պարտադրված լինեն կատարել բարձրագույն իշխանության հրահանգները, միևնույն է՝ իշխանությունը հասկանում է, որ երբ կա անձնական շահի և իջեցված հրահանգի հակադրություն, կատարողները այդ հանձնարարականը չեն կատարելու լիարժեք, և ձախողումներն անխուսափելի են»:

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Իրականում Հայաստանում չի եղել, չկա և չի լինելու բռնապետական ռեժիմ՝ այդպիսի ռեսուրսներ մեր երկիրը չունի: Նման ռեժիմի հիմքը, որպես կանոն, օգտակար հանածոների հիման վրա հիմնված տնտեսությունն է կամ՝ զավթողական քաղաքականությունը: Չկա և չի լինի միակուսակցական կամ միաբևեռ՝ «ընդդիմությունից զուրկ» խորհրդարան, չի լինելու համընդհանուր գրաքննություն, չի լինելու քաղաքական հավաքների արգելք, չեն լինելու «առաջնորդի» ցիկոլպիկ արձաններ և այլն: Եկեք մոռանանք Հայաստանում բռնապետության հնարավորության մասին: Մեր իրական խնդիրները գուցե ավելի ծանր են, ավելի «վնասակար են», քան բռնապետության դեպքում, բայց՝ այլ են: Դրանք հիմնականում երեքն են: 1/ Հայաստանում չկան իշխանությունը փոխելու իրավական մեխանիզմներ [պալատական հեղաշրջումները հաշիվ չեն]: 2/ Հայաստանում հարստությունը պատկանում է մի քանի ընտանիքի, և այդ ընտանիքները կապված են բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ: 3/ Հայաստանում չկա անկախ դատական համակարզ, և, հետևաբար, քաղաքացիները պաշտպանված չեն ոչ մի ապօրինությունից: Սրանք, իհարկե, ավտորիտար հասարակարգի հատկանիշներ են՝ հասարակարգ, որը այս կամ այն ձևով գոյություն ունի նախկին խորհրդային, ինչպես նաև Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ամենեևին ոչ բռնապետական երկրներում: Այդ համակարգն, անշուշտ, խոչընդոտում է երկրի տնտեսական զարգացմանը, ավելացնում է աղքատ բնակիչների թիվը, մեծացնում է վիհը հարուստների և աղբատների միջև: Այդ համակարգից ազատվելու համար պետք են ոչ թե բնակիչներ, այլ քաղաքացիներ, որոնք նոր-նոր են ի հայտ գալիս մեր երիտասարդների մեջ: Ցանկալի է նաև, որ իրավիճակին ճիշտ ախտորոշում տրվի, և մենք հստակ գիտակցենք, թե որտեղ ենք գտնվում»: