«Սուլթան» Էրդողանն ուժեղացրել է հակաիսրայելական հռետորաբանությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միշտ ձգտել է առաջատար մուսուլմանական առաջնորդի տեղ զբաղեցնել, ով պաշտպանում է պաղեստինցիներին և սրբավայրերը Երուսաղեմում: Ուստի թուրք ղեկավարի կողմից ներկայիս հիստերիայի ալիքը ոչ ոքի չի զարմացնում: Միաժամանակ, ժամանակակից թուրք «սուլթանը» նաև լրացուցիչ պատճառներ ունի Իսրայելի դեմ ուղղված հռետորության սրման համար, և այդ պատճառները կապ չունեն Տաճարի լեռան հետ: Այս մասին գրում է իսրայելական NRG պարբերականը:
Թեև թուրքական տնտեսությունը ծաղկում է (դրա աճն ընթացիկ տարվա վերջին եռամսյակում կազմել է 11%), քաղաքական ղեկավարության դեմ միջազգային հետաքննություն է տարվում կոռուպցիայի կասկածանքով, իսկ Անկարայի հարաբերությունները Վաշինգտոնի հետ հասել են երկկողմանի դիվանագիտության պատմության մեջ զարգացման ամենացածր կետին:
Նյու Յորքում սկսվել է դատական քննարկում թուրքական Halkbank բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Մեհմեթ Հաքան Աթիլլայի գործով, ով, ամերիկացիների պնդմամբ, կապ ունի հակաիրանական պատժամիջոցների խախտման հետ: Դատական հետաքննության ընթացքում հետաքննության տակ գտնվող մեկ ուրիշը՝ ոսկու առևտրական Ռեզա Զարեբը, պնդում էր, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն իմացել է Իրանի հետ առևտրի մասին:
Նրա վկայությունը զայրութ և անհանգստություն է առաջացրել թուրքական ղեկավարության շրջանում, քանի որ բոլորին հայտնի են Զարեբի կապերն Անկարայում բարձրագույն պաշտոնյաների, ներառյալ՝ Էրդողանի և նրա ընտանիքի հետ: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պնդում է, որ դատարանն Ամերիկայում «քաղաքական զրպարտություն է՝ զրկված որևէ իրավական հիմքից»: Միաժամանակ, թուրքական ընդդիմության ղեկավարները վերջերս հայտարարել են, որ Էրդողանի ընտանիքը միլիոնավոր դոլարներ է փոխանցել օֆշորային գոտի:
Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը տեղի ունեցավ Նյու Յորքում դատավարության սկսվելուց մի քանի օր անց: Դա Էրդողանին հնարավորություն տվեց հասարակության ուշադրությունը շեղել զարգացող կոռուպցիոն սկանդալից: Ազգայնական, հակաիսրայելական և հակաամերիկյան հռետորությունը բավական տեղին եղավ:
Բացի դրանից՝ Անկարայի և Վաշինգտոնի միջև վերջին ամիսներին առանձնահատուկ լարվածություն է իշխում: ԱՄՆ դեսպանատունը Թուրքիայում հայտնել է, որ ինքը կկարողանա ԱՄՆ-ի վիզաներ ձևակերպել միայն 2019 թ. սկզբից: Ամերիկացիները վիզաների տրամադրումը դադարեցրել են ԱՄՆ դեսպանատան 2 աշխատակցի ձերբակալության հետ կապված: Թուրքական իշխանությունները պնդում են, որ նրանք կապ ունեն ռազմական հեղաշրջման փորձի հետ: