ԱՄՆ-ը 14 տարի ջանում է սպանել իրանցի գեներալ Սոլեյմանիին
Հորդանանում Իրանի նախկին դեսպան Մուստաֆա Մոսլեհզադեն հայտարարել է, որ 14 տարվա ընթացքում ԱՄՆ-ը դավադրություններ է կազմակերպել՝ Իսլամական հեղափոխության պահակազորի «Կուդս» հատուկ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի սպանության նպատակով։
«Ամերիկացիները ջանում են սպանել նրան 2003 թվականից։ Այդ դավադրությունը պաշտոնապես դիտարկվել է ԱՄՆ Կոնգրեսում։ Նաև ասվել է, որ արտասահմանյան երկրներում մի շարք իրանցի դիվանագետների առևանգումն իրականացվել է այն պատճառով, որ առևանգողները կարծել են, թե նրանց թվում է նաև գեներալ Սոլեյմանին»,-ասել է Մոսլեհզադեն, ով ներկայում դասավանդում է համալսարանում։
Նա նշել է, որ ԱՄՆ-ը գեներալ Սոլեյմանիին համարում է տարածաշրջանում իր պարտությունների և անհաջողությունների պատճառը, հայտնում է Fars News-ը։
Սոլեյմանին անցած ամիս մեղադրել էր ԱՄՆ-ին բոլոր հանցագործություններում, որոնք իրականցվել են ԴԱԻՇ-ի կողմից տարածաշրջանի պետություններում։ Նա նշել էր, որ իրաքյան և սիրիական բանակները, իրաքյան ժողովրդական «Հաշդ ալ-Շաաբի» ուժերը և Հասան Նասրալլայի գլխավորած լիբանանյան դիմակայության խումբը վճռորոշ դեր են խաղացել ԴԱԻՇ-ի նկատմամբ հաղթանակում։