ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրն այցելել է Արցախի Հանրապետություն: Ստեփանակերտում տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ:
ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է երկու կառավարությունների միջև համագործակցության նման ձևաչափը՝ տարբեր ոլորտներում մոտեցումների համադրման և պետական ծրագրերի արդյունավետության բարձրացման գործում: Արցախի պետնախարարը ներկայացրել է Արցախի տնտեսության ընթացիկ իրավիճակը՝ ընդգծելով, որ 2017 թվականի 9 ամսվա տվյալներով հանրապետությունում հաջողվել է աննախադեպ` 16.5 տոկոս աճ ապահովել: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ տարբեր ոլորտներում խոշոր նախագծեր են մեկնարկել, որոնք առաջիկա տարիներին պայմանավորելու են Արցախի Հանրապետության տնտեսության կայուն զարգացումը:
Կարեն Կարապետյանը շեշտել է, որ իրենց յուրաքանչյուր այցն Արցախ ոգևորիչ է: «Արցախի տնտեսության զարգացման ցուցանիշները շատ տպավորիչ են: Մեր կանխատեսմամբ, այս տարի մենք նույնպես կունենանք 2017 թվականի համար նախատեսածից ավելի բարձր ցուցանիշներ թե’ տնտեսական աճի, թե’ տնտեսական ակտիվության, թե’ արտաքին առևտրի և թե’ արտահանման ու ներմուծման առումով, և կարծում եմ՝ ճիշտ հիմք կդնենք հետագա զարգացման համար: 2018 թվականի բյուջեն տարբերվում է 2017 թվականի բյուջեից նրանով, որ մեր կարողություններից ելնելով՝ հիմնական շեշտադրումը դրել ենք կայուն տնտեսական աճ ապահովելու համար հիմք ստեղծելու վրա», - նշել է ՀՀ վարչապետը:
Կարեն Կարապետյանն տեղեկացրել է, որ Մեղրիում պաշտոնապես բացվել է Ազատ տնտեսական գոտին և հրավիրել է Արցախի բիզնեսին նույնպես ներգրավվել այդ հարթակում՝ այն շատ հեռանկարային համարելով:
ՀՀ վարչապետը նշել է, որ երկկողմ օրակարգն Արցախի Հանրապետության հետ շատ լուրջ է ու բազմազան և ընդգրկում է մի շարք ոլորտներ, այդ թվում նաև` գյուղատնտեսությունը, տարածքային կառավարումը, առողջապահությունը, թվային օրակարգը: «Ձեզ հետ միասին մենք պետք է ֆիքսենք, որ չափազանց կարևոր է, որ այն բոլոր ժամանակակից միտումները, որոնք այսօր գործում են աշխարհում կառավարման համակարգում, պետք է Արցախում դառնան առօրյա: Դա խիստ անհրաժեշտություն է», - նշել է Կարեն Կարապետյանը:
ՀՀ վարչապետը նաև շատ տպավորիչ է համարել Արցախի բարեփոխումներն ու հաջողություններն էներգետիկ բնագավառում՝ վստահություն հայտնելով, որ Արցախը դառնալու է ինքնաբավ, էլեկտրաէներգիա արտահանող երկիր:
Նույն օրը Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
Նախագահ Բակո Սահակյանն ընդգծել է, որ Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ այն համարելով Արցախի Հանրապետության զարգացման ու զորացման կարևորագույն հիմքերից մեկը: ԱՀ նախագահը նշել է, որ այս տարի տնտեսության մեջ բավական բարձր ցուցանիշներ են արձանագրվել՝ ընդգծելով նաև Հայաստանի կառավարության մասնակցությունն այդ ձեռքբերումներում: Նա տեղեկացրել է նաև մի շարք հավակնոտ ծրագրերի մասին, որոնք նախատեսվում է իրականացնել 2018 թ.:
Նախագահ Սահակյանի խնդրանքով, Կարեն Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել է Մեղրիում բացված Ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ: Նշելով, որ այսօր արդեն մի քանի պայմանագրեր են ստորագրվել ԱՏԳ-ի գործունեության վերաբերյալ՝ Հայաստանի գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ դա չափազանց կարևոր քայլ է, որը մուլտիպլիկատիվ էֆեկտ կունենա: «Այս տարի մենք նույնպես ունենալու ենք որոշակի թվեր, որոնք վկայում են դրական տենդենցի մասին: Իհարկե, դա չի նշանակում, որ անելիքները քիչ են, բայց մենք ունենք հստակ պատկերացում, թե ինչպես պետք է զարգացնենք մեր տնտեսությունը», - ասել է ՀՀ վարչապետը: Խոսելով Իրանի հետ տնտեսական համագործակցության մասին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ չնայած այս տարի երկկողմ առևտրաշրջանառության ոլորտում 9 տոկոս աճ է գրանցվել, սակայն այդ թվերը հեռու են իրական ներուժից:
ՀՀ վարչապետը և Արցախի նախագահը քննարկել են էներգետիկայի, առողջապահության, տարածքային կառավարման, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով այդ համատեքստում փորձի փոխանակումը և ավելի սերտ փոխգործակցությունը համապատասխան գերատեսչությունների միջև:
Զրուցակիցները քննարկել են անվտանգության, մասնավորապես, ԼՂ հիմնախնդրի հետ կապված հարցեր: