26.11.2024
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց. շաբաթն առաջնագծում
prev Նախորդ նորություն

Միլիոններ գողացող մարդիկ մնում են անպատիժ. Շարլ Ազնավուրը քննադատել է ՀՀ իշխանություններին

Երբ մեկը երկու ձու է գողանում, նրան բանտարկում են, մինչդեռ այն մարդիկ, որոնք միլիոններ են գողանում, մնում են անպատիժ. դա անընդունելի է: Ֆրանսիական Nouvelles d’Armenie պարբերականին այս ամիս տված հարցազրույցում նշել է ֆրանսահայ երգիչ, երգահան Շարլ Ազնավուրը գրում է Ազատությունը:


«Պետք է գիտակցենք, որ ունենք գեղեցիկ մի երկիր, որը պետք է զարգացնել, այլապես այն մի օր կարող է անհետանալ այնպես, ինչպես որոշ հին քաղաքակրթություններ: Իսկ դրա պատասխանատվությունը կկրեն Հայաստանի ղեկավարները», - ասել է Ազնավուրը:


Աշխարհահռչակ շանսոնյեի խոսքով, ինքն այս թեմայի շուրջ խոսել է Հայաստանի ղեկավարների հետ․ «Ես նրանց չեմ խնայում: Ասում եմ այն, ինչ որ մտածում եմ»:


Ազնավուրը նշել է, որ իր գործունեությամբ ջանում է անել այնպես, որ Հայաստանն ունենա շատ բարեկամներ․ «Ես կոչ եմ անում մարդկանց ներդրումներ կատարել Հայաստանում, նվիրվել Հայաստանին»:


Ըստ նրա Հայաստանն այժմ շատ վատ ուղու վրա չէ, առաջ է գնում, որոշ բաներ լավ են, գլխավոր խոչընդոտը՝ կոմունիստական հասարակարգի թողած դրոշմն է, որից ամբողջապես ազատվելու համար դեռ մի քիչ ճանապարհ պետք է անցնել:


Շանսոնյեն անդրադարձել է նաև «Շարլ Ազնավուր» հիմնադրամին, որը փոխարինում է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո ստեղծված «Ազնավուրը Հայաստանի համար» միությանը: Ազնավուրը նշել է, որ հիմնադրամը շարունակում է նախորդի մարդասիրական գործունեությունը՝ տուն ու տանիքից զուրկ մարդկանց օգնելու համար, բայց նաև մշակութային գործունեություն է ծավալելու:


Նույն հարցազրույցում Ազնավուրն անդրադարձել է նաև Ֆրանսիայի նախկին և ներկա նախագահներին՝ Ֆրանսուա Օլանդին և Էմանյուել Մակրոնին:


«Պետք է դեռ թողնել, որ նա աշխատի, պետք է վստահություն ցուցաբերել նրա հանդեպ», - ասել է Ազնավուրը՝ հավելելով, որ ինքը մտադիր է Հայաստան հրավիրել Մակրոնին․ «Մի հրավեր, որը պետք է նախապատրաստել այնպես, որ այն օգտակար հանդիսանա Հայաստանի համար»:


Ֆրանսահայ երգիչը շարունակում է համերգներով հանդես գալ: Անցյալ շաբաթ Փարիզի ամենամեծ համերգասրահում տեղի ունեցավ նրա մենահամերգը: Մամուլը բազմաթիվ գրախոսականներով արձագանքեց Ազնավուրի այդ մենահամերգին՝ նրան որակելով իբրև «ֆրանսիական երգի վերջին մեծը», ավելին՝ «ֆրանսիական երգի վերջին հսկան»: