Երուսաղեմը պետք է մնա բաց քաղաք միաստվածության 3 կրոնների համար. Արամ Ա կաթողիկոս
Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը մերժում է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից տեղեկացնում են, որ Լիբանանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Կաթողիկոսը անդրադարձել ԱՄՆ-ի նախագահի` Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությանը, մերժելով այդ մոտեցումը, որը չի համապատասխանում միջազգային օրենքի արդարության ու պատմական իրողությանը։ Միաժամանակ, Վեհափառ Հայրապետը շեշտել է, որ Երուսաղեմը պետք է մնա բաց քաղաք միաստվածության երեք կրոնների ներկայացուցիչների համար՝ հրեական, քրիստոնեական ու իսլամական, և հիշյալ կրոնների իրավունքները պետք է միշտ պաշտպանված լինեն Երուսաղեմում։
Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աուն իր հերթին ներկայացրել Լիբանանի դիրքորոշումը ԱՄՆ-ի նախագահի հայտարարության վերաբերյալ` նշելով, որ նույնպես մերժում է այդ մոտեցումը:
Հայրապետն իր խոսքում անդրադարձել է նաև հայ եկեղեցու ազգային նկարագրին ու ժողովրդանվեր ծառայությանը և, ընդհանրապես Սփյուռքի համայնքներում դերակատարությանը: Իր հերթին Լիբանանի նախագահը շեշտել է հայկական Սփյուռքի կարևորությունը և հայերեն լեզուն, հայկական արժեքներն ու մշակույթը պահպանելու անհրաժեշտությունը:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունն առանձին հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահի հետ: Հանդիպման ընթացքում արծարծվել են Լիբանանը և, ընդհանրապես, Միջին Արևելքը հուզող քաղաքական հարցեր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշումից հետո Դոնալդ Թրամփին նամակով դիմել են Երուսաղեմի 13 պատրիարք և եկեղեցիների առաջնորդ, նրանց թվում՝ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը:
«Մենք համոզված ենք, որ նման քայլը կբերի ատելության ավելացմանը, կոնֆլիկտի, բռնության սրացմանը Երուսաղեմում և Սուրբ հողում: Մեր խորհուրդն ու աղաչանքն է, որ Միացյալ Նահանգները շարունակեն ճանաչել Երուսաղեմի ներկա միջազգային կարգավիճակը: Յուրաքանչյուր փոփոխություն կարող է բերել անվերադարձ վնասի»,- գրել են պատրիարքները: