2018թ. կանխատեսվում է 2017թ. համեմատ ՀՆԱ-ի առաջանցիկ՝ 4.5% իրական աճ, որին հիմնականում կնպաստեն ծառայությունների և արդյունաբերության ճյուղերը: Այս մասին ԱԺ–ում ներկայացնելով ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագիծը հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Tert.am-ի փոխանցմամբ, նա նշել է, որ 2018 թ. տնտեսական աճը պայմանավորված կլինի ինչպես ներքին պահանջարկի աճով, այնպես էլ արտաքին զարգացումներով:
Ըստ բյուջեի նախագծի՝ 2018թ. տնտեսական աճի տեմպերի արագացման և տնօրինվող եկամտի աճի պայմաններում կանխատեսվում է սպառման 6.5% իրական աճ: Ընդ որում՝ վերջնական սպառումը կաճի և՛ մասնավոր, և՛ պետական հատվածներում:
Նախարարը նշեց, որ 2018թ. կանխատեսվում է արտահանման` 8.0%, ներմուծման` շուրջ 7.8% իրական աճ: «2018թ. համախառն պահանջարկի շարժիչ է ներքին պահանջարկը՝ սպառման և ներդրումների մասնաբաժինը ՀՆԱ-ում բարելավվելու է»,-ասաց նա:
Արտաքին ապրանքաշրջանառության մասով Արամյանն ասաց, որ 2018թ. ներմուծումը կշարունակի աճել՝ կազմելով շուրջ 10%: 2018 թվականին` գործընկեր երկրների տնտեսական աճին և ՀՀ կառավարության կողմից տնտեսության արտահանելի ոլորտում վարվող քաղաքականության ուղղությանը համահունչ, կանխատեսվում է արտահանման շուրջ 11.5% աճ (դոլարային արտահայտությամբ):
Նախարարը նշեց, որ ակնկալվում է, որ 2017թ. ՀՆԱ-ի նկատմամբ ընթացիկ հաշվի պակասուրդը կկազմի մոտ 3.2%, իսկ 2018թ. այն կավելանա՝ կազմելով 3.6%: «Պակասուրդի կայուն նվազման հետագիծ կա: Այդ պակասուրդի հաշվին հիմնական մեխը դնում ենք կապիտալ ծախսերի վրա: Այսինքն, եթե ճանապարհ է կառուցվում, մենք գումար ենք ավելացնում, որ հավելյալ արժեք ստեղծի»,- ասաց նա:
Անդրադառնալով բյուջեի եկամուտների կանխատեսումներին` Վարդան Արամյանը տեղեկացրեց, որ «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 1,307.3 մլրդ դրամ` 2017 թ. համար հաստատված 1,210.0 մլրդ դրամի և 2016 թ. փաստացի ստացված 1,135.9 մլրդ դրամ համադրելի գումարների դիմաց: Ակնկալվում է, որ ՀՀ 2018թ. պետական բյուջեի եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 22.3%` 2017թ. համար հաստատված և 2016թ. փաստացի 22.4%-ի դիմաց»,-ասաց նա:
Ըստ բյուջեի նախագծի՝ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը 2018 թ. համար ծրագրվել են 1,247.9 մլրդ դրամի չափով: 2018 թ. հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով տարեկան ցուցանիշը ծրագրվել է` ըստ նախորդ տարիների հավաքագրման և մակրոտնտեսական միջավայրի զարգացման միտումների, տնտեսական գործոնների և վարչարարական միջոցառումների իրականացումից ակնկալվող լրացուցիչ մուտքերի: Ընդ որում` նախորդ տարիների հավաքագրման և մակրոտնտեսական միջավայրի զարգացման միտումների հիման վրա հարկային եկամուտները և պետական տուրքերը 2018 թ. համար ծրագրվել են 1,217.1 մլրդ դրամի չափով, իսկ ըստ տնտեսական գործոնների` (այդ թվում` վարչարարական միջոցառումների իրականացումից) 2018 թ. ակնկալվում է հավաքագրել 30.8 մլրդ. դրամ:
Օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից բյուջեի նախագծով 2018 թ. ակնկալվում է ստանալ 35,6 մլրդ դրամի չափով պաշտոնական դրամաշնորհներ: Այլ եկամուտների գծով մուտքերը 2018 թ. համար ծրագրվել են 23.8 մլրդ դրամի չափով:
2018 թ. պետական բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրավորվել է շուրջ 1,464.2 մլրդ դրամի չափով: Ծախսերի ամբողջ ծավալի 88.2 %-ը կամ 1,291.8 մլրդ դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին, 11.8 %-ը կամ 172.4 մլրդ դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով զուտ ծախսերին:
Նախարարը նշեց, որ ընդհանուր աշխատավարձի ֆոնդը 3 մլրդ դրամով կկրճատեն. դրա ազդակն այն է, որ Կառավարությունը փորձում է վերաիմաստավորել իր քաղաքականությունը` «միաժամանակ հասկանալով, որ մարդ կրճատելը վատ է»:
Նախարարը խոսեց նաև կառավարության որդեգրած «Ոսկե կանոն» գաղափարախոսության մասին, ըստ որի` պետք է ջանքեր գործադրեն, որ ընթացիկ ծախսերը ֆինանսավորվեն եկամուտների հաշվին, այսինքն՝ պարտք վերցնեն, ուղղեն կապիտալ ներդրումներին, որից էլ ստացած եկամուտներով ընթացիկ ծախսերը փակվեն:
Նախարարն ասաց, որ գնալով աճում են պետական պարտքի սպասարկման ծախսերը: Ըստ Արամյանի՝ բյուջեի ծախսերի հիմնական ուղղվածության մաս են կազմում պարտքի սպասարկումը, անվտանգությանն ուղղված ծախսերը, սոցիալական ուղղվածությանը ևս: Ըստ նրա՝ սոցիալականը բավական մեծ բաժին է կազմում, ինչը փոփոխության կարիք ունի:
Խոսելով պարտքի աճի մասին`նախարարն ասաց, որ երկու տնտեսական ցնցման արդյունքում ունեցել ենք պետական պարտքի աճ ՀՆԱ-ի նկատմամբ: Ըստ Արամյանի՝ 2018թ-ին պետական պարտքը պետք է աճի, բայց համեստ տեմպերով, քան ճգնաժամի ժամանակ: «Մենք հիմա ներկայացնում ենք բյուջե, որով ՀՆԱ-պարտք հատվածը նախագծել ենք շրջել դեպի ներքև»,-ասաց նախարարը, ապա հավելեց, որ սա որոշակի զգայունություն ունի փոխարժեքների տատանման նկատմամբ:
«Կառավարության պարտքը անվանական առումով աճում է, բայց ՀՆԱ-ի մասով 1%-ային կետով նվազում է: Սպասարկումների մեծ մասը գնում է դրամային պարտատոմսերի սպասարկմանը»,-ասաց նա և հավելեց, որ դրանով հանդերձ մենք լինելու ենք նվազ պարտք ունեցող երկրների ցանկում: