VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հրավիրված ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված էր «Ծառուկյան» դաշինք խմբակցության կողմից ԱԺ ներկայացված երեք օրենսդրական նախաձեռնություն: «Ծառուկյան» դաշինքի անդամ պատգամավորներն առաջարկում էին օրենսգրքում մի քանի փոփոխություններ կատարել, որոնք կթեթևացնեին քաղաքացիների և տնտեսվարողների հարկային բեռը։ Սակայն այդ նախաձեռնությունները չքննարկվեցին, քանի որ հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հայտնեց, որ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների առաջարկով քննարկումը հետաձգվում է մինչև երկու ամիս ժամկետով։ Սա նշանակում է, որ «Ծառուկյան» դաշինքը երկու ամսով զինադադար է հայտարարում կառավարությանը, որն այդ նախագծերը մերժել էր։ Թե ինչով է պայմանավորված զինադադարը և կվերածվի կայուն խաղաղության՝ պարզ կլինի առաջիկայում»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ տեղեկություն է հասել, որ ԱԱԾ նախկին պետ՝ հանգուցյալ Գորիկ Հակոբյանի փեսային՝ Գագիկ Հովհաննիսյանին, նոր պաշտոն են տալու։ Նա ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետն է, նախկինում եղել է ՆԱՏՕ-ի բաժնի պետը։ Եվ հնարավոր է նշանակվի ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպան։ Նշենք, որ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավարը 2010-ից Արմեն Եդիգարյանն է։ Փորձեցինք տեղեկությունը ճշտել Հովհաննիսյանից, որը կտրականապես հրաժարվեց մեկնաբանել՝ նշելով, որ ինքն ԱԳՆ պաշտոնյա է, իրավասու չէ մեկնաբանություն տալ լրատվամիջոցներին, այդ հարցերով զբաղվում է լրատվականը։ Իսկ Տիգրան Բալայանը, սովորույթի ուժով, կրկնեց հին, հայտնի մեկնաբանությունը՝ դեսպանների նշանակման վերաբերյալ տեղեկությունները ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում, մինչև չլինի նախագահի հրամանագիր»։
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքում սկսել են գրաքննության ենթարկել ֆրակցիայի ցանկացած պատգամավորի հրապարակային խոսքը, հայտարարությունը: Խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը բոլորին հրահանգել է հնարավորինս քչախոս դառնալ կամ շատ չերևալ ասպարեզում, քանի որ կուսակցության ասելիքը կասի Իվետա Տոնոյանը կամ էլ նրա ցուցումով ու համաձայնությամբ՝ այլ անձ: Հատկանշական է, որ հոկտեմբերի 10-ին ԱԺ-ում բրիֆինգներին երեք տասնյակից ավելի անդամ ունեցող խմբակցությունից որևէ մեկը չէր ներկայացել՝ Իվետա Տոնոյանը Հայաստանում չէր, նրան փոխարինող էլ չէին գտել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանուն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ գլուխներ կտրելու և բռնաբարելու ցանկություն հայտնած ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքից ոչ մի տեղեկություն չունի, բայց կանանց ծեծի հետ կապված՝ դեմ չէ, ավելին՝ գնդակահարելն էլ սխալ չի համարում, եթե կինը դավաճանել է:
– Պարոն Մովսիսյան, ինչպե՞ս եք վերաբերվում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքին:
– Էդ ի՞նչ օրենք ա, տեղյակ չեմ:
– Դե, որ ամուսինը կնոջը, երեխային չծեծի, ծեծը կանխարգելվի, նման խորհուրդ ստեղծվի և այլն:
– Էրեխուն ո՞նց կարելի ա ծեծել:
– Դեմ եք, այսինքն, ծեծին:
– Ես տենց բան չասեցի, ես ասում եմ՝ էրեխուն ո՞նց կարելի ա ծեծել:
– Իսկ կնո՞ջը:
– Կնոջը, իհարկե, Աստված չանի, մի դեպքում՝ եթե դավաճանել ա: Կարելի ա գնդակահարել, թե չէ՝ ծեծել չի կարելի»:
«168 ժամ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանի Իրան կատարած այցի ընթացքում քննարկված թեմաները գրեթե նույնն էին, ինչ վերջին նախագահական եւ վարչապետական այցերի ընթացքում: Կողմերը դեռ փորձում են իրագործել այն բազան, որը սկսել են Իրանի՝ պատժամիջոցներից ձերբազատվելուց հետո:
Ամենալուրջ ծրագիրը գազի փոխանակման ծրագիրն է, ազատ առեւտրի գոտիները եւ «Հյուսիս-Հարավ» ծրագիրը: Պատժամիջոցների վերացումից հետո հայ-իրանական հարաբերությունների քաղաքական եւ տնտեսական օրակարգն ընդլայնվել է, սակայն սա եւս չի համապատասխանում այդ հարաբերությունների ողջ ներուժին, քանի որ պատժամիջոցները վերջնականապես չեն լքել Իրանը, ավելին, ԱՄՆ նոր նախագահը Իրանին սպառնում է նոր պատժամիջոցներով»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին է ասել իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Իրան կատարած երկօրյա պաշտոնական այցին:
Իր հերթին՝ մեկ այլ իրանցի վերլուծաբան՝ Ալի Սալամին, նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված չէ հայ-իրանական շատ ավելի խորը հարաբերություններով, որը ձգվում է Պարսից ծոցից մինչեւ Սեւ ծով: Ըստ նրա, կան արտաքին խոչընդոտներ՝ ի դեմս Ռուսաստանի եւ Հայաստանի ԵՏՄ անդամակցության:
Նրա խոսքով՝ իրանցիները եւս ունեն իրենց դերակատարությունն այս հարցում: Ըստ նրա՝ քանի դեռ Իրանը եւ Հայաստանն ազատ չեն իրենց արտաքին հարաբերություններում, այս հարաբերությունների մեծ բացը պահպանվելու է»: