Թեհրանը հրապարակել է զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում զոհվածների անունները
Լուսանկարը` ՌԲԿ
Իրանի նախագահի գրասենյակը հրապարակել է դեկտեմբերի վերջին երկրում բռնկված զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում զոհվածների առաջին պաշտոնական ցուցակը։
Պետության ղեկավարի հանձնարարությամբ հանրայնացված փաստաթղթում ներառված են 2985 անձի տվյալներ, սակայն իշխանությունների այս քայլը չի փարատել միջազգային հանրության կասկածները իրական կորուստների վերաբերյալ. արևմտյան լրատվամիջոցները, հղում անելով իշխանական կուլիսներում իրենց աղբյուրներին, հայտնում են պաշտոնական թվերը տասնապատիկ գերազանցող զոհերի մասին։
Ըստ Թեհրանի պաշտոնական հաղորդագրության՝ անկարգությունների զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3117 մարդ, որոնցից 2427-ը՝ խաղաղ բնակիչներ և ուժայիններ, իսկ 690-ը՝ իշխանությունների կողմից «ահաբեկիչ» որակված անձինք։ Դատաբժշկական փորձաքննության տվյալների վրա հիմնված 2985 անունից բաղկացած ցուցակը դեռևս ամբողջական չէ։
Նախագահի աշխատակազմից պարզաբանել են, որ 131 հոգու տվյալների բացակայությունը պայմանավորված է նույնականացման տեխնիկական խնդիրներով և ազգային գրանցման համակարգում անհամապատասխանություններով։ Իշխանությունները խոստացել են լրացուցիչ ցուցակը ներկայացնել տվյալների ճշգրտումից անմիջապես հետո՝ շեշտելով, որ «այս դառը իրադարձությունների զոհերը պարզապես թվեր չեն», և նախագահը իրեն համարում է նրանց իրավունքների պաշտպանը։
Գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով առաջիկա 48 ժամվա ընթացքում կգործարկվի հատուկ համակարգ, որը հնարավորություն կտա ստուգել տեղեկատվությունը և դիմումներ ներկայացնել առանց վարչարարական բարդությունների։ Այնուամենայնիվ, Իսլամական Հանրապետության պաշտոնական վիճակագրությունը կտրուկ հակասում է միջազգային մամուլի տվյալներին։
Հիշեցնենք, որ տնտեսական ծանր վիճակի պատճառով սկսված հուզումները արժանացել էին միջազգային կոշտ արձագանքի։ Վաշինգտոնը մեղադրել էր Թեհրանին դաժանության մեջ, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր հարվածներ հասցնել ճնշումների շարունակման դեպքում, թեև ավելի ուշ՝ հունվարի 14-ին, հայտարարեց ցուցարարների սպանությունների դադարեցման մասին։ Իրանական կողմը ցույցերի կազմակերպման մեջ ավանդաբար մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ պնդելով, որ իրավիճակը երկրում արդեն կայունացել է։