Հայաստանը պատրաստվում է ընդունել Գազայի երեխաներին՝ բուժում կազմակերպելու նպատակով
Լուսանկարը` news.un.org
Հայաստանի կառավարությունը նախաձեռնում է մարդասիրական նոր ծրագիր՝ ուղղված Մերձավոր Արևելքում հակամարտությունից տուժածներին աջակցելուն։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած քննարկումների ժամանակ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը հայտարարել է, որ Երևանն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համատեղ աշխատանքներ է տանում Գազայից տասնյակ երեխաների Հայաստանի բուժհաստատություններում տեղավորելու և անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու ուղղությամբ։
Այս քայլը վերահաստատում է Հայաստանի պատրաստակամությունը՝ գործնական ներդրում ունենալ հետհակամարտային վերականգնման և մարդասիրական ճգնաժամերի հաղթահարման գործում։
Հայաստանի ներկայացուցիչն ընդգծել է, որ տարածաշրջանային կայունությունը բխում է Հայաստանի շահերից՝ հաշվի առնելով աշխարհագրական մերձավորությունը և արաբական երկրների հետ պատմական բարեկամական հարաբերություններն ու հայկական համայնքների առկայությունը։ Երևանը ողջունել է ՄԱԿ-ի ԱԽ 2803 բանաձևի ընդունումը և վերահաստատել իր հանձնառությունը Խաղաղության խորհրդի սկզբունքներին։
Բացի այդ, շեշտվել է հայ խաղաղապահների դերը Լիբանանում իրականացվող առաքելությունում և Հայաստանի հետևողական աջակցությունը Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչը կարևորվում է Մերձավոր Արևելքում տևական խաղաղության հաստատման համատեքստում։