Չմոռանանք նաև մայիսը. Քաղաքական ուժերը նոր ընտրություններից առաջ time out են վերցրել

Հայաստանի քաղաքական ուժերը` և’ նրանք, որ երկու օր առաջ մասնակցեցին խորհրդարանական ընտրություններին, և’ արտախորհրդարանական ուժերը դեռևս չեն շտապում բացել խաղաքարտերն ու խոսել մյուս ընտրություններից, որոնք արդեն մեկ ամսից կայանալու են:

Խոսքը Երևանի ավագանու ընտրությունների մասին է, որը ոչ պակաս կարևորություն է ներկայացնում հայաստանյան քաղաքական դաշտի համար: Ի վերջո, սահմանադրական փոփոխություններից հետո և Հայաստանի խորհրդարանական կառավարման մոդելին անցնելուց հետո Երևանի ավագանու ընտրություններն իրենց նշանակությամբ ու կարևորությամբ այսուհետ երկրորդ համապետական ընտրություններն են: Այնպես որ լռությունը, որ ուժերը պահպանում են այս առումով, ընդամենը թվացյալ անտարբերության վկայություն է և առաջիկա երկու օրերին առաջին մասնակից-ծիծեռնակները հայտնի կդառնան:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 14-ին, մարտի 30-ից մինչև ապրիլի 9-ը մասնակցելու հայտ ներկայացրած ուժերը պետք է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Այս պահի դրությամբ որևէ կուսակցություն կամ դաշինք դա չի արել: Իհարկե, որոշակիորեն նման անտարբերությունը հասկանալի է` խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց հետո ուժերը իմի են բերում իրենց ողջ ռեսուրսն ու արսենալը. նույն Հանրապետականը, որին այսօր պատկանում է Երևանի ավագանու մեծամասնությունը, որոշում, թե ցուցակից ո՞վ է մանդատ ստանալու, ո՞վ է գնալու գործադիր: Նույն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով, ըստ շրջանառվող լուրերի, ամենայն հավանականությամբ այս անգամ էլ կգլխավորի ՀՀԿ ցուցակը, խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ցուցակի առաջին եռյակում էր, և այս պահի դրությամբ պարզ չէ` նա կլինի ԱԺ-ում, գործադիրում, թե՞ դարձյալ կհավակնի Երևանի քաղաքապետի պաշտոնին:


Ի դեպ, խոսակցություններ են շրջանառվում, որ Տարոն Մարգարյանին կարող են փոխարինել Գագիկ Բեգլարյանով, ով նախկինում Երևանի քաղաքապետ եղել է, քանզի վերջինս այս խորհրդարանական ընտրություններում "լավ է աշխատել"` նրա եղբայր Հակոբ Բեգլարյանը Կենտրոն համայնքում հաղթանակ է տարել և կուսակցությանը զգալի ձայներ ապահովել: Բացի այդ, Գագիկ Բեգլարյանը Կարեն Կարապետյանի ՀՀ վարչապետ դառնալուց հետո մնաց անպաշտոն, բայց կուսակցությունում շարունակում է լավ դիրքերում մնալ, հետևաբար նրա զբաղվածության հարցը կուսակցության ղեկավարության օրակարգում է:

Մնացած ուժերն էլ, հավանաբար, սպասողական վիճակում են` հասկանալու, թե ինչ մրցակցության մասին է խոսքը և առհասարակ` արժե մտնել այս ընտրապայքարի մեջ, թե ոչ: Ի վերջո, խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության արձանագրած արդյունքները կարող են շատերին ստիպել վերանայել որոշումը, եթե նախկինում այդպիսին եղել է մասնակցության վերաբերյալ: Եվ առաջիկա հինգ օրերը հենց նման հարցերին պատասխաններ տալու համար են:

Սպասելի է, որ Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, թեև ցուցակի առաջնորդի` Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուի մասով դեռ հստակ հայտարարություն չի արվել: Խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ համախմբվում էին տարբեր քաղաքական ուժեր` «Ծառուկյան» դաշինքով մասնակցելու համար, համապետական ցուցակում կանխատեսվում էր նաև «Միասնություն» շարժման առաջնորդ Արման Վարդանյանի մասնակցությունը: Սակայն հուշագիր այդպես էլ չկնքվեց: Արման Վարդանյանը ժամանակին եղել է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար, և մամուլը դա հիշելով` կանխատեսում արեց, որ հենց Վարդանյանը կլինի ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն: Սակայն խոսակցություններ կան, որ կուսակցության ներսում բոլորը չէ, որ համաձայն են իրավիճակի նման զարգացման հետ և հարցը դեռ քննարկման փուլում է:

Խորհրդարանական ընտրություններում «Ելք» դաշինքի հաջողությունը վստահաբար ենթադրել է տալիս, որ Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի նաև այս դաշինքը: Մամուլն, ի դեպ, այսօր արդեն ենթադրել էր, որ դաշինքի քաղաքապետի թեկնածուն կարող է լինել Նիկոլ Փաշինյանը, որն այս պահին նոր ԱԺ կազմում մանդատ ստացողներից մեկն է:

Նշենք, որ 2013 թվականի մայիսի 12-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ավագանիում ունի 42 անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 17 անդամ, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը՝ 6 անդամ:


Լիա Խոջոյան

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...