Հայկական ընտրություններ. Ինչո՞ւ տապալվեցին "զիջողներն" ու արևմտամետները

Հայաստանում առաջին անգամ համապետական ընտրություններից հետո քաղաքական ուժերը, թեպետ քննադատում են քվեարկության արդյունքները եւ թույլ տրված ընտրական իրավունքի խախտումները, սակայն զերծ են մնում հետընտրական զարգացումներ, այն է՝ բողոքի մասսայական ակցիաներ նախաձեռնելուց: Անկախ Հայաստանի քաղաքական պատմության մեջ առաջին անգամ ընտրությունների արդյունքներից ավելի շատ բողոքում են դիտորդական առաքելությունները, քան քաղաքական ուժերը:


Բացի իշխող Հանրապետական եւ վերջինիս կոալիցիոն գործընկեր «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություններից, մնացած բոլոր խորհրդարան անցած եւ չանցած դաշինքներն ու քաղաքական ուժերը վերապահումներով են խոսում ընտրությունների արդյունքների մասին: Միեւնույն ժամանակ ընտրությունների արդյուքնները որոշ վերապահումներով փաստացի ընդունում են բոլորը, այդ թվում խորհրդարան անցած եւ այս պահին ընդդիմադիր դիրքերից հանդես եկող երկու ուժերը՝ «ԵԼՔ» եւ «Ծառուկյան» դաշինքները:


Ընտրապայքարին խիստ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող եւ Հայաստանի եվրոպական վեկտորի զարգացման հիմնական ջատագով ուժերից «ԵԼՔ» դաշինքը պաշտոնապես ընդունել է ընտրությունների արդյունքները: «Կարելի է հաջողություն գրանցել այն 120 հազար և ավելի քաղաքացիների համար, ովքեր իրենց ազատ կամքով՝ առանց վախենալու, առանց մի գրամ անգամ կասկածելու, գնացել ու քվեարկել են «ԵԼՔ» դաշինքի օգտին», - ասել է դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ իրենք ընդունում են ընտրությունների արդյունքները, իսկ դաշինքի օգտին տրված յուրաքանչյուր ձայն տեղ է հասել:


«Մենք ընտրությունները չընդունելու բան չունենք, մենք այդ 120 հազար մարդկանց ներկայացուցիչն ենք 6-րդ գումարման Ազգային ժողովում», - ասել է նա՝ հավելելով, որ իրենք լցոնումներ, կրկնաքվեարկության դեպքեր չեն արձանագրել։ «Մենք արձանագրել ենք միայն ընտրակաշառքի դեպքերը, որը որ համատարած ասվել է, ահազանգել ենք, արձանագրել ենք որոշակի տեխնիկական խախտումներ», - ասաց նա։


Միեւնույն ժամանակ հատկանշական է երկու կարեւոր հանգամանք, որ խորհրդարան անցած ուժերի ծանրակշիռ մեծամասնությունը միանշանակ կողմ է արտահայտվում Հայաստանի եվրասիական ինտեգրացիային: Խորհրդարանական ուժերի ներկապնակում գերիշխում է «եվրասիական քաղաքական երանգը»: Որոշակի բացառություն է կազմում «ԵԼՔ» դաշինքը, թեպետ արտաքին կողմնորոշման հարցում այս քաղաքական դաշինքում միանշանակ ընկալումներ չկան:


Դաշինքի որոշ անդամներ շեշտը դնում են Եվրամիության հետ կապերի ամրապնդման վրա՝ անգամ կարեւորելով ԵԱՏՄ-ից դուրս գալու հանգամանքը: Մյուս կողմից, սակայն դաշինքի լիդերներն այս հարցին տալիս են ոչ հստակ, հերթապահ եւ չեզոք պատասխան. «Մենք ցանկանում ենք կառուցել եվրոպական տիպի պետություն»: Փաստացի այն հրապարակայնորեն չի դնում Հայաստանի եվրասիական ուղենիշի վերանայման հարցը: Իսկ ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից միանշանակ դուրս գալու մասին հստակ հայտարարող քաղաքական ուժը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը չստացավ անգամ ընտողների ձայների 1%-ը: Նրանք անգամ չեն հաղթահարել սոցիոլոգիական հարցումների թույլատրելի 1-3 տոկոս սխալի սահմանը:


Այս առումով ճիշտ է նշում ռուսաստանցի Ռոստիսլավ Իշենկոն, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն անդրադառնա ՀՀ–ի արտաքին քաղաքականության վրա։ «Գրեթե բոլոր կուսակցությունները, որոնք մասնակցում էին այս ընտրապայքարին` բացառությամբ «Ելք»-ի ու «Ազատ դեմոկրատների», որոնք կողմ էին Արևմուտքի հետ հարաբերությունների սերտացմանը, հանդես էին գալիս ՌԴ–ի հետ հարաբերությունների հետագա խորացման օգտին։ Ցանկացած պարագայում խորհրդարանում ներկայացված են լինելու այն ուժերը, որոնք կողմ են ՌԴ–ի հետ հարաբերությունների սերտացմանը», - նշում է նա՝ հավելելով, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ուժերի նման դասավորվածությունը բխում է նաեւ անվտանգության երաշխավորումից։


«ՌԴ–ն հանդիսանում է ՀՀ-ի անվտանգության իրական երաշխավորը։ Գյումրիում 102–րդ ռազմաբազայի առկայությունը ՀՀ-ի վրա ցանկացած հարձակում դարձնում է պոտենցիալ ագրեսորին մահապարտ։ Բացի այդ, տնտեսական բլոկադայից ՀՀ–ը դուրս բերելու առումով ՌԴ–ը միակ «պատուհաններից» է», - նշում է նա:


Անվտանգության մարտահրավերների համատեքստում, որոնք խիստ փոխկապակցված են արտաքին գործոնների հետ, հետաքրքրական էր նաեւ այն հանգամանքը, որ ընտրություններին «Խաղաղության ծրագրով» հանդես եկող ընդդիմադիր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը հավաքեց ընդամենը 26 հազար ձայն եւ զրկվեց խորհրդարան մտնելու հնարավորությունից: Այն փաստացի առաջարկում էր փոխզիջումների հիման վրա շուտափույթ լուծել ԼՂ հակամարտությունը: Այս ուժի առաջ քաշած լուծման բանաձեւը հետեւյալն էր՝ «տարածքներ ԼՂ միջանկյալ կարգավիճակի կամ որ նույնն է՝ խաղաղության (իսկ ավելի ստույգ՝ չկրակելու) դիմաց»:


«Փորձագետները դեռ պետք է պարզեն, թե ՀԱԿ-ի ձախողման հարցում ինչ դերակատարում ունեցավ վերջինիս առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հռետորաբանությունը: Սակայն պարզ է, որ ԼՂ հակամարտության գոտում անցյալ տարվա ապիլյան շեշտակի սրացումներից հետո զիջումների վերաբերյալ յուրաքանչյուր կոչ հանրության շրջանում մտահոգություն կառաջացներ», - նշում է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:


Նրա հետ գրեթե համակարծիք է գերմանացի փորձագետ Ալեքսանդր Ռառը, ում կարծիքով «խաղաղության կուսակցության»` «Կոնգրես–ՀԺԿ» դաշինքի պարտությունն օրինաչափ էր։ Տեր–Պետրոսյանը գլխավորում է ձախ հայացքների լիբերալ կուսակցություն: Անգամ Եվրոպայում ձախերի դիրքերն բավականին թույլ են։ Մյուս կողմից Հայաստանը մեկուսացման մեջ է, մեծանում է ռազմական հակամարտության հավանականությունը, իսկ այս ֆոնին անվտանգության վրա շեշտադրում կատարող իշխող ՀՀԿ–ի հաղթանակն օրինաչափ է», - նշում է նա։


Այս տեսանկյունց, նշում են փորձագետները, Հայատանում ապրիլի 2-ին անցկացված ընտրությունները երկրի արտաքին քաղաքական վեկտորի վերանայման եւ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում «տարածքներ միջանկյալ կարգավիճակի դիմաց» բանաձեւի վերաբերյալ յուրահատուկ հանրաքվե էր: Իսկ հանրաքվեում հստակ արեւմտամետ եւ ԼՂ հարցում փոխզիջումների միանշանակ կողմնակից ուժերը տապալվեցին:


Արշալույս Մղդեսյան

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...