25.11.2024
Սերժ Սարգսյանը մեկնել է Մալթա
prev Նախորդ նորություն

Շարմազանովը` Տեր-Պետրոսյանին. ՀՀ-ն ԼՂ հարցում միակողմանի զիջումների չի գնալու

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցները և դրանցում բարձրաձայնված թեզերը լուրջ ալիք են բարձրացրել ներքաղաքական դաշտում:


ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով` իր համար առնվազն տարօրինակ է այն քաղաքական գործիչների պահվածքը, ովքեր 2008թ. ծափահարում էին Տեր-Պետրոսյանին՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում նրա դիրքորոշման համար, իսկ այսօր քննադատում են: Մինչդեռ Տեր-Պետրոսյանն այս հարցի վերաբերյալ 2008թ. նույն բանն էր ասում:


«Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքը 90-ականներից հետո չի փոխվել:  Բայց նա իր կարծիքն ունի, մենք` մերը: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միակողմանի զիջումների չի գնալու, սակայն առանց փոխզիջումների հարցի լուծումն անհնար է: Մենք հնարավոր ենք համարում բանակցությունների արդյունքում երեք հայտնի սկզբունքների հիման վրա արժանապատիվ խաղաղության հասնելը` հիմք ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած բանակցային փաստաթղթերը: Խնդիրը պետք է կարգավորվի փոխզիջումների միջոցով, սակայն դրա մասին պետք է խոսել այն ժամանակ, երբ Ադրբեջանը պատրաստ կլինի գնալ դրանց»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շարմազանովը` շեշտելով, որ ՀՀ իշխանությունների կարծիքը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հստակ է ու չի փոխվել:


«Արցախի ժողովուրդն է որոշելու իր ճակատագիրը, և մենք այս հարցում սատարելու ենք Արցախի քաղաքացիներին: Այս հարցում հետքայլ հնարավոր չէ: Բացի այդ, մենք սատարել և սատարելու ենք Մինսկի խմբի համանախագահության ջանքերին, որոնք միտված են հակամարտության խաղաղ կարգավորմանը` երեք հայտնի սկզբունքների հիման վրա: Հայկական կողմը շարունակելու է ամրացնելու առաջնագիծը, հզորացնել  անվտանգությունը, բայց նաև քայլեր ենք ձեռնարկելու, որպեսզի Արցախը վերադառնա բանակցային սեղան, քանզի առանց Արցախի մասնակցության անհնար է հարցի լուծումը: Սա է մեր հստակ դիրքորոշումը»,- հայտարարեց նա: 


Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին` Էդուարդ Շարմազանովի խոսքով`  ՀՀ-ն պատրաստ էր ստորագրել այդ փաստաթուղթը, սակայն Ադրբեջանը մերժել է, քանզի իրեն դա ձեռնտու չէ:


«Մադրիդյան և կազանյան փաստաթղթերը մեր երազանքի փաստաթղթերը չեն, բայց դրանք հիմք են հասնելու մեր նպատակներին: Իսկ մեր նպատակն է հասնել հայ ժողովրդի 1988 թվականի արդար դատի իրականացմանը»,- հավելել է բանախոսը: