25.11.2024
Շարմազանովը` Տեր-Պետրոսյանին. ՀՀ-ն ԼՂ հարցում միակողմանի զիջումների չի գնալու
prev Նախորդ նորություն

Դեսպան. Ֆրանսիան պատրաստակամ է հյուրընկալել Սարգսյան-Ալիև հանդիպումը

Մինսկի խումբն առավելագույն ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերականգնելու համար: Համանախագահող երեք երկրներից մեկի՝ Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հայտարարել է, որ ռուս, ամերիկացի և ֆրանսիացի եռանախագահներն այս օրերին հենց այդ առաքելությամբ են հանդիպումներ անցկացնում Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում:


«Այսօր նրանք արդեն Ստեփանակերտում են, ուստի գաղափարն է՝ առավելագույնս ջանքեր գործադրել, որպեսզի նորից վերսկսվի ուղղակի երկխոսությունը։ Իսկ Ֆրանսիան միշտ ասել է, նաև Հայաստանի նախագահի՝ մարտի 8-ին այցի առիթով Ֆրանսիայի նախագահը վերահաստատեց իր կարծիքը, որ եթե հասնի այդ պահը, Ֆրանսիան պատրաստակամ է նորից հյուրընկալել նմանատիպ հանդիպում», - նշեց Շարպանտիեն, հայտնում է «Ազատության» ռադիոկայանը:


Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն ասում է՝ ստատուս քվոյի պահպանմամբ խաղաղություն չի հաստատվի՝ միաժամանակ շեշտելով, որ այս փուլում առաջնային է վստահության մեխանիզմների ներդրումը․ - «Անհրաժեշտություն է վստահության մեխանիզմների ներդրումը, որովհետև հնարավոր չէ ենթադրել բանակցային գործընթաց՝ առողջ և արդյունավետ, առանց որոշակի վստահության մեխանիզմների ներդրման։ Ի դեպ, այս հարցի առնչությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել թե՛ Վիեննայում, թե՛ Սանկտ-Պետերբուրգում, և հաստատվել է այս դրույթը»:


Անդրադառնալով առաջիկա կիրակի Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին՝ դեսպան Շարպանտիեն հայտարարեց, որ ընտրական բարեփոխումները ֆինանսավորած Եվրամիության համար այս քվեարկությունը խիստ մեծ կարևորություն ունի․ «Հիմնարար է, որ ընտրողները վստահ լինեն և կարողանան գնալ քվեարկելու այնպես, ինչպես իրենց խիղճը, գիտակցումը կթելադրի, և դրա համար Եվրամիությունը որոշեց այսպիսի մի կարևոր մասնակցություն ցուցաբերել՝ 7 միլիոն եվրո, դա նշանակալի գումար է, որպեսզի ներդրվեն վստահության այնպիսի մեխանիզմներ՝ տեսախցիկներ, ինքնությունը պարզող սարքավորումներ, որպեսզի բացառվեն ճնշումները ընտրողների վրա, որպեսզի ընտրողը հնարավորինս ազատ կարողանա ընտրել իր թեկնածուին»:


Ֆրանսիացի դիվանագետը կարճ պատասխանեց հարցին, թե կունենա արդյոք ընտրությունների որակը ազդեցություն Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվելիք փաստաթղթի վրա․ «Մենք ավելի հակված ենք վստահության տարբերակին»:


Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն կարծում է՝ Հայաստան- Եվրամիություն արդեն նախաստորագրված համաձայնագիրը հավակնոտ է՝ թեև այնտեղ չկա տնտեսական բաղադրիչը, քանի որ Երևանն անդամակցում է այլ դաշինքի՝ Եվրասիական տնտեսական միությանը․ - «Բնականաբար, համաձայնագիրը չունի դրույթներ ո՛չ ազատ գոտու, ո՛չ էլ հարկային ազատականացված ռեժիմի վերաբերյալ, բայց սա չի նշանակում, որ համաձայնագիրը, որը հույս ունեմ՝ շատ շուտով կստորագրվի, հավակնոտ չէ: Այն ընձեռում է համագործակցության լայն հնարավորություններ ամենատարբեր ուղղություններով»: