25.11.2024
Դեսպան. Ֆրանսիան պատրաստակամ է հյուրընկալել Սարգսյան-Ալիև հանդիպումը
prev Նախորդ նորություն

ԼՂ համակարտության հարցում Տեր-Պետրոսյանը սատարում է Սերժ Սարգսյանին

Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում ընդդիմադիր Կոնգրես-ՀԺԿ դաշինքը սատարում է Սերժ Սարգսյանին և Կառավարությանը, մարտի 29-ին հայտարարեց դաշինքի առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում՝ շեշտելով՝ այլ հարցերում իշխող կուսակցության հետ որևէ առնչություն բացառվում է:


«Այո՛, մենք սատարում ենք, բայց միայն այս հարցում: Ուրիշ ոչ մի հարցում մենք Հանրապետական կուսակցության հետ ճանապարհ գնալու մտադրություն չունենք, մենք հակոտնյա ենք, և երբեք խոսք չի կարող գնալ, որևէ մղձավանջային երազում անգամ, որ մենք նրանց հետ ինչ-որ պահի կարող է նույնիսկ կոալիցիա կազմենք․․․ այդպիսի բան չի լինի», - հայտարարեց Տեր-Պետրոսյանը, գրում է Ազատություն ռադիոկայանը:


Առաջին նախագահը հակադարձեց իր հասցնեին հնչող մեղադրանքներին, թե հող հանձնող է, ասաց՝ իր հրաժարականից հետո շարունակված բանակցություններում մշտապես եղել է Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձի հարցը, որին հայկական կողմը համաձայն է եղել, և հիմա էլ բանակցությունների սեղանին գտնվող Մադրիդյան փաստաթղթում կա տարածքների վերադարձի հարցը․ - «Ես եղա հող տվող, Քոչարյանը, Օսկանյանը, Սերժ Սարգսյանը կամ Արկադի Ղուկասյանը եղան հող չտվո՞ղ: Ահա այսպիսի խաբեբայություններով մոլորության մեջ են գցել մեր ժողովրդին: Լսեք՝ հիմա Սերժ Սարգսյանը չէ՝ ով կուզի գա, հիմա այս ընտրությունների արդյունքները ես չգիտեմ ինչպես կլինեն, ինչ իշխանություն կձևավորվի, ենթադրենք Ծառուկյանը կլինի, չգիտեմ՝ Վերածնունդը կլինի, Դաշնակցությունը կլինի՝ հենց կառավարություն ձևավորեցին հաջորդ օրը վազելու են իրենք ստորագրեն այս փաստաթուղթը: Վազելո՛վ: Ուրեմն այս հարցը թող սպեկուլյացիայի առարկա չսարքեն: 30 տարի ժողովրդին խաբել են, և բերել՝ երկիրը հասցրել են այս վիճակին: Դա ամենադավաճանական, ամենաազգակործան գործն է, որ կարող են անել այդ մարդիկ»:


Լևոն Տեր-Պետրոսյանը հերթով մեջբերեց ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ծրագրերը՝ ընդգծելով, որ որևէ մեկը չի առաջարկում ղարաբաղյան հարցի լուծման հստակ, իրատեսական ծրագիր, և կրկնեց՝ հենց Ղարաբաղի խնդրի լուծման հարցում ունեցած մոտեցումը պետք է այս ընտրություններում ժողովրդի համար կողմնորոշիչ լինի: Առաջին նախագահի խոսքով՝ մյուս ուժերը խուսափում են հարցին ուղիղ պատասխաններ տալուց, և տպավորություն ստեղծում, թե իրենք «հող տվող չեն»:


«Տղա եք՝ մի տվեք, բան չունեմ ասելու: Բայց այս ազգը մեղք է: Մեղք է՝ ի՞նչ եք տալու մեր ժողովրդին դրա դիմաց: Կարող ես տարածքը չտալ՝ մեր ժողովրդին տալու ես արյուն, իր որդիների մահը, տալու ես չքավորություն, թշվառություն, պանդխտություն: Վերջանալու է այս երկիրը: Այսինքն՝ ես եղա չուզողը, հա՞ այդ հողերի․․․ կամ որևէ նորմալ մարդ․․․ իհարկե՛, կուզեինք, բայց մենք պիտի հեքիաթներով պետությո՞ւն կառուցենք: Հեքիաթը դեռ մեղմ է՝ դա արկածախնդրություն է», - ընդգծեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջնորդը:


Ըստ Տեր-Պետրոսյանի՝ Հայաստանի առջև ծառացած խնդիրների հիմքում հենց Ղարաբաղի չլուծված հարցն է․ - «Այն լուծումը, որ մենք կարող ենք այսօր ստանալ Ադրբեջանի հետ համաձայնությամբ, վաղը կդառնա պարտադրված լուծում»: