VERELQ-ը զրուցել է Modex խորհրդատվական ընկերության ղեկավար Հայկազ Ֆանյանի հետ՝ Հայաստանի բանկային համակարգի 2024 թվականի աննախադեպ արդյունքների մասին:
Ըստ Modex-ի ուսումնասիրության՝ հայաստանյան բանկերի զուտ շահույթը 2024 թվականին կազմել է 912 միլիոն դոլար՝ 49%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Այս տպավորիչ արդյունքը հիմնականում պայմանավորված է ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված «ռազմավարական պատուհանով»: Մասնավորապես, շահույթի առյուծի բաժինն ապահովել է Արդշինբանկը՝ 300 միլիոն դոլարից ավելի զուտ շահույթով:
Ինչպես նշում է փորձագետը, վերջին տարիներին այս «ռազմավարական պատուհանից» ստացված օգուտների մեծ մասը չբաշխված շահույթի տեսքով համալրել է բանկերի սեփական կապիտալը: Սակայն դրա ազդեցությունը տնտեսության իրական հատվածի վրա դեռևս սահմանափակ է: Ըստ Ֆանյանի՝ այս կապիտալի արդյունավետ օգտագործման լավագույն մեխանիզմներից մեկը կարող է լինել պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) նախագծերում ներդրումները, ինչի համար անհրաժեշտ է փոփոխել ինչպես կարգավորումները, այնպես էլ մշակել գրավիչ ներդրումային ծրագրեր:
Լուսանկարում Modex խորհրդատվական ընկերության ղեկավար Հայկազ Ֆանյանն է
Հարց. 2024 թվականին Հայաստանի բանկերի զուտ շահույթը կազմել է 912 միլիոն դոլար, ինչը 49%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Անշուշտ, սա տպավորիչ արդյունք է: Խնդրում եմ նշել, որո՞նք են բանկերին նման մեծ եկամուտ ապահոված հիմնական գործոնները:
Պատասխան. Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմնական գործոնը շարունակում է մնալ ռուսական ազդեցությունը, հատկապես առաջատար բանկի պարագայում: Այսինքն` պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտությամբ ստեղծած «ռազմավարական պատուհանով»։ Ակնհայտ է, որ նման շահույթ հնարավոր է արձանագրել միայն ռուսական գործոնների ազդեցությամբ: Կարծում եմ, դա պայմանավորված է մեր բանկերի միջնորդական գործունեությամբ, որոնք սպասարկում են ինչպես ռուսական բանկերին՝ միջբանկային գործարքների միջոցով, այնպես էլ ռուսական խոշոր կազմակերպություններին: Իսկ նախորդ տարիների համեմատ աճը, կարծում եմ, պայմանավորված է իրավիճակային գործոններով: Այսինքն՝ 2024 թվականին մեր բանկերին հաջողվել է ավելի արդյունավետ գործունեություն ծավալել և մեծացնել իրենց շահույթը:
Հարց. Ինչո՞վ կբացատրեք այն հանգամանքը, որ չնայած շահույթի աճին, բանկերի շրջանառության ծավալների մեծացմանը և Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի պարբերաբար նվազեցմանը, բանկերը հակված չեն իջեցնել վարկերի տոկոսադրույքները, որոնք, հատկապես սպառողական վարկերի պարագայում, այս պահին շարունակում են մնալ 20%-ի շրջանակում:
Պատասխան. Սովորաբար վերաֆինանսավորման տոկոսադրույքի ազդեցությունը տնտեսության և բանկային համակարգի տոկոսադրույքների վրա դրսևորվում է որոշակի ժամանակային հետաձգմամբ: Թեև 2024 թվականին վերաֆինանսավորման տոկոսադրույքը զգալիորեն նվազել է, սակայն դրա ազդեցությունը վարկերի տոկոսադրույքների վրա պահանջում է մի քանի եռամսյակ: Օրինակ՝ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքի վերանայման համար սահմանված է որոշակի ժամանակահատված: Այսինքն՝ եթե վերաֆինանսավորման տոկոսադրույքը մեկ ամսվա ընթացքում չորս անգամ նվազի, դա չի նշանակում, որ հիփոթեքային վարկի փաստացի տոկոսադրույքը նույնպես անմիջապես կնվազի: Բացի այդ, փոփոխվում է նաև բանկերի վարկային պորտֆելի կառուցվածքը, ինչը նույնպես կարող է հանգեցնել տոկոսադրույքների բարձր մակարդակի պահպանման:
Հարց. Ուստի, ըստ Ձեզ, որքանո՞վ է հիմնավորված Կենտրոնական բանկի նախագահի այն պնդումը, որ վարկերի բարձր պահանջարկի պատճառով բանկերը շահագրգռված չեն իջեցնել վարկերի տոկոսադրույքները:
Պատասխան. Իրականում, եթե հաշվի առնենք, որ բանկերի մոտ առաջանում են մեծ ծավալով ֆինանսական միջոցներ, որոնք անհրաժեշտ է տեղաբաշխել, և որ բանկերն արձանագրում են մեծ շահույթներ, ապա բնական է, որ պետք է իրականացնեն որոշակի տեղաբաշխումներ: Իմ դիտարկմամբ, շուկայում առկա միտումները թույլ չեն տալիս հաստատել այդ տեսակետը: Այսինքն՝ բանկերի կողմից վարկերի տոկոսադրույքները չնվազեցնելը կամ դանդաղ նվազեցնելը պայմանավորված է ոչ միայն պահանջարկի բարձր մակարդակով: Խնդիրն այն է, որ առաջարկն էլ է աճում. բանկերի մոտ կուտակվում են զգալի ֆինանսական միջոցներ, որոնք անհրաժեշտ է տեղաբաշխել:
Հարց. Վերջին երկու ամիսներին Հայաստանում նկատվում է տնտեսական ակտիվության կտրուկ անկում, սակայն այն դեռևս չի արտացոլվում ֆինանսական և բանկային հատվածում: Արդյոք սա ժամանակային հետաձգման հետևա՞նք է, թե՞ բանկերն արտաքին գործոնների ազդեցությամբ այնքան են հեռացել տնտեսությունից, որ երկար ժամանակ կշարունակեն գործել այդ արտաքին գործոնների ներքո:
Պատասխան. Հարկ է նշել, որ բանկերը հանդիսանում են մեր տնտեսության բաղկացուցիչ մասը, և տնտեսական ակտիվության ցուցանիշի փոփոխությունը պայմանավորված է նաև բանկերի ընդհանուր գործունեությամբ: Ինչ վերաբերում է վերջին շրջանի, մասնավորապես նոյեմբերից սկսված անկմանը, ապա այստեղ գործել է բազային էֆեկտը: 2023 թվականի նոյեմբերին գրանցվեց ոսկու զգալի արտահանում, իսկ հետագայում վերանայվեցին 2023թ. դեկտեմբերի ցուցանիշը, 2023թ. համախառն ներքին արդյունքը, չորրորդ եռամսյակի և 2024թ. առաջին եռամսյակի ցուցանիշները: Սակայն նոյեմբերի ցուցանիշը չվերանայվեց, ինչի արդյունքում այս տարի արձանագրվեց անկում: Հատկապես ցայտուն էր նոյեմբերի ցածր տնտեսական ակտիվությունը՝ 1.2%, ինչը հիմնականում պայմանավորված էր բարձր բազային էֆեկտով:
Ինչպես նշեցի, հատկապես առաջատար Արդշինբանկի շահույթի մեծ մասը պայմանավորված է Հայաստանից դուրս ընթացող գործոններով, գործընթացներով և արտասահմանյան հաճախորդների սպասարկմամբ: Բնականաբար, բանկի գործունեությունն ազդում է նաև ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա: Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին որոշակի անկումից հետո կգրանցվի աճ, և ցուցանիշը կմնա տնտեսական աճի ցածր պոտենցիալի շրջակայքում կամ նույնիսկ ավելի ցածր:
Հարց. Ինչո՞վ կբացատրեք Արդշինբանկի ֆենոմենը: Ակնհայտ է, որ այն ամենախոշոր բանկն է, սակայն ինչո՞վ է պայմանավորված եկամուտների այդքան մեծ տարբերությունը մյուս խոշոր բանկերի համեմատ:
Պատասխան. Նախևառաջ՝ հնարավորություններով: Արդշինբանկը Հայաստանի այն եզակի բանկերից է, որն ունի անմիջական թղթակցային հաշիվներ ամերիկյան դոլարով՝ ԱՄՆ բանկերում: Շնորհիվ այս հանգամանքի, ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված ռազմավարական պատուհանից առաջացած ֆինանսական հոսքերը բանկը կարողանում է սպասարկել՝ հաշվի առնելով և գնահատելով որոշակի ռիսկեր: Դրանք բարձր մարժայով գործարքներ են, որոնցից էլ գոյանում են մեծ եկամուտները: Կարծում եմ՝ այս ռիսկերը վերահսկելի են Կենտրոնական բանկի կողմից:
Հարց. Պարոն Ֆանյան, արդեն երրորդ տարին է, ինչ ՀՀ բանկերում կուտակվում են մեծ գումարներ՝ նախորդ տարիների համեմատ: Դուք ակնկալո՞ւմ եք, որ սա կարող է որակական փոփոխություններ առաջացնել ՀՀ տնտեսությունում: Այս գումարները հոսո՞ւմ են ՀՀ տնտեսության իրական հատված, թե՞ ներդրվում են արտասահմանյան արժեթղթերում:
Պատասխան. Կարծում եմ՝ այս հարցում մեր տնտեսությունը ևս պետք է նախաձեռնողական լինի՝ ինչպես տնտեսության իրական հատվածը բանկերի հետ համագործակցության առումով, այնպես էլ պետական հատվածը, հատկապես պետական-մասնավոր գործընկերության շրջանակներում: Եթե մշակվեն որոշակի երկարաժամկետ շահութաբերություն ապահովող ներդրումային նախագծեր, և Կենտրոնական բանկը համապատասխան պրուդենցիալ նորմատիվներով (կապիտալի համարժեքության, արտարժույթի, ռիսկերի և այլն) կարգավորի դրանք, կարծում եմ՝ բանկերը կհետաքրքրվեն ՀՀ տնտեսության իրական հատվածում ներդրումներ կատարելու հնարավորություններով: Լավագույն մեխանիզմներից մեկը կարող է լինել պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) նախագծերում ներդրումները:
Ներկայումս մասնավոր ընկերություններին վարկեր տրամադրելը կամ լավագույն դեպքում պետական պարտատոմսեր ձեռք բերելը՝ որպես տնտեսության հետ կապ, խիստ սահմանափակ են, և մենք կորցնում ենք առկա հնարավորությունները: Եթե 2022 թվականին բանկերն ավելի զգուշավոր էին՝ կարծելով, որ ՌԴ-ից հոսող կապիտալը ժամանակավոր բնույթ է կրելու հայկական ֆինանսական հատվածում, ապա երեք տարի անց, երբ այդ կապիտալը շարունակում է հոսել և մեծ եկամուտ ապահովել հայաստանյան բանկերին, կարելի է մտածել երկարաժամկետ ֆինանսավորման մասին: Օրինակ՝ Արդշինբանկը 2024թ. արձանագրել է 300 միլիոն դոլարից ավելի զուտ շահույթ: Թեև դրա մի մասը սեփականատերերը բաշխելու են դիվիդենդների տեսքով, սակայն մեծ մասը մնալու է բանկում, բայց համապատասխան բիզնես ծրագրեր չկան ներդրումներ կատարելու համար: