28.11.2024
Գյումրիում հայտարարվեց իշխանազավթման նոր փուլի մեկնարկը
prev Նախորդ նորություն

Արփինե Սարգսյանը ՆԳՆ-ից հեռացրել է սորոսականների «գործակալին». ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակը» գրում է․ ՆԳ նախարար նշանակվելուց ուղիղ մեկ շաբաթ անց Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել է ներքին գործերի փոխնախարար, ՔՊ-ական Դավիթ Համբարյանին։ Մեզ պատմեցին, որ ոչ միայն ազատել է պաշտոնից, այլեւ հեռացրել է նախարարությունից։ Իսկ Դավիթ Համբարյանի մասին ՆԳՆ-ում ասում են, որ նա Վահե Ղազարյանի «տակ փորող» համար մեկ «գործակալն» էր, սորոսական շրջանակների ամենալուրջ հենարանը համակարգում: Բայց քանի որ նա խժդժություններ էր առաջացնում եւ բացահայտ հավակնում նախարարի պաշտոնին, նորանշանակ նախարարը նրան չհանդուրժեց։ Համբարյանի՝ նախարար դառնալու ձգտումներն այնքան նկատելի են եղել, որ անգամ ՆԳՆ-ում, որտեղ նման խարդավանքներ շատ են տեսել, այդ դրսեւորումներին վատ էին վերաբերվում: Ասում են՝ Համբարյանը շատ ծանր է տարել Արփինե Սարգսյանի նշանակումը, քանի որ հույսեր է ունեցել, որ հաջորդ նախարարն ինքն է լինելու, հատկապես, երբ խոսակցություններ կային, որ Փաշինյանը մտադիր է ՔՊ անդամի` յուրայինի նշանակել ՆԳ նախարար։


«Հրապարակը» գրում է․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքին արդեն մեկ շաբաթից ավելի դիմադրող Հովիկ Աղազարյանի աշխատասենյակի դուռը վերջին օրերին չի փակվում, ՔՊ-ական պատգամավորները, իրար հերթ չտալով, այցելում են իրենց գործընկերոջը: Ոմանք ծածուկ քաջալերում են, որ վճռական լինի ու մանդատը չդնի, ոմանք ահաբեկված խորհուրդ են տալիս՝ կրակի հետ չխաղալ եւ չդառնալ վարչապետի թշնամին։ «Ձեր աջակիցնե՞րն են ավելի շատ, թե՞ մանդատը վայր դնել հորդորողները»․ մեր հարցին ի պատասխան՝ Աղազարյանը կատակեց, թե չի հաշվել` առաջիկա օրերին կհաշվի, կասի։


Երեկ նկատեցինք, որ Սերգեյ Բագրատյանն ու Գագիկ Մելքոնյանն են տեւական ժամանակ փակվել Աղազարյանի կաբինետում: Այդ պատճառով նա անգամ ուշացավ տնտեսական հանձնաժողովի նիստից, իսկ Աղազարյանը հանձնաժողովի փոխնախագահն է։ Ի դեպ, պատգամավորներից մի քանիսն առանձին մոտեցան, խնդրեցին, որ իրենց աջակցության կամ այցերի մասին հանկարծ չգրենք։ Կասկած չկա, որ ուսապարկերի ֆրակցիայում անգամ ինքնապաշտպանական բնազդը չի գործում․ այսօր Աղազարյանին պաշտպանելով՝ նաեւ իրենք իրենց պաշտպանած կլինեին՝ չափերն անցած առաջնորդի հետագա կամայականություններից: Բայց ՔՊ-ականներն ուղղակի կենդանական վախ են զգում Նիկոլ Փաշինյանից, որն անձամբ անթիվ վախեր ունի: Այս անգամ թիրախում հայտնվեցին Զեյնալյանն ու Աղազարյանը, հաջորդիվ sms են ստանալու նրանք, որոնց սանրվածքը կամ հագուստն այդ պահին դուր չի գա Փաշինյանին։


«Հրապարակը» գրում է․ Իշխանական կուլիսներում այս օրերին բուռն քննարկում են ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի եւ վարչապետ Փաշինյանի խոսքի ու գործի հակասությունները։ Ժամանակին «սուպերլիդերությունը», «սուպերվարչապետությունը» եռանդով քննադատող Փաշինյանն այսօր մի քանի անգամ գերազանցել է բոլոր նախորդ սուպերլիդերներին ու սուպերվարչապետներին: Ժամանակին նա ասում էր. «Այդ համակարգում գործում են «սուպերլիդերներ», որոնք ոչ թե քննարկում են, այլ, ըստ էության, կայացնում են որոշումներ, իսկ մյուսներն այդ որոշումներին ենթարկվում են, եւ դրանով ամեն ինչ ավարտվում է»:


Իսկ իր հիմնադրած ուժի մասին ասում էր. «Այստեղ հավաքված են քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող մարդիկ, եւ այստեղ գտնվող մարդկանց հնարավոր չէ կառավարել, ինչպես ընդունված է ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում»: Մինչդեռ վերջին օրերի կադրային ջարդը, հատկապես ՔՊ-ական պաշտոնյաներին ու պատգամավորներին sms-ներով ազատելը, Փաշինյանն անգամ ՔՊ իր «նեղ կռուգի» հետ չի քննարկել: Եվ միայն Հովիկ Աղազարյանի դիմադրությունից ու մերժում ստանալուց հետո է հավաքել վարչությանը, որ խնդրի լուծմանը մասնակցեն նաեւ ուսապարկերն ու օգնեն, որ իր կամքը կատարվի: Ոհմակի պես, վախից ու ստորաքարշությունից ելնելով՝ կողմ քվեարկեն Աղազարյանին մանդատից զրկելու որոշմանը եւ հոգեբանական ճնշում գործադրեն, որ Աղազարյանը հասկանա` մենակ է մնացել պետական մամլիչի առաջ, ու նահանջի։


«Հրապարակը» գրում է․ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ՝ Էլինար Վարդանյանի գլխավորությամբ, խորհրդարանում ուրբաթ օրը արցախցիների հարցով քննարկում են անելու, որին կմասնակցեն Արցախի օրենսդիր, գործադիր մարմինների, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ: Փորձելու են բարձրաձայնել ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացի վերաբերյալ արցախցիների մտահոգություններն ու անվստահությունը։


Արցախից բռնի տեղահանվելուց հետո, ինչպես հայտնի է, շատ քիչ թվով քաղաքացիներ են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար` հիմնականում նրանք, ովքեր ցանկանում են բնակարանային ծրագրին մասնակցել կամ աշխատանքի տեղավորվել: Կարճ ասած՝ ճարահատյալ են դիմել, մոտ 4 հազար մարդ՝ 100 հազարից ավելի արցախցիներից: Ինչո՞ւ չեն ուզում ՀՀ քաղաքացիություն ստանալ, ի՞նչն է խանգարում դրան․ քննարկման ժամանակ փորձելու են վեր հանել այս բոլոր հարցերի պատասխանները։


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը վաճառել է իրեն պատկանող menu.am նախագիծը։ Այն ձեռք է բերել ռուսական Yandex ընկերությունը։ Երեկ մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ menu.am կայքն այլևս չի գործում, այլ առկա է միայն «Դեպի ռեստորաններ» «կոճակը», որը սեղմելուց հետո «տեղափոխվում» ես eats. yandex.com կայքէջ:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում լուրեր են պտտվում, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո ԲԴԽ հաջորդ անդամը, որը կլքի կառույցը, Երանուհի Թումանյանցն է։ «Ժողովուրդ» օրաթերթը անձամբ Երանուհի Թումանյանցին հարց ուղղեց՝ կգնա նա Կարեն Անդրեասյանի հետեւից, թե ոչ: Դատավորը լսեց հարցը, բազմանշանակ ժպտաց ու չպատասխանելով՝ հեռացավ: Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Կարեն Անդրեասյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ ու իր հետ ԲԴԽ բերեց իր մտերիմներին: Մասնավորապես՝ իր սանիկ դատավոր Քրիստինե Մկոյանին ու արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցին: Բանն այն է, որ Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցը համատեղ աշխատել են Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակում, որից հետո Երանուհի Թումանյանցն Անդրեասյանի հետ տեղափոխվել է «AM» իրավաբանական գրասենյակ, ապա արդարադատության նախարարություն, ներկայումս էլ ԲԴԽ-ում է: Եվ ահա, նոյեմբերի 18-ին Կարեն Անդրեասյանը հրաժարական տվեց՝ նշելով՝ «Գնում եմ առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության եւ այս թունավոր պաշտոնում` իբրեւ ամենաերկարը դիմացած»: Նրա հետեւից ԲԴԽ-ում դեռ «դիմանում» են հավատարիմ կադրերը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գտել է իր պաշտոնը պահելու ձեւը. ձգձգում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակումը, որն ամիսներ շարունակ հայտարարում է, թե պատրաստ է, բայց զեկույցն այդպես էլ չի հանրայնացվում։


Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանը դեռ սեպտեմբերին հայտարարել էր՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, եզրակացությունը պատրաստ է, արդեն հոկտեմբերին նամակով դիմելու է ԱԺ նախագահին՝ դռնփակ նիստ հրավիրելու համար, որի ժամանակ էլ կներկայացվի «մի քանի հարյուր էջից բաղկացած զեկույցը»: Իսկ նոյեմբերի 11-ին էլ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել էր՝ «Զեկույցը, որպես այդպիսին, պատրաստ է։ Շատ էջեր կան, միայն տեսաձայնագրությունները վերծանելը հսկայական աշխատանք է, որը նույնպես ավարտված է։ Հանրությունը դեռ տեղյակ չէ, թե զեկույցի որ մասը փակ կլինի, որ մասը կհրապարակվի, բայց Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում այն ամբողջությամբ կհրապարակվի»,- նշեց Քոչարյանը:


«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես տեղեկացավ, որ ԱԺ նախագահը մինչ օրս 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը քննարկելու օրակարգով ԱԺ փակ նիստ հրավիրելու դիմում չի ստացել Անդրանիկ Քոչարյանից. նա ձգձգում է եւ չի ուղարկում դիմումը: Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որ պարտավոր է ԱԺ բնականոն գործունեությունն ապահովել եւ բոլոր ժամկետները պահպանել, չի կարողանում Անդրանիկ Քոչարյանին բերել օրինականության դաշտ: Քոչարյանը «օրենքից վեր» է»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանից պատճառաբանում էին, թե Վրաստանն արգելում է ավտոմեքենաների ներկրումը, քանի որ դրանք տարվում են ՌԴ: Թեեւ իրականում՝ ՌԴ-ով Ղազախստան: Եվ հիմա պարզվում է՝ նույն գործարքն արվում է առանց Հայաստանի: «Sputnik Վրաստան»-ը գրում է, որ վերջին 10 ամիսների ընթացքում Վրաստանը Ղրղզստանին վաճառել է 1,5 միլիարդ դոլարի ապրանք, որից 50 միլիոն դոլարը եղել է մեքենաների վաճառք։ Գաղտնիք չէ, որ Հայաստանից մեքենաների ներկրումը և արտահանումը 2021-2023 թվականներին բում ապրեց, ապա աստիճանաբար նվազեցին արտահանման ծավալները, սակայն ավելացան քրեական գործերի քանակը։ Պաշտոնապես բացատրվեց, թե Վրաստանը սահմանափակումներ դրեց Հայաստանի առաջ, որոնք պատճառ դարձան մեքենաների արտահանման և ներմուծման բումի անկմանը։


Հավելենք նաև, որ Հայաստանից արտահանման բարձր մակարդակը պայմանավորված էր Հարկային օրենսգրքի բացով, ըստ որի՝ տնտեսվարողը կամ անհատը արտահանումից հետո պետությունից կարող էր ստանալ ԱԱՀ-ի վերադարձ։ Այս բացից օգտվողների մեծ մասն այժմ դատարանների առաջ է կանգնած՝ պետությանը խոշոր չափի դրամական վնաս պատճառելու հանգամանքով։ Մոտավոր հաշվարկներով՝ մարդկանց օրինական հասանելիք ԱԱՀ-ի հետվերադարձը 80 մլրդ էր, բայց քրգործերի արդյունքում հավաքել են 10 միլիարդը: Բացի սրանից՝ պետությունը հարյուրավոր միլիարդների վնաս կրեց:


Հայաստանում արտահանման և ներկրման ցուցանիշները նվազեցին հետևյալ կերպ։ Օրինակ՝ 2021 թվականի նկատմամբ 2022-ին աճել էին ներմուծման ծավալները: 2021 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ներմուծվել էր 4410 մեքենա, իսկ 2022-ին՝ 24 367, որը 5.5 անգամ գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը: 2019 թվականին պատկերն ուսումնասիրելիս նկատում ենք, որ 2021, 2022 թվականներին 2019 թվականի հետ համեմատ մեքենաների ներմուծման քանակը նվազել է։ 2019 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում, երբ ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի համար գործում էին արտոնյալ մաքսատուրքեր, Հայաստան ներմուծված ավտոմեքենաների ընդհանուր թիվը 33 577 էր։ Նույն ժամանակահատվածում ներմուծված ավտոմեքենաների մաքսային արժեքը կազմել է շուրջ 45,4 մլրդ դրամ, իսկ վճարված մաքսատուրքի արժեքը՝ 3,5 մլրդ դրամ։


«Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում Հայաստանի ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը 2024 թվականի գարնանը կանխատեսել էր, որ Հայաստանից ավտոմեքենաներ գնելը ռուսաստանցիների համար այլևս հետաքրքիր չի լինի, Հայաստանում էլ կնվազեն վաճառքի ծավալները։ Այդպես էլ եղավ, և վրացի իշխանությունների հետ երկօրյա խաշ-խորոված ուտող երիտիշխանավորները այդպես էլ չեն կարողանում լուծել հայ-վրացական հարաբերություններն այնպես, որ Վրաստանը նախընտրի ՀՀ-ի հետ մեծացնել առևտրաշրջանառությունը, այլ ոչ՝ Ղազախստանի, ինչպես պատահեց»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրու քաղաքապետի՝ ՔՊ-ի կողմից չեղարկված թեկնածու, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը թեեւ հրապարակեց իր կողմից հանձնված թմրանյութի թեստի արդյունքները՝ հայտարարելով, թե թմրամոլ չէ, բայց մասնագետները պնդում են, որ արյան եւ մազի միջոցով արված հետազոտությունները առավել հավատարժան են, քան մեզի թեստի տվյալները: Եվ այսպես, հաստատելով «Ժողովուրդ» օրաթերթի կողմից արված բացահայտումը՝ ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը հանրայնացրեց թմրանյութի թեստի իր արդյունքները: Նա, նոյեմբերի 12-ին կայացած ՔՊ վարչության նիստից հետո, մեզի թունաքիմիական հետազոտություն է անցել եւ հրապարակեց, որ 20 հետազոտություններից 1-ն է դրական եկել՝ բարբիտուարները, որոնք կան կատվախոտի թուրմի մեջ (валерьянка), կարվալոլի եւ այլն։


«Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» տնօրեն Սուրեն Նազինյանի հետ՝ հասկանալու՝ արդյոք միայն մեզի միջոցով արված հետազոտությունը արտացոլում է ողջ իրականությունը՝ մարդը թմրանյութ գտագործել է, թե ոչ: Մասնագետը «Ժողովուրդ» օրաթերթին բացատրեց, որ տարբեր թեստեր գոյություն ունեն. «Հերոինի դեպքում՝ մի թեստ, կոկաինի դեպքում՝ մեկ այլ թեստ, բարբիտուարների դեպքում՝ մեկ ուրիշը, բայց գոյություն ունեն ավելի առաջատար՝ ավելի ապացուցողական մեթոդներ, որոնք իրականացվում են ավելի լրջագույն միջոցներով։ Թեստեր կարող են բոլորը ձեռք բերել եւ հետազոտել։ Թեստերով հետազոտում են միայն մարդու մեզը։ Իսկ, օրինակ, քննչական մարմինները, նախաքննական մարմինները իրենց որոշումներով մեզ մոտ հետազոտությունների են նշանակում մարդկանց, որոնց կասկածում են թմրամիջոց օգտագործելու համար, եւ այդ դեպքում վաղեմության ժամկետի պատճառով մեզնից պահանջում են, օրինակ, մազի մեջ հայտնաբերել ինչ-որ բան», – «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասնեց Նազինյանը։ Հետաքրքրվեցինք՝ ո՞ր մեթոդի միջոցով է հնարավոր մարդու օրգանիզմում ճշգրտորեն հայտնաբերել թմրանյութի հետքեր, մեզի՞, մազի՞, թե՞ արյան միջոցով, ինչին ի պատասխան՝ Նազինյանը ասաց. «Արյան միջոցով հնարավոր է, բայց արյան միջոցով չի արվում։ Ինչո՞ւ, որովհետեւ մեզով կամ մազով հնարավոր է անել։ Արյունով ստուգելը հնացած է, բայց էլի արվում է, – ասաց Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը։


Այսինքն՝ քննչական մարմինները համարում են, որ ամեն դեպքում արյան եւ մազի միջոցով հնարավոր է առավել ճշգրիտ ստուգել՝ մարդն օգտագործե՞լ է թմրանյութ, թե՞ ոչ, քանի որ արյան, մազի մեջ թմրանյութը ավելի երկար է մնում, քան մեզի, որտեղից շուտ է մաքրվում: Այնպես որ, Կարեն Սարուխանյանը, թերեւս, պետք է կրկնի թմրանյութի հետազոտությունը»: