Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով կանոնակարգն ԱԺ-ում է
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն Ազգային ժողովում է, այն դեռևս օրակարգ չընդգրկված նախագծերի շարքում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին նախագիծը մինչև լիագումար նիստում քննարկվելը նախ պետք է քննարկվի գլխադասային հանձնաժողովում: Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը ստորագրվել էր 2024 թվականի օգոստոսի 30-ին:
Սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը քննարկել և հաստատել էր կանոնակարգը՝ այն ուղարկելով Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին կանոնակարգը Սահմանադրությանը համապատասխանող էր ճանաչել:
Նախագծի հիմնական զեկուցողը Մհեր Գրիգորյանն է: