VERELQ-ը հարցազրույց է անցկացրել արաբագետ և տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ՝ Մերձավոր Արևելքում ընթացող իրադարձությունների վերաբերյալ: Հարցազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և «Հեզբոլլահ» խմբավորման միջև սրվող հակամարտությունը, դրա հնարավոր հետևանքները տարածաշրջանի համար, ինչպես նաև Հայաստանի վրա ազդեցության հարցերը: Փորձագետը կիսվել է իր վերլուծությամբ՝ հնարավոր զարգացումների և դրանց ազդեցության վերաբերյալ:
Լուսանկարում արաբագետ և տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն է
Պարոն Պետրոսյան, Մերձավոր Արևելքում անկայուն իրավիճակն էլ ավելի է սրվում Լիբանանի վրա Իսրայելի հարվածների ֆոնին: Իսրայել-«Հեզբոլլահ» խմբավորման դիմակայությունը վերածվում է կոնկրետ պատերազմական գործողությունների: Կիսվեք մեզ հետ ձեր դիտարկումներով՝ արդյոք բանը կարող է հասնել Իսրայել-Լիբանան լայնածավալ պատերազմի:
Տեսեք, այնուամենայնիվ Իսրայելի գործողությունները և լարվածության հետագա ընթացքը պայմանավորված են հակառակորդ կողմի դիմադրության աստիճանից, ծավալից և կարողություններից: Այսինքն՝ եթե հակամարտությունը մնալու է Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև, ապա իրենք անհամադրելի հակառակորդներ են: Եվ բնականաբար Իսրայելը փորձելու է, ինչպես Գազայի հարվածում, այնպես էլ Լիբանանում «Հեզբոլլահից» բխող բոլոր սպառնալիքները չեզոքացնել: Ձեր ասած տարբերակը, այսինքն՝ տարածաշրջանային ավելի մեծ պատերազմի հավանականությունը, կարող է իրագործվել, եթե «Հեզբոլլահին» կոնկրետ և համակողմանի աջակցություն ցուցաբերվի:
Միայն «Հեզբոլլահի» ռեսուրսներով անհնար է, որպեսզի հնարավոր լինի կանգնեցնել Իսրայելին՝ մանավանդ երբ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակը բարենպաստ է: Այսինքն՝ նման թիրախային, փուլ առ փուլ գործողությունով Իսրայելը փորձում է մի կողմից հասկանալ, որքան է «Հեզբոլլահի» դիմադրության ներուժը, մյուս կողմից՝ թե ռազմական գործողությունների ինչպիսի հնարավոր ծավալում կարող է լինել՝ նոր դերակատարների ներգրավման տեսանկյունից: Այս պահին եղած իրավիճակի գնահատմամբ, և ասեմ ավելին, անցյալ տարվանից, երբ Գազայում պատերազմը սկսվեց, հազիվ թե գտնվի մի դերակատար, որ «Հեզբոլլահին» փորձի այնպիսի աջակցություն ցուցաբերել, որը լուրջ խնդիրներ առաջացնի Իսրայելի համար:
Միակ պոտենցիալ դերակատարը, որն ունի թե՛ գաղափարական, թե՛ ռազմավարական պատճառներ նման աջակցություն ցուցաբերելու համար, դա Իրանն է: Բայց միևնույն ժամանակ, գոնե այս պահին, Իրանի ռազմավարությունն այն է, որ չներգրավվի որևէ լայնամասշտաբ պատերազմի մեջ, քանի որ դա կարող է այդ իրանական վարչակարգի վերջի սկիզբը լինել: Ես այս ամբողջը գնահատելով՝ ամփոփենք, ապա այս պահին դժվար է կանխատեսել մեծ տարածաշրջանային պատերազմ, քանի որ, ամենայնիվ, չնայած իրավիճակը մաքսիմալ պայթունավտանգ է թվում, բայց կառավարելի է:
Այսինքն՝ անգամ Իրանն այս պահին դժվար թե լրջորեն ներգրավվի նոր ծավալվող հակամարտության մե՞ջ:
Իրանի ներգրավվածությունը կարող է լինել իր տարածքից Իսրայելը թիրախավորելը: Ուղիղ ներգրավվածության ուրիշ լավագույն եղանակ չկա: Իրանը չի կարող գնալ հասնել Լիբանան և այնտեղից պատերազմել Իսրայելի դեմ: Մանավանդ որ Իրանը դեռևս չի պատասխանել «Համաս» խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությանը, իսկ Թեհրանը վրեժ էր խոստանում: Ուստի այդ ամեն ինչը հաշվարկելով՝ Իսրայելը մեծացրեց Լիբանանի և «Հեզբոլլահ» խմբավորման դեմ գործողությունների ծավալը: Լիբանանի դեմ պատերազմի մասին խոսում են ընթացիկ տարվա ապրիլ-մայիսից, սակայն մեծ դերակատարները, հատկապես Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և ԵՄ-ն փորձում էին Իսրայելին հետ պահել դրանից: Բայց երբ եկան հասան ԱՄՆ-ում ընտրարշավի վերջին փուլին, ապա ԱՄՆ-ում անցումային վիճակ է, ուստի Իսրայելը փորձում է մինչև նոր վարչակարգի ձևավորումն առավելագույնը քաղել այս ժամանակային պատուհանից՝ առավելագույնս չեզոքացնելով «Հեզբոլլահից» եկող սպառնալիքը:
Երբ Մերձավոր Արևելքում սկսվում են պատերազմական գործողությունները, դրանք Հայաստանի համար բացի ուղիղ սպառնալիքներից, ստեղծում են նաև այլ տիպի մարտահրավերներ: Դա մենք տեսանք Սիրիայում պատերազմի օրինակով, երբ տասնյակ հազարավոր հայեր ստիպված տեղափոխվեցին Հայաստան: Լիբանանի դեպքում, որտեղ ևս մեծ հայկական համայնք կա, նույնպե՞ս պետք է սպասել հայերի նոր հոսքի Հայաստան:
Փորձը ցույց է տվել, որ սովորաբար եթե անգամ գալիս է փախստականների հոսք դեպի Հայաստան, ապա նրանք երկար այստեղ չեն մնում: Այսինքն՝ ժամանակավոր կացավայր է նրանց համար հանդիսանում, մինչև իրենք գտնում են կյանքի համար ավելի բարենպաստ տեղ՝ եվրոպական երկրներ, Կանադա և Պարսից Ծոցի արաբական երկրներ: Մյուս կողմից, չեմ կարծում, որ բանը դրան հասնի, քանի որ իմ կարծիքով, այն սահմանափակվելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների դեմ հարվածներով: Ուստի, եթե ոչ այս մի քանի շաբաթվա ընթացքում, բայց գոնե հունվար-փետրվարին այդ գործողությունները կարող են ավարտվել: ԱՄՆ-ում ընտրությունների ավարտից հետո, Վաշինգտոնը կփորձի ատամ ցույց տալ և ավելի կոշտ միջոցներով ազդել Իսրայելի վրա: Չնայած չեմ կարծում, որ պատերազմը Լիբանանում այդքան լայնամասշտաբ դառնա, սակայն եթե անգամ լինեն փախստականների հոսքեր, ապա նրանք ավելի շատ գնալու են Ծոցի երկրներ կամ եվրոպական երկրներ: Հատկապես Ֆրանսիա, որի հետ կա մշակութային նույնություններ, լեզվի իմացություն և այլն: Իհարկե, Հայաստան էլ կարող են գալ փախստականներ, հիմնականում հայեր, գուցե մինչև 10 հազարի հասնեն: Սակայն դա կլինի ոչ միանգամից, ինչպես եղավ Սիրիայի պարագայում՝ այնտեղի փախստականների հոսքը, որը հասավ 20 հազարի, երկու տարի գալիս էր:
Իսկ այս իրավիճակը Մերձավոր Արևելքում ինչ-որ նոր անվտանգային սպառնալիքներ Հայաստանի համար ստեղծու՞մ է:
Մերձավոր Արևելքում խորացող ապակայունությունը Հայաստանի համար ուղիղ սպառնալիքներ չի ստեղծում, բայց «Հեզբոլլահի» հնարավոր ջախջախումը նշանակում է Իրանի դիրքերի թուլացում: Սա Իրանի զգալի թուլացում է ենթադրում, ռազմավարական մեծ հարված Թեհրանի դիրքերին: Հատկապես վերջին տարիներին Հայաստանը դիտարկում է Իրանը որպես կայունացնող լուրջ գործոն Հարավային Կովկասում: Դա նշանակում է, որ մի մեծ աստիճանով այդ գործոնի ազդեցությունը թուլանում է: Իսկ դա շատ լավ հասկանում են նրա հակառակորդները, որոնք մինչ այդ զգուշանում էին Իրանից: Խոսքն այս պարագայում Թուրքիայի և Ադրբեջանի մասին է: Այդ երկրներն ավելի ազատ, համարձակ և հանդուգն կգործեն իրենց ծրագրերն իրականացնելու հարցում: